Բուժում է կալանխոէն
Կալանխոէ անվանման ներքո միավորված են մոտ 200 բույսեր, որոնք պատկանում են թանձրատերեւուկների =Crassulanceae ընտանիքին։ Անվանումն ունի չինական ծագում` թարգմանաբար` կենդանածին։
Հայտնի է, որ կալանխոէ փետրատերեւի= kalanchoe pinnata տերեւը հեշտությամբ արմատ է տալիս խոնավ ավազի մեջ։
Ժողովրդական, երբեմն` գիտական բժշկությունում, օգտագործվում է նաեւ Դեգրեմոնի կալանխոէն=Bryophyllum daidremonticnum, տարածված է որպես սենյակային զարդաբույս։ Այս տեսակի տերեւի երկու ատամիկների միջեւ առաջանում է բողբոջ։ Արհեստական լուսավորության (ցերեկային-լյումինիսցենտ) պայմաններում այս գործընթացը չի ընդհատվում։ Որոշակի չափերի հասնելուց հետո բողբոջը առանձնանում եւ նոր դուստր բույսի ծիլ է տալիս։ Այդ պատճառով տեսակը ստացել է «կենդանի տերեւ» էպիտետը։
«Ինչպես այդ բույսի մեկ տերեւից սկիզբ են առնում բազմաթիվ նոր ծիլեր, նույնկերպ մեկ հաստատուն Սիրուց սկիզբ է առնում անվերջ կրկնվող նորանոր երջանկություն». այս մտքի հեղինակն է գերմանացի հանճարեղ բանաստեղծ Գյոթեն։ Կալանխոէն հաճախ են անվանում «կյանքի ծառ» կամ «Գյոթեի ծաղիկ»։
Կալանխոէն բազմամյա բույս է, որոշակի տարիքում բնի ցածի մասը փայտանում է։ Ցողունը ուղղաձիգ է, մինչեւ 80-120 սմ բարձրությամբ, երբեմն` երկու մետր։ Արմատը կարճ է, ճյուղավորված։ Կալանխոէի ծաղիկները երկսեռ են, ասիմետրիկ, խողովակավոր` մինչեւ 3,5 սմ երկարությամբ, հավաքված գագաթային ծաղկաբույլերի մեջ։ Ծաղկում է երկրորդ տարում` փետրվար-մայիս ամիսներին, պտղաբերում ամռան սկզբին։ Ծաղիկների գունային գամման ընդգրկում է կանաչը, ճերմակը եւ վարդագույնը։ Տերեւներում հյութի պարունակությունը հասնում է 70-90 տոկոսի։ Կալանխոէի տարբեր տեսակներ աճում են երկիր մոլորակի արեւադարձային գոտիներում, ժայռոտ լեռների լանջերին (մինչեւ 2500 մ բարձրության) ծովեզրի ավազուտներում։ Բնության մեջ աճող տեսակների գունային գամման գրեթե անսահման է։ Անցյալ դարի 70-ականներին հայ բուսաբանները մշակել են բարձր արտադրողականություն երաշխավորող տեխնոլոգիա, որի շնորհիվ կլոր տարին ստացվել է կալախոէ փետրատերեւի բերք, ամռանը` բացօթյա, ձմռանը` ջերմոցային պայմաններում։ Հյութն օգտագործվել է դեղագործական արտադրության մեջ։ Կալանխոէի քիմիական բաղադրության եւ բուժիչ հատկությունների ուսումնասիրությունը մեծ թափ է առել անցած դարի 60-ականներից։ Հատկապես մեծ աշխատանք է կատարվել ուկրաինացի գիտնականների կողմից։ Կիեւի բուսաբանական այգում ցուցադրվում է կալանխոէի մեծ տեսականի։ Բույսը պարունակում է ոչ մեծ քանակությամբ դաբաղանյութեր, մինչեւ 35-40 տոկոս բարդ շաքարներ, օսլա, ֆերմենտներ, ասկորբինաթթու, նաեւ ֆլավոններ (կվերցետին եւ կեմպֆերոլ, ճարպաթթուներ (պալմիտինի, սթեարինի, օլեինի)։ Ֆենոլկարբոնային թթուներ (ֆերուլի, կումարի, սուրճի, քլորոգենի), օրգանական թթուներ` առավելապես կիտրոնի եւ խնձորի, նաեւ թրթնջուկի, քացախի եւ իզոկիտրոնի։ Մոտ 1,4 տոկոս մոխիր, որում հայտնաբերվել են մարգանեց, ցինկ, մոլիբդեն, պղինձ, քրոմ, այլումինիում։ Ի դեպ, բույսը զատում եւ կլանում է ցինկը, պղինձը, մոլիբդենը, սելենը, ստրոնցիումը եւ կալցիումը։
Կալանխոէ փետրատերեւի (նույնը` Դեգրեմոնի) հյութը զգայուն է լույսի հանդեպ, օգտակար նյութերի քանակությունը հասնում է առավելագույնի ցերեկվա ժամերին։ Ամինաթթուների «տեսականին» փոփոխվում է` ջերմային եւ լուսային մշակումից կախված։
Կալանխոէ փետրատերեւի թարմ հյութը պարունակում է թվով 11 ամինաթթուներ.
– Վեց մարդու օրգանիզմում չսինթեզվող (լեյցին, իզոլեյցին, լիզին, ֆենիլալանին, տրեոնին եւ գիստիդին, որն անհրաժեշտ է երեխաներին)։
– երեք սինթեզվող (ալանին, սերին, արգինին, եւ երկու չնմանակեցված։ Յոթ օր հով (1-10 C), մութ տեղում պահելուց հետո տարրալուծվում է տրեոնինը եւ գոյանում են ցիստին, ասպարագինի թթու եւ չորս չնմանակեցված ամինաթթուներ։ Դեգրեմոնի տեսակի թարմ հյութում պարունակվում են երեք ամինաթթուներ (լիզին, սինթեզվող գլիցին եւ ալանին)։ Նմանատիպ մշակումից հետո գոյանում են եւս վեցը (լեյցին, վալին, իզոլեյցին, ֆենիլալանին, սինթեզվող տիրոզին եւ գլուտամինի թթու, նաեւ երկու չնմանակեցված։ Բույսի օգտագործման մասին պատմական տեղեկությունները բացակայում են։
Բոլիվիայում կալանխոէն կիրառվում է որպես հակաբորբոքային միջոց, Մադագասկարում` վերքամոքիչ, նաեւ գլխացավի, ցիստիտի, երիկամների հիվանդությունների բուժման համար։ Բրազիլիայում լիմֆատիկ հանգույցների բորբոքման, արտաքին խոցերի, ռեւմատիզմի, իսկ Մեքսիկայում` կանացի հիվանդությունների դեպքում։ Եվրոպայում կալանխոէն ներմուծվել է գործնական բժշկության մեջ 1960թ. հետո։
Քաղցկեղ. Ըստ հայտնի բժիշկ Ս.Վ. Կորեպանովի հավաքած վիճակագրական տվյալների` «Կալանխոէի տերեւի ամենօրյա օգտագործումը բազմաթիվ հիվանդների ազատել է ցավերից, վիրահատությունից եւ մահից։ Կերեք կեսական կամ մեկական թարմ տերեւ` օրը 2-3 անգամ, կարեւոր է լավ ծամել։ Օգնում է խոլեցիստիտի, ստամոքսի քաղցկեղի եւ խոցի, լյարդի ցիռոզի եւ այլ հիվանդությունների դեպքում»։
Դեղաբանները պարզել են, որ բույսը պարունակում է մեծ քանակությամբ աղաթթու, ինչի շնորհիվ հյութը նպաստում է վերքի արագ մաքրմանը նեկրոտիկ հյուսվածքներից եւ խթանում վերականգնման ընթացքը։
Մեղրով թուրմ.
– Յոթ օր սառեցրած տերեւից քամեք հյութը, խառնեք մեղրին (1։1), պահեք սառնարանում։
– Ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցի դեպքում խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
Քսուք.
– Հյութը խառնեք վազելինի հետ (1։4)։ Օգնում է կերակրող մայրերի պտուկների ճաքերը բուժելուն։
– Քսուքով մշակեք թարախակալված այրվածքները, օրը 2 անգամ փոխեք վիրակապը մինչեւ վերքի չորանալը։
Տրոֆիկ խոց. Նախապես սառեցրեք սոճու (եղեւնու) խեժը եւ ակնամոմ, մանր կտրատեք եւ փոշիացրեք։ Ջրային բաղնիքի վրա տաքացրեք գերչակի յուղը, ավելացրեք խեժը եւ ակնամոմը խառնեք` մինչեւ ստացվի համասեռ զանգված, վերցրեք կրակի վրայից, ավելացրեք մեղվամոմ, հովանալուց հետո` չիչխանի յուղ եւ կալանխոէի հյութ (3։1։1։1։1։2)։ Միջոցն օգտակար է ինչպես խոնավ էկզեմային, ոտքի կրունկի ճաքերը հարթեցնելու համար։
Աղացեք տերեւը, խյուսը դրեք վերքին եւ վիրակապեք։
Հյութ. Թարմ հավաքված վերգետնյա մասը լվացեք հոսող ջրի տակ, չորացրեք քամիչի վրա, մեկ շաբաթ պահեք մութ տեղում 7-10 C ջերմաստիճանի տակ։ Լավ մանրացրեք, քամեք հյութը, մեկ օր պահեք նույն պայմաններում (7-10 C), զտեք, ստերիլիզացրեք, ավելացրեք բժշկական սպիրտ (4։1), պահածոյացրեք փոքր սրվակների մեջ։ Պահեք սառնարանում մինչեւ մեկ տարի։
Ոգեթուրմ. Մանր կտրատեք տերեւը, լցրեք ապակե տարայի կեսը, ավելացեք (նույն ծավալը զբաղեցնող) օղի։ Թրմեք 3 շաբաթ մութ տեղում։ Քամեք, մզեք հումքը, զտեք։ Շփեք ոտքերը վարիկոզի դեպքում (վարից` վեր)։
Պսորիազ. Խառնեք կալանխոէի թարմ հյութը, գոլացրած մեղրը, նիվենու յուղը (1։1։3), թրմեք երեք օր։ Քսեք քորի դեպքում։
Հարբուխ. Օրը 2-3 անգամ քսեք կալանխոէի հյութը քթանցքներին, կամ կաթեցրեք 1-2 կաթիլ։
Անգինա.
– Կալանխոէի տերեւն ամրացրեք կոկորդին։ Խառնեք հյութը գոլ ջրի հետ (1։1), կատարեք ողողումներ։
– Խառնեք գոլացրած մեղր, ակնամոմի 10 տոկոսանոց ոգեթուրմ, կալանխոէի հյութ (3։1։1)։ Քսուքով մշակեք բերանի խոռոչը, նշագեղձերը։
Շագանակագեղձի բորբոքում. Մատղաշ բույսի տերեւը կտրատեք, լցրեք տարան եզրից 1 սմ ներքեւ, ավելացրեք օղի այնպես, որ հումքը ծածկվի։ Թրմեք մութ տեղում, տասը օրից քամեք եւ մզեք հումքը։ Խմեք 1 ճ/գ առավոտյան` նախքան սնվելը։ Խորհրդակցեք բժշկի հետ։