Թոքաբորբով դեպքերի աճ՝ ԼՂՀ բանակում

24/04/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ժամկետային զինծառայող Արամայիսը, մոտ երեք շաբաթ է, գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Նրան հանդիպեցի հոսպիտալի բակում, որտեղ զինվորները հավաքվել էին, այսպես ասած` «մաքուր օդ» շնչելու:

Ի տարբերություն զորամասային կյանքի, հոսպիտալում գտնվող զինվորները, կարծես, խիստ նման են իրար. բոլորի դեմքերին մի տեսակ տարածական տխրություն կա: Բակի նստարանին նստած Արամայիսն աչքերն անընդհատ փախցնում էր արեւից: «Մի երկու տարի առաջ տաքությունս 37-ի վրա էր: Չգիտեմ` կարող ա դրա հետեւանքներն են, կամ էլ կարող ա վարակվել եմ: Բայց դե բանակն էլ նպաստեց, պարզ ա»,- պատմում էր Արամայիսը` հարեւանցի նայելով նստարանին նստած զինվոր-ընկերոջը` Մհերին: Վերջիններիս ասելով` Ստեփանակերտի հոսպիտալում հատկապես մեծ թիվ են կազմում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողները: Նրանց խոսքով` հունվար-փետրվար ամիսներին բանակում թոքաբորբով հիվանդացության դեպքերը շատացել են, եւ հոսպիտալում գտնվող զինվորների գերակշիռ մասը գանգատվում են թոքերից: «Թոքաբորբը տարբեր ձեւերով ա տարածվում, խոսքի` մեկը ծխում ա, տալիս ա մյուսին էդ ծխախոտը: Հիմնականում շփման միջոցով ա տարածվում, ու եթե էդ քիչ լինի, երեւի թոքաբորբի դեպքերն էլ քիչ կլինեն»,- ասացին զինծառայողները: «Տարիներ առաջ տուբերկուլյոզով հիվանդների թիվը զգալի էր բանակում, բայց այս վերջին 10 տարվա ընթացքում այդ թիվը կրճատվել է անգամներով, եւ պատմության մեջ այդ քանակը դեռ չի եղել: Նույնը կարող եմ ասել դիզենտերիայի, հեպատիտի մասին, որոնց եզակի դեպքեր կան այսօր: Վերջին տարիներին դեղնախտով դեպք չեմ հիշում»,- ասաց Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Հրաչ Եգորյանը: Վերջինիս խոսքով` այս տարի ձմռան ամիսներին նկատվել է սուր շնչառական վիրուսով հիվանդացության դեպքերի նկատելի աճ: Նա այս հանգամանքը պայմանավորեց եղանակային փոփոխություններով: «Գարնանային, ամառային եղանակներին բնորոշ են աղիքային ինֆեկցիաները: Հիմնականում զգալի մասը դրանք են կազմում»,- նշեց Հ. Եգորյանը: Հարցին, թե ջրծաղկի, թոքաբորբի դեպքեր նկատվե՞լ են, հոսպիտալի պետը պատասխանեց, թե ինքը «դժվարանում է խոսել այդ մասին», քանի որ ինֆեկցիոն բաժանմունքն իրենց մոտ չի գտնվում: «Թոքաբորբով հիվանդների քանակը որոշ քանակով ավելացել է: Դա պայմանավորված է, հավանաբար, այն հանգամանքով, որ դա էլի կապված է եղանակների հետ, որովհետեւ էս տարի եղանակների կտրուկ փոփոխություն եղավ»,- ասաց Հ. Եգորյանը: Մեր այն հարցին, թե հիմնականում ո՞ր զորամասերից են առավել շատ հիվանդացության դեպքեր գրանցվում, վերջինս հրաժարվեց պատասխանել` ասելով, թե իր պատասխանը որեւէ հետաքրքրություն չի կարող առաջացնել եւ, որ իրենք հավասարաչափ տանում են կանխարգելիչ աշխատանքներ բոլոր զորամասերում: Հ. Եգորյանը նաեւ նշեց, որ դեղորայքի խնդիր իրենք չունեն: Մեր այն նկատառմանը, թե շատ հաճախ զինվորի` սուր շնչառական վիրուսով հիվանդությունը, այսպես ասած` «բուժվում» է բուժկետերում, որտեղ բժիշկներն այն համարում են ոչ ծանր հիվանդություն` անկախ զինվորի վիճակից, հոսպիտալի պետն այսպես արձագանքեց. «Քանի որ սուր շնչառական վիրուսների առաջին նշաններից ջերմության բարձրացումն է, հրահանգ գոյություն ունի, որ ջերմություն ունեցող զինվորին հետազոտեն, տեղում որոշեն, եթե նա կարիք ունի հոսպիտալային պայմաններում բուժման, ապա բուժումը շարունակվում է հոսպիտալում, իսկ եթե բերել են, թոքերը նկարել են, ռենտգեն կատարել են, արյան անալիզ կատարել են, եթե առանձնապես խնդիր չկա, մեր բժիշկների խորհրդով իր բժշկական գրքույկում գրանցում ենք կատարում` բուժումը կազմակերպում ենք տեղում: Բարձր ջերմություն ունեցողները պառկում են մեր մոտ, իսկ եթե հանգիստ է, խնդիր չկա, մեր բժշկի նշանակումներով զորամասի բժիշկը տեղում կազմակերպում է»: Իսկ մեր այն հարցին, թե` բացի թոքաբորբից, ուրիշ ի՞նչ հիվանդություններ են գրանցվել զինծառայողների շրջանում, Հ. Եգորյանը պատասխանեց. «Ճնշման տատանումների խնդիր է լինում, լինում է, որ զինվորները դիմում են գլխացավերի համար, ատամնաբուժական խնդիրներ են լինում, աղեստամոքսային տրակտի հետ կապված հիվանդություններ են լինում»: Հոսպիտալի պետը գրեթե բոլոր հիվանդությունների պատճառ համարեց կլիման, եղանակային փոփոխությունները, իսկ սննդային թունավորման դեպքերն իրենց մոտ բացառեց: Ավելին` գրանցված սննդային թունավորումներն էլ պայմանավորեց ծնողների` զինծառայողների տեսակցությունների ժամանակ բերած սննդով: Մեր դիտարկմանը, թե` տպավորությունն այնպիսին է, կարծես, մեր զինծառայողների առողջության համար հիմնականում մեղավոր են նրանց ծնողներն ու եղանակային փոփոխությունները, փոխգնդապետը պատասխանեց. «Ամեն մի դեպքի հետ կապված գոյություն ունեն մեղավորներ»: Նրա խոսքով` իրենց մոտ բուժաշխատողները պարբերաբար վերապատրաստվում են, եւ ներկա պահին իրենք բժիշկների կարիք չունեն: «Հոսպիտալի առջեւ խնդիր է դրված: Այդ խնդիրը կատարելու համար ինձ հատկացված ուժերն ու միջոցները բավարար են»,- ասաց Հ. Եգորյանը` հավելելով, թե հոսպիտալի բուժանձնակազմը հիմնականում երիտասարդներ են: «Մենք ունենք երիտասարդներ: Հենց իրենք ասպիրանտուրան ավարտել են, անմիջապես ծառայության են նշանակվել այստեղ: 10 տարուց ավելի ծառայում են»,- նշեց Հ. Եգորյանը, ում հավաստմամբ` իրենց մոտ աշխատող բոլոր բժիշկներն ունեն բարձրագույն կրթություն, ոմանք էլ` Ռուսաստանի ակադեմիաների: