Ակնոցը զգեստապահարանի ոչ միայն ամենափոքր դետալն է, այլեւ` ամենանկատելին: Որպես աչքերի յուրահատուկ «հագուստ», ակնոցները ենթարկվում են մոդայի փոփոխություններին եւ անընդհատ ձգտում նորաձեւ լինել:
Հագուստի մոդայի նման ակնոցների արտադրության մեջ էլ կան haut couture եւ pret-a-porter հասկացությունները: Ակնոցները կարող են եզակի լինել եւ շատ թանկ արժենալ, ինչպես օրինակ՝ ֆրանսիացի դիզայներ Ալեն Միքլիի ակնոցները: Alain Mikli բրենդն արդեն 20 տարի իշխում է ակնոցների շուկայում եւ դարձել է թանկարժեք ու նորաձեւ ակնոցների խորհրդանիշը: Ազգությամբ հայ դիզայներ Միքլին համարվում է առաջինը, ով սկսեց համագործակցել հագուստի անվանի մոդելյորների հետ եւ տարվա բոլոր եղանակներին համապատասխան հավաքածուներ պատրաստել: Նա ակնոցներ է նախագծում Դոնա Կարանի, Իսեյ Միակիի, Կլոդ Մոնտանայի եւ այլ հայտնի մոդելյորների զգեստների հետ զուգահեռ եւ համարում է, որ յուրաքանչյուր ակնոց պետք է չկրկնվի ու ինդիվիդուալ լինի: Ալեն Միքլիի վերջին հավաքածուներից մեկը կոչվել է «9-րդ էլեմենտը», որում ընդգրկված ակնոցների բոլոր շրջանակները պատրաստված են եղել տիտանից: Իսկ մոդելյոր Ֆիլիպ Ստարկի հետ աշխատելով՝ նա ակնոցների շրջանակների բոլորովին նոր՝ հեղաշրջումային կառույց է ստեղծել: Նոր ակնոցների շրջանակները՝ բիոմեխանիկական հանգույցների օգնությամբ, գործում են մարդկային հոդերի սկզբունքով: Այդ հանգույցի շնորհիվ ակնոցները հարմարավետ «նստում են» մարդու քթի վրա, հանգիստ ճկվում են եւ շարժումների անհրաժեշտ ազատություն ապահովում: Ընդ որում, այդ շրջանակները կարող են նաեւ անտեսանելի լինել: Ալեն Միքլիի թե՛ օպտիկական, թե՛ արեւային ակնոցները բազմաֆունկցիոնալ եւ ինդիվիդուալ են: Մեր օրերում ակնոցներ բոլորն են կրում, ոմանք` տեսողության խնդիրների պատճառով, ոմանք էլ` ձգտելով ավելի գեղեցիկ երեւալ: Եվ բոլորն էլ հասկանում են, որ ամենակարեւորն ակնոցի դիզայնն է: Ճիշտ ընտրված ակնոցը քողարկում է դեմքի կառուցվածքի թերությունները եւ ընդգծում առավելությունները: Ալեն Միքլին, զրուցակցի հետ խոսելիս, կարծես մտովի նրա համար մոդել է նախագծում: Հայաստանում լինելով` նա հասկացել է, որ շատերը սխալ ակնոցներ են կրում, քանի որ ուշադրություն չեն դարձնում դիզայնին: Իսկ լավ դիզայնը, առաջին հերթին, հարմարավետություն է: Ալեն Միքլին հաճախ չի այցելում իր նախնիների հայրենիքը, սակայն միշտ պատրաստ է աջակցել իր կարիքն ունեցող մարդկանց: «Փարիզյան սուրճ» ցանցի հիմնադիր Վալերի Գործունյան-Ասատրյանը պատմում է, որ իր վաղեմի ընկեր Ալեն Միքլին նաեւ մեծ բարերար է. «Ալենը չի սիրում պատմել իր մասին, բայց նա շատ է օգնում հայ կույրերին: Այն մարդկանց, ովքեր միջոցներ չունեն, անվճար ակնոցներ է ուղարկում, հայկական հիմնադրամներին գումարներ է տալիս, նաեւ «Միսս Եվրոպա» գեղեցկության մրցույթին մասնակցած հայ գեղեցկուհու հովանավորն է եղել: Հայաստանում շատերը չգիտեն նրա բարեգործության մասին: Ալենը շատ էլեգանտ հայ է եւ Հայաստանին նույնպես շատ էլեգանտ ձեւով է օգնում՝ բարձրաձայն չխոսելով իր օգնությունների մասին»:
Աշխարհում տասից ավելի «Alain Mikli» էքսկլյուզիվ բուտիկ կա: Վերջինը Թուրքիայում է բացվել: Գուցե շուտով Ալեն Միքլիի դիզայնով նախագծած ակնոցների խանութ ունենա նաեւ Երեւանը: Ալեն Միքլին իսկապես շատ էլեգանտ տղամարդ է։ Նրան նայելիս առաջին հերթին նկատում ես ակնոցների արտահայտիչ ձեւն ու բարձր որակը:
– Ակնոցի հետեւից ամեն ինչ միշտ ավելի լավ է երեւում, քան առանց ակնոցի: Մանավանդ, ավելի լավ է երեւում կանանց գեղեցկությունը: Ես սկսեցի զբաղվել ակնոցներով, երբ հասկացա, որ իմ ամենամեծ խնդիրը ոչ թե թերի տեսողությունն է, այլ իմ մեծ հայկական քիթը: Ինչ ակնոց գնում էի, տեսնում էի, որ հարմարավետ չեմ զգում: Ակնոցը պետք է այնպես կառուցված լինի, որ քիթը չցավեցնի, լինի թեթեւ ու աննկատելի: Ես հաստատ գիտեմ, որ հայկական քիթ ունեցողն այս կյանքում ամեն ինչ կարող է անել եւ իր գործում բարձունքների հասնել:
– Ի՞նչն է ձեզ բարկացնում այսօրվա Հայաստանում:
– Այն, որ Հայաստանն անընդհատ իր անցյալի վրա է սեւեռվում ու առաջ չի գնում:
– Գուցե չի՞ տեսնում իր ապագան:
– Բայց Հայաստանը շատ մեծ ապագա ունի: Հայը պետք է կարողանա ուրախանալ: Աշխարհի ամենահարուստ մշակույթներից մեկը մերն է: Մենք պետք է դրանով ուրախ լինենք եւ աշխարհով մեկ բաժանենք այդ ուրախությունը: Անցյալին պետք չէ նայել, առաջ նայեք: Անցյալ շաբաթ ես Ստամբուլում էի, որտեղ իմ խանութն էի բացում: Բազմաթիվ լրագրողներ ինձ հարցնում էին՝ հայ լինելով՝ ինչո՞ւ եք այստեղ խանութ բացում: Ես պատասխանեցի, որ շատ ուրախ եմ Թուրքիայում գտնվելով եւ ցանկանում եմ, որ թուրքերն աշխարհին նայեն աշխարհի ամենալավ ակնոցներով, որոնք հայերն են պատրաստում: Եվ թող հայի պատրաստած ակնոցները թուրքերի հայացքներն ավելի խելոք դարձնեն: Ես ամենուրեք ասում եմ, որ հայ եմ: Թուրքերն էլ դա գիտեն եւ շուտով կրելու են հայի պատրաստած ակնոցները: Կարծում եմ՝ բոլոր հայերն այդպես պիտի աշխատեն, որպեսզի մեր առաջ փակ դռներ չմնան: Ազգային հարցերը Աստծո ձեռքում են, մենք պարզապես պետք է ավելի ճարպիկ աշխատենք, քան ուրիշները:
– Դուք նաեւ միշտ հետաքրքրվել եք կույրերի եւ թույլ տեսողություն ունեցող մարդկանց խնդիրներով: Ինչպե՞ս ծնվեց լուսանկարիչ Յան Արտուս-Բերտրանի լուսանկարները ռելիեֆային դարձնելու միտքը:
– Դա իմ գործունեության մյուս կողմն է: Ես միշտ գնահատել եմ զգալու կարողությունը: Իսկ կույր մարդը ոչ թե երկու, այլ տասը աչք ունի: Նրա աչքերը մատներն են: Կույրերն ավելի զգայուն են, եւ այս ռելիեֆային լուսանկարները նրանք մատներով են զգում:
– Տեսնող մարդիկ՝ շոշափելով նկարները, ոչ մի բան չեն զգում եւ չեն հասկանում նկարը:
– Եթե դու չես զգում, դա նորմալ է: Այդպես էլ պետք է լինի, դու չես կարող որոշել եւ մի քանի վայրկյան կույր դառնալ: Ես իմ կյանքում շատ եմ ճամփորդել, եղել եմ Ճապոնիայում, Հոնկոնգում: Այնտեղ ես իմ մաշկի վրա զգացել եմ կույրերի զգայունությունը: Հոնկոնգում կույր մերսողները յուրահատուկ մերսում են կատարում եւ համարվում են աշխարհի ամենալավ մերսողները, քանի որ նրանց մատները շատ զգայուն են: Այնտեղ ես հասկացա, որ կույրերը մեզանից մեկ զգայարան ավելի ունեն: Մեզ մոտ տակտիլ շփումը նմանօրինակ զարգացած չէ: Երբ ինչ-որ բան պակասում է կյանքում, բնությունը փոխհատուցում է այն: Ես չէի մտածել ռելիեֆային պատկերներ ստեղծելու մասին: Յանն ինձ առաջարկեց փորձել, եւ ես համաձայնեցի: Սկզբում մեր այս նախագծին կույրերի խնդիրներով զբաղվող մասնագետները շատ քննադատորեն մոտեցան եւ Ֆրանսիայում այս նախագծի դեմ հոդվածներ տպագրեցին:
– Ի՞նչն էր քննադատության պատճառը:
– Ես մեծ ուշադրություն էի դարձրել մանր դետալների վրա: Սովորաբար, երբ կույրերի համար գիրք են տպագրում, ուշադրություն են դարձնում ամենախոշոր տարրերի վրա: Օրինակ, Էյֆելյան աշտարակը պատկերում են` մանրամասն ընդգծելով յուրաքանչյուր հարկը, որպեսզի կույրը զգա աշտարակի ուրվագիծը եւ իմանա՝ քանի հարթակ ունի այն, իսկ մանր դետալները կարեւոր չեն համարում: Ես միշտ կարեւորում եմ մանրուքները: Գիտեմ, որ մանրուքներն են տարբերում մի կառույցը մյուսից եւ մի մարդուն մյուսից:
– Կույրերի համար նախատեսված ուրիշ նախագծեր իրականացնելո՞ւ եք:
– Ես ուզում եմ շարունակել այդ գործունեության ճյուղը եւ պատրաստել հայտնի նկարիչների պորտրետների շոշափվող տարբերակները: Ուզում եմ Լուվրի հավաքածուն կույրերի համար ճանաչելի դարձնել, որպեսզի նրանք արվեստից հեռու չմնան: Հնարավոր է՝ Լուվրում շուտով սրահ բացվի հատուկ կույրերի համար: Այդ նախագիծը Ֆրանսիայի պետության կողմից է ֆինանսավորվելու: Յան Արտուս-Բերտրանը լուսանկարել է Հայաստանը, եւ այդ լուսանկարները ցուցադրվելու են նաեւ Թուրքիայում: Իմ ապագա պլանները կապված են հայկական բնապատկերները թուրք կույրերի համար ճանաչելի դարձնելու հետ: Ուզում եմ, որ թուրքերը տեսնեն երկնքից լուսանկարված Հայաստանը:
– Տեսողության կորուստը շատերի համար ողբերգություն է: Թվում է, որ զրկված ես ամենակարեւոր բանից:
– Կարծում եմ, որ կույր լինելով, մարդը ոչ մի բան էլ չի կորցնում, ընդհակառակը՝ դեռ շահում է: Նա այլ կերպ է զգում ժամանակը: Ժամանակը կույրերի համար ավելի դանդաղ է հոսում, նրանք այլ ռիթմի են սովորում եւ կարողանում են հասկանալ այն, ինչ մենք չենք հասկանում: Երեւանում ես հանդիպել եմ կույրերի, ովքեր չորս-հինգ անգամ էին եկել Յան Արտուս-Բերտրանի ցուցահանդեսը նայելու եւ ասում էին, որ ամեն անգամ ինչ-որ նոր բան են իրենց համար հայտնաբերում: Մենք ավելի անխնա ենք ծախսում մեր ժամանակը եւ այդ պատճառով չենք գնահատում մեզ հատկացված կյանքի ժամանակը: Մեզ կարող է թվալ, որ արագ-արագ նայեցինք ու տեսանք, բայց իրականում ոչ մի բան էլ չենք տեսել: Իսկ կույրերն իրենց տասը մատներով մանրամասն զգում ու տեսնում են նկարները: Մի քանի վայրկյանը նրանց հերիք չէ: Նրանք պետք է մի քանի անգամ մատներով անցնեն նկարի վրայով, որպեսզի հասկանան: Եվ նրանք կարող են այնպիսի մանրուքներ զգալ, որոնք մենք չենք զգում: Կույր լինելը մեղք չէ, մեղքը մենք ենք գործում, երբ համարում ենք, որ կույրերը նորմալ մարդիկ չեն: Անարդարությունը մեր մոտեցման մեջ է: Իսկ կույրերը պետք է ուժեղ լինեն, որպեսզի կարողանան հաղթահարել մեր այդ անարդարությունը: