Ձերբակալված հայերին դաժան ծեծի են ենթարկել

24/04/2012

Մոսկվայի մերձակայքում գտնվող «Դարյա» խորովածանոցի ազգությամբ հայ սեփականատերերի հետ Ոստիկանության կոնֆլիկտը նոր զարգացումների փուլ է մտնում: Տուժածները հայտարարել են, որ ձերբակալվածներից մեկը ողնաշարի կոտրվածք ունի: 38-ամյա Արսեն Գասպարյանը ՆԳՆ-ի աշխատակիցների դեմ հայց է ներկայացրել քաղաքի դատախազությունում: Նրա խոսքով` ոստիկաններն առանց պատճառի հարձակվել են իր եւ իր ընկերների վրա, դաժան ծեծի ենթարկել իրենց` կոտրելով ձերբակալվածներից մեկի ողնաշարը: Տուժածի խոսքով` Ոստիկանություն են տարել 6 մարդու, մինչդեռ, ըստ ՆԳՆ-ի ԳՎ-ի պաշտոնական տվյալների, ձերբակալվել են ընդամենը 3-ը. «Երեքին, չգիտես ինչու, բաց են թողել: Սերժիկ Մելքոնյանը չէր կարողանում քայլել եւ ամբողջովին արյան մեջ էր, սակայն նրա համար այդպես էլ շտապօգնություն չկանչեցին, ինչքան էլ որ մենք խնդրեցինք: Մեզ սպառնում էին, որ այժմ մենք աշխարհին ենք նայելու ճաղերի հետեւից»,- ասել է նա:

Ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` ձերբակալությունից հետո Ոստիկանության «Կոմունարսկի» բաժին է եկել շուրջ 40-50 մարդ եւ պահանջել բաց թողնել իրենց ընկերներին: Արսեն Գասպարյանի խոսքով` իրեն աջակցելու եկած մարդիկ ավելի շատ են եղել. «Նրանք մոտ 100 հոգի էին: Ազատվելուց հետո մենք գնացինք բուժկետ: Մելքոնյանին ստիպված եղան տանել Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց` ողնաշարի եւ կողոսկրի կոտրվածքով, գլխի վնասվածքով եւ գլխուղեղի ցնցմամբ»,- ասել է նա: Life News-ի փոխանցմամբ, սակայն, իրենց հիվանդանոցում պատմել են, որ ողնաշարի կոտրվածքի մասին նախնական ախտորոշումը ռենտգենից հետո չի հաստատվել, սակայն Դատախազությունն ամեն դեպքում պետք է ստուգի ոստիկանների գործողությունները: