Մարդիկ թամաշայի թատրոն են նախընտրում

24/04/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Թեեւ ժամանակակից փիլիսոփայական միտքը մշտապես կյանքը համեմատում է թատրոնի հետ, այդուհանդերձ, այսօր կյանքն ու թատրոնը բառի բուն իմաստով մխրճվել են իրար մեջ: Սովետական տարիներին թատրոնը` կյանքին, իսկ դերասանին` մարդուն մոտեցնելու խնդիր էր դրված: Այսօր, սակայն, կյանքն է համարվում թատրոն, որտեղ խաղում են բոլորը ու խաղում են ճիշտ նույն պաթոսով, որն առկա է թատրոնում: Կյանքն իր բոլոր տհաճ ու բացասական երանգներով ներխուժել է թատրոն, որտեղ դահլիճները տրամադրվում են շոու ներկայացումներին, եւ որոնք բառի բուն իմաստով ճզմել են թատերական էսթետիզմը: 1920-ական թվականներին գոյություն ունեին «ձախ» թատրոններ, թամաշաներ, որոնք մշակութային դաշտում համարվում էին իշխող, քանի որ ներկայացնում էին կենցաղային-ռեալիստական դրամատուրգիա: Թամաշաների կուլտուրան այսօր եւս ակտուալ է, պարզապես մեր օրերում այն թաքնված է շոու կոչվող երեւույթի պատյանի մեջ: Կյանքը դարձել է թատրոն, ու մեր կյանքի բոլոր տագնապները ամենագռեհիկ ու պրիմիտիվ մեկնաբանություններով տեղափոխվում են թատրոն (խոսքը թատրոններում շոու ներկայացումներ բեմադրելու մասին է): Հասարակության մեծամասնությունը նախընտրում է գնալ թատրոն` թամաշա անելու, թե ինչպես են հայ մարդուն կամ իրեն ծաղրում, ու, մեր հասարակական կյանքի «հիվանդ» հատվածին, որն ի ցույց դնելու փոխարեն` բուժելու կարիք ունի` քարշ տալիս բեմ: Այլ կերպ ասած` մարդկանց սովորեցնում են ձերբազատվելու փոխարեն` հռհռալ սեփական արատների վրա, որտեղ ոչ լուծում են առաջարկում, ոչ էլ դեղատոմսով վերջաբան են մատուցում: Ավելին` մարդիկ բավականին մեծ գումարներ են վճարում` իրական կյանքում զզվելի, հիասթափվելու աստիճան տհաճ երեւույթները բեմադրված տեսնելու համար: Թեեւ դասական դրամատուրգիայում ավանդական ժանրերը երեքն են` ողբերգություն, կատակերգություն եւ դրամա, այդուհանդերձ, հայաստանյան իրականության մեջ ներխուժել է մի նոր սահմանում` շոու, որը ոչ մի պարագայում այս երեք ժանրերի մեջ չի տեղավորվում: Բայց, չնայած սրան` շոուն ներկայացվում է որպես կատակերգության ժանր: Մեծ իմաստով, շոուն այսօր հաղթել է դասական դրամատուրգիայով բեմադրված ներկայացումներին: Պարադոքսն այն է, որ մյուս կողմից էլ` թատրոնների բեմադրող ռեժիսորները կամ գեղարվեստական ղեկավարները չեն կարողանում ազատվել այն պիեսների բեմադրման բարդույթից, որոնք դարեր շարունակ բեմահարթակներից չեն իջնում: Նորարարական, էքսպերիմենտալ ներկայացումներ արվում են, որոնց հանդիսատեսը թեեւ քիչ է, բայց հասարակության այն հատվածն է, որը պատրաստ է համարձակ ու այլախոհական գաղափարներ տեսնել: Այնպես որ` հայաստանյան կյանքը թատրոն է, իսկ շոուների համար բեմ տրամադրող թատրոնը` հայաստանյան կյանքի արատավոր հատվածի հայելին: Մյուս` առողջ, ինտելեկտուալ հատվածը թատրոնից նոր, ժամանակակից, գտնված պիեսներով բեմադրված ներկայացում է պահանջում, որը բեմադրելու համար մի քիչ «դուխ» է պահանջվում` նույնիսկ ձախողվելու գնով:

Բեմադրվել է «Թութակները վանդակում» պիեսը

Երիտասարդ Էքսպերիմենտալ թատերախումբը մայիսի 13-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում կներկայացնի Գեւորգ Շահինյանի «Թութակները վանդակում» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը: Այն կարելի է բնորոշել որպես ահազանգ մարդու էության, անհատի առանձնահատկությունների, կին-տղամարդ փոխհարաբերության, ապահարզանների խնդիրներին: Մի խոսքով` ներկայացումը բավականին խորը հոգեբանական հարցադրումներ է առաջ քաշում, որոնք այսօր առկա են մեր սոցիալական կյանքում: Ներկայացման ռեժիսոր Հակոբ Միրզախանյանի հավաստմամբ` Գեւորգ Շահինյանի դրամատուրգիան հարում է հինգ տարի առաջ ձեւավորված էության թատրոնին: «Թութակները վանդակում»-ը երկու հոգանոց պիես է. «Պիեսում դրված են կին-տղամարդ հավերժական հարաբերությունները, որը գտնված է առավել հետաքրքիր` կենդանական պերսոնաժներով: Էգի եւ որձի վրա ավելի լավ խաղ ստանալու հնարավորություն կա եւ խաղի միջոցով պատմում ենք այն պատմությունը, որը կառուցել է դրամատուրգը: Ներկայացվում է, թե ստեղծված իրավիճակում, գոյացած արգելքների ժամանակ մարդն ինչպես է իրեն դրսեւորում կամ վերափոխվում: Ընդ որում, նաեւ այդ դրսեւորումների ժամանակ` ինչպես մարդը կարող է բարձրացնել իր հոգեւոր եւ մտավոր ներուժը: Մի գծանի ներկայացում չէ: Կա նաեւ կենցաղային հարաբերություն, այսինքն` իր միջանկյալ խնդիրներով անդրադառնում է տարբեր թեմաների: Պիեսի կառուցվածքը, տեքստերը շատ իմաստուն են եւ, որն ամենակարեւորն է` հայերեն են»,- ասում է ռեժիսորը: Ի դեպ, ըստ նրա` ներկայացման մեջ նաեւ առկա է աղջկա մայրանալու հետ զուգահեռ` աշխարհայացքի փոփոխությունը, որի ժամանակ կինն արդեն փոխում է իր առջեւ դրած խնդիրների էությունը: Տղամարդու կերպարը, որը ներկայացնում է որձ թութակը, էգի հայտնվելուց հետո սկսում է վերանայել ինքնաճանաչողական եւ աշխարհընկալման հարցադրումները: Էության թատրոնի առանձնահատկություններից ու կատարելության հասնելու նախապայմաններից մեկն էլ երկու սեռերի էությունների փիլիսոփայության կոնտեքստում անձերի վերափոխումն ու վարքագծի զարգացումները դիտարկելն է: Այսինքն` մարդը հակառակ սեռին գտնելուց հետո ինքնաճանաչողական մի նոր փուլ է մտնում: Էությունն ունի յոթ հարթություն. ներկայացման ռեժիսորի հավաստմամբ` պիեսում էգի միջոցով հոգեւոր, ինտելեկտուալ հարթություն է փոխվում, իսկ որձը հանդիսանում է հարթություն փոխելու գործողությունը կառուցելու միջոց: Էգի խաղի փոփոխությունների զարգացումն իր հարթություններով տանում է դեպի կատարելություն: Այսինքն` կենցաղային հարաբերություններում աստվածային խնդիր է դրվում, որն այսօրվա թատրոնում պակասում է: «Ներկայիս հասարակական-սոցիալական իրավիճակն ուղիղ կապ ունի ներկայացման հետ: Օրինակ` ծնելու եւ չծնելու կոնֆլիկտ կա, ինչն այսօրվա ակտուալ խնդիրներից է: Բաժանումների խնդիր կա, իսկ ապահարզանների թիվը, գիտենք` ինչպես է աճում: Կոպիտ ասած` դրված է կենցաղային փիլիսոփայություն, որը խորքային ենթատեքստերով ձուլվում է դեպի Տիեզերք` Աստված: Այսօրվա իրականության արտացոլանքը մարդկային հարաբերությունների, հոգեբանական ապրումների կոնտեքստով կա, որը կառուցված է երկրաչափական ճշգրտությամբ եւ իմաստուն կառուցված տեքստերով: Երիտասարդների 70 տոկոսը թատրոնից դուրս է գալու պատմությունը վերապրած, իսկ տղամարդը կնոջ ձեռքն ամուր սեղմած է հեռանալու»,- ասում է ներկայացման ռեժիսորը: Ներկայացման ստեղծագործական խումբն ամեն դեպքում աշխատում է ոչ թե թատերարվեստում առկա պահանջարկը բավարարելու սկզբունքով, այլ` «Թութակները վանդակում» ներկայացումը որպես առաջարկ է մատուցելու` այն մեծացնելու մտադրությամբ: Այնուամենայնիվ, մարդկային փոխհարաբերությունները կենդանական աշխարհի, տվյալ դեպքում` թութակների կերպարներով ներկայացնելու գործողությունն արտացոլում է մարդու մեջ առկա կենդանական այն բնազդները, որոնք դրսեւորվում են հատուկ իրավիճակներում: Դիպուկ է նաեւ էգ ու որձ թութակների վարքագիծը վանդակում առանձին «ապրելու» պայմաններում: Օրինակ` որձ թութակը խոսում է եւ կրկնում է բառեր, երբ մենակ է վանդակում, իսկ էգի առկայությունն արդեն որձ թութակի մեջ արթնացնում է դրսեւորումների հսկայական շերտեր. «Տեքստեր կան, որոնց անընդհատ կրկնելու անհրաժեշտությունը կա ներկայացման մեջ: Պոստմոդեռնիստական մոտեցում է, որն օգտագործվում է ինտենսիվ հարաբերության մեջ: Օրինակ` նույն գործողությունը տարբեր անգամներ տարբեր ասոցիացիա ու զգացողություն է առաջացնում: Տեքստերը միանշանակ չեն, տարբեր ընկալումներ են կրում, որը ստացել ենք թութակների միջոցով»,- ասում է Հակոբ Միրզախանյանը: Որձ թութակին մարմնավորող Աշոտ Հակոբյանը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասաններից է, ինչպես նաեւ` երիտասարդական փորձարարական թատերախմբից է. «Թատերախումբը ոչ պետական է, եւ արդեն հինգ տարի` մենք մեր ուժերով բեմադրություններ ենք անում: «Թութակները վանդակում» պիեսը մեր թատերախմբի չորրորդ աշխատանքն է: Պիեսը, որպես գրական գործ, շատ խորը ու փիլիսոփայական է եւ մի քանի անգամ կարդալ է պահանջում: Դերասանի համար շահեկան գործ է, որովհետեւ բեմում երկու հոգի են` էգ, որձ փոխհարաբերություններ, թռիչք, շարժում, էմոցիագ Սա էն գործերից չէ, որ կարդում ես ու ասում` հա, կխաղամ էլի. պիեսի լրջությունը ստիպում է մտածել, թե ինչ լուրջ պատասխանատվության տակ ես մտնում: Ես նաեւ շատ գնահատում եմ, երբ, լինելով դերասան, զգում ես, որ հեղինակը շատ ուժեղ է քեզնից: Որքան հասկանում եմ գործի փիլիսոփայությունը, այնքան գիտակցում եմ, որ հեղինակն ավելի բարձրանում է»,- ասում է դերասան Ա. Հակոբյանը` հավելելով, որ «Թութակները վանդակում» պիեսն ամեն անգամ խորը, նոր գաղափար հասկանալու մի նոր շերտ է բացում: Չբացելով ներկայացման ողջ փակագծերն, այնուամենայնիվ, ներկայացման ստեղծագործական խումբը վստահեցնում է, որ թութակները միջոց են մարդկային փոխհարաբերություններում առկա խնդիրների մասին խոսելու համար: «Օրինակ` էգը լինելով շատ ավելի մեծ փիլիսոփա` հասկանալով որձի փիլիսոփայությունը, էվոլյուցիա է ապրում. Ձեւավորվում է որպես մայր: Շատ իմաստուն իրավիճակներ ու տեքստեր կան, որոնց մեջ բոլորս հայտնվել ու կարող ենք հայտնվել: Ներկայացումը մարդուն համոզում է արարել, չվախենալ, չփախչել: Մենք մեր մասնագիտությամբ շատ նման ենք բժիշկների. իմաստուն խոսքերը կարող են կպնել մարդկանց զգայարաններին եւ բուժել նրանց: Այս գործը դեղատոմս է առաջարկում, հաղթահարվում են խնդիրներ, մարդը վերածնված, ինքն իրեն գտած` հեռանում է: Դեղատոմսն արժեքային բարձր համակարգի մասին է խոսում, ուղղորդվում է դեպի Աստված»,- վստահեցնում է Ա. Հակոբյանը:

Էգ թութակին մարմնավորող, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը հավաստիացնում է, որ ներկայացումը բազմաշերտ է: «Եթե մեզնից յուրաքանչյուրը մուտք գործի այդ շերտեր, ընկալի տեքստերը, կարծում եմ` հանդիսատեսն էլ, մենք էլ կշահենք եւ կարձանագրենք, որ կարողացանք ասելիքը հանդիսատեսին հասցնել: Իմ կերպարը ուժեղ, համառ, ինքնուրույն էգ է, որը խեղդող կենցաղին դիմակայելու խնդիր ունի: Կենդանիների կերպով ալոգիկ բան է, որը հեղինակը ներկայացրել է մարդու էությունը դիտարկելու համար: Կերպարս շատ եմ սիրում, իսկ ռեժիսորից շատ բան եմ սովորում: Երիտասարդ է, բայց համարձակ է ու հետաքրքիր մտածողություն ունի: Որեւէ գռեհիկ դրսեւորում ներկայացման մեջ չեք տեսնի: Բարձր է իր տեսակի մեջ»,- ասում է նա: Ներկայացման կազմակերպիչ Արսեն Քոչինյանը վստահեցնում է, որ ստեղծագործական խումբը չի գնում այսօրվա հայաստանյան իրականության պահանջարկի ետեւից, այլ նոր ձեռագիր է առաջարկում: «Մենք կոչ չենք անում, ասելով` ձեր ուզած բանն ենք բեմադրել, եկեք, հաստատ կգտնեք էն, ինչ ուզում եք: Վիճակագրական տվյալներով կարող եմ ապացուցել, որ այսօր 10 հոգուց 7-ը ուզում է տեսնել այն, ինչը կատարվում է մեր շուրջ: Նա, ով ուզում է շոու տեսնել` թող նայի, բայց նա, ով պատրաստ է մտածել ու վերափոխվելու քայլ անել` իսկույն կգա «Թութակները վանդակում» ներկայացմանը: Կարծում եմ` սա այն ներկայացումն է, որը նայելիս այդ 10 հոգուց յուրաքանչյուրն էլ իրեն գտնելու է այնտեղ, եւ այդ տասը մարդն էլ ինչ-որ բան սովորած է հեռանալու թատրոնից: Բացահայտումների անվերջանալի հոգեբանական իրավիճակներ են, որոնք հատուկ են բոլոր մարդկանց»,- ասում է Ա. Քոչինյանը` վստահեցնելով, որ արվեստ սիրող մարդն, այնուամենայնիվ, նման ներկայացումների պահանջարկ ունի: