Լռության հետեւանքները

24/04/2012

«Հիշողությունը կարեւոր է: Կոլեկտիվ հիշողությունը վերքերը բուժում է, որովհետեւ միայն ապրիլ 24 ու Ծիծեռնակաբերդ չէ, մենք միշտ հիշողություն պետք է ունենանք: Դրա համար է, որ հրեաները միշտ խոսում են Հոլոքոստի մասին: Մենք էլ՝ հայերս, պետք է հպարտ լինենք եւ չպետք է զգանք, որ զոհ ենք: Մենք զոհ չենք, ես կարծում եմ, որ բոլորովին հակառակը՝ հայերը շատ ուժով ազգ են, որովհետեւ 7 դար ուրիշների տիրապետության տակ են եղել եւ դեռ ուժ ունեն»,- ասում է արգենտինահայ հոգեվերլուծող Ռիտա Կույումջյանը, ով առաջինն է Ցեղասպանությունը վերլուծել հոգեբանական տեսանկյունից` իր «XX դարի առաջին Ցեղասպանությունը: Հայկական հիշողության վերադարձը» գրքում:

Այն հեղինակի մագիստրոսական ատենախոսությունն է, որն ուսումնասիրում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների ու նրանց ժառանգորդների «սգո գործընթացի» վրա ցեղասպանության ուրացման հոգեկան հետեւանքները: Հոգեվերլուծողն ուսումնասիրել է վերապրած հայերի օրագրերն ու թեման վերլուծել պատմական փաստագրության հիման վրա՝ Ֆրոյդի եւ այլ հոգեբանների տեսությունների միջոցով՝ համեմատականներ տանելով հրեական Հոլոքոստի հետ: Հեղինակի դիտարկմամբ` խնդիրը լռությունն է: Ըստ նրա, մի կողմից` թուրքական կառավարությունը որդեգրել է փաստերի ուրացման քաղաքականությունը, մյուս կողմից` զոհերը լռում են բռնության ենթարկված լինելու մասին, եւ ցավը մոռանալու համար իրողությունը գաղտնի են պահում իրենց ժառանգներից: «Երբ ես պզտիկ էի, իմ մեծ մայրիկը միայն ասում էր ինձ` թուրքերը գեշ են: Ես ուրիշ բան չգիտեի Ցեղասպանության մասին, ասել է թե` լռություն կար: Իսկ ուրիշ ընտանիքներում շատ էին խոսում այդ մասին: Թե՛ շատ լռությունը, թե՛ շատ խոսելը` երկուսն էլ տրավմա են: Այսինքն` հոգեբանական հետեւանքներ ունեն: Այն, որ շատ հայեր չեն ուզեցել այս մասին խոսել, այդ տրավման կամ լռությունը գաղտնիքի պես, շատ արժեքավոր բանի պես՝ մեկ սերունդից մյուսին է անցել: Մենք՝ երրորդ սերունդը, որ քիչ ավելի հեռու ենք այդ տրավմայից, կարող ենք այդ մասին մտածել, ասել՝ ինչ պատահեց, որովհետեւ հայերը, որ Հայաստանում են կամ Արցախում, շատ դժվարությունների միջով են անցել»,- մեկնաբանում է Ռիտա Կույումջյանը եւ ավելացնում, որ շատ դժվարություններ հաղթահարած մարդիկ առաջ են գնում կյանքում:

Նրա խոսքով` ինքն իր ընտանիքի պատմության մանրամասներն իմացել է գրքի վրա չորս տարի աշխատելուց հետո: Գրքում կարդալով Ցեղասպանությունը վերապրած հայերի մասին՝ մայրը պատմել է, որ իր ծնողները փրկվել են մի թուրք ընտանիքի միջոցով, որը մեկ շաբաթ թաքցրել է նրանց: Այնուհետեւ ընտանիքը Զմյուռնիայից գաղթել է Անգլիա, որտեղ էլ ծնվել է Ռիտան: Հետագայում՝ Արգենտինա տեղափոխվելուց հետո էլ մայրը քիչ բան է պատմել դստերն իրենց ինքնության մասին: «Ես մինչեւ գիրքս չգրեցի, այդ բաների մասին բան մը չգիտեի»,- ասում է Ռ. Կույումջյանը: Հենց այդ լռությունն էլ եղել է պատճառներից մեկը, որ նա ընտրել է հոգեբանի մասնագիտությունը: «Աչքերս բացվեցին` ի՞նչ է սա, որովհետեւ իմ ընտանիքում բոլոր զգացումները չէին ցուցադրում, երբեք չէի իմացել: Երբ սկսեցի հոգեբանություն սովորել, հայրս ասաց` խենթերի գործ է»,- հիշում է հոգեվերլուծողը: Սակայն նա չի վարանել ու շարունակել է կրթությունը Բուենոս Այրեսի Բելգրանոյի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, այնուհետեւ՝ Լոմաս դե Սամորայի համալսարանում՝ հոգեվերլուծության գծով մագիստրատուրայում: Բազմաթիվ հոդվածներ ու զեկույցներ է գրել Ցեղասպանության մասին, ելույթներ ունեցել տարբեր համաժողովների ու գիտաժողովների ժամանակ: «Ինձ համալսարանի պրոֆեսորները հարցնում են` ինչո՞ւ ես այս վերքերը նորից բացում: Ես ասում եմ` հոգեբանները գիտեն, որ եթե տրավմա է եղել, անձը սիմպտոմ, դեպրեսիաներ ունի. հոգեբանությունն ի՞նչ է` պիտի մի քիչ ներթափանցել մարդու ներաշխարհ, որպեսզի պարզես, թե ինչ մանկություն է ունեցել, ինչից է առաջացել տրավման նրա մոտ: Հիշողությունը շատ կարեւոր է, որ դու` իբրեւ անձ, հասկանաս՝ ի՞նչ է կատարվում քո հոգու մեջ»,- բացատրում է նա` ավելացնելով, թե մարդու մոտ մեծ տարիքում այլ պատճառներից ծագած հոգեբանական խնդիրները պայմանավորված են մանկական հասակում նրա` չհաղթահարված սթրեսների հետ: Ցեղասպանությունից հետո շատ հայեր արտերկրում փոխել են իրենց անուն-ազգանունը ու փորձել են նոր կյանք սկսել: Սակայն, Ռիտա Կույումջյանի խոսքով` ի տարբերություն հայերի, հրեաներն ամենուր բարձրաձայնում են Հոլոքոստի մասին, հոգեբաններն ուսումնասիրում են թեման: Ռիտա Կույումջյանի դիտարկմամբ` հրեաների պարագայում խնդիրն ավելի պարզ է, քանի որ Գերմանիայի կառավարությունը հենց սկզբից է ընդունել Հոլոքոստը: «Ամեն անգամ, երբ ինչ-որ երկիր ընդունում է Հայոց ցեղասպանությունը, ամբողջ հայերով հայ կզգանք: Հարկավ, կարեւոր է, որ թուրքն ընդունի, ու Արարատը, մեր հողերը ետ տա…: Հրեաներին դեռ դրամ են տալիս: Այս պայմաններում շատ դժվար է, որ նման բան լինի շուտով, բայց հայերը նույնպես պետք է նման գիտակցություն, հիշողություն` կոլեկտիվ հիշողություն ունենան: Ցեղասպանությունը հայերին Սփյուռքում ինքնություն է տալիս, ուժեղացնում է, շատերը կասեն՝ ի՞նչ պիտի լինի, հայ չպիտի՞ լինենք, եթե Ցեղասպանությունն ընդունվի»,- նկատում է հոգեվերլուծողը: Նա նշում է, որ հայերն ազատ չեն եղել Խորհրդային Միության տարիներին, որպեսզի կարողանային վերապրել Ցեղասպանության հետեւանքները, սակայն այժմ՝ անկախության պարագայում, պետք է կարողանան հասնել հաջողության: «Կարծում եմ` հայերը շատ լավ առաջընթաց պիտի ունենան, որովհետեւ նոր երկիր է: Անկախություն ձեռք բերելու համար բազմաթիվ դժվարությունների միջով են անցել, եւ կարծում եմ, որ շատ մեծ ապագա են ունենալու: Հայերը շատ ուժեղ են»,- եզրափակում է արգենտինահայ հոգեվերլուծող Ռիտա Կույումջյանը:

Գայանե ԼԱԼԱՅԱՆ