Ազատության հրապարակում երեկ կայացավ նախընտրական քարոզչության շրջանակներում Հայ ազգային կոնգրեսի առաջին հանրահավաքը: Անցած տասը օրերին ՀԱԿ-ի մարզային հանդիպումների ֆոնին երեկվա հանրահավաքը բազմամարդ էր եւ տեւեց սովորականից զգալիորեն երկար: Երեկվա հանրահավաքի հիմնական տպավորությունն այն էր, որ ՀԱԿ-ում զգացել են քարոզչության առաջին հատվածի` իրենց համար ոչ այնքան բարենպաստ ընթացքը եւ որոշել են փոխել մարտավարությունը: Երեկվա հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն
Տեր-Պետրոսյանի ելույթը տեւեց ավելի քան մեկուկես ժամ: Ընդ որում, գրեթե միշտ նախապես գրված ելույթներով հանդես եկող ՀՀ առաջին նախագահը երեկ խոսում էր առանց գրավոր տեքստի, խոսում էր ամենայն մանրամասնությամբ, խոսում էր գրեթե ամեն ինչի մասին, գրեթե բոլոր ոլորտներում իշխանությունների ձախողումների մասին, խոսում էր միայն իրեն բնորոշ հռետորաբանությամբ: Լ. Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթից հետո առաջին տպավորությունն այն էր, որ կարծես ՀԱԿ-ի վերջին ռեսուրսը մնացել է նրա առաջնորդի բացառիկ հռետորաբանությունն ու մարդկանց անվերապահ համոզելու տաղանդը: Իսկ բովանդակային առումով թե երեկվա հանրահավաքը, թե Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի որդեգրած` միայն ՀՀԿ-ի դեմ ռազմավարության շրջանակներում էր:
Այն տարբերությամբ, որ երեկ ավելի շատ էր շեշտվում «քոչարյանասերժական վարչախումբ» արտահայտությունը: ՀԱԿ-ի հաշվարկը հետեւյալն է` Ռոբերտ Քոչարյանին կրկին կապելով Սերժ Սարգսյանի հետ (2008 թվականից հետո տեւական ժամանակ ՀԱԿ-ը հակառակն էր անում` տարբեր փուլերում ակնարկելով Քոչարյանի դեմ պայքարում Ս. Սարգսյանին աջակցելու պատրաստակամության մասին)` ԲՀԿ-ին տարանջատել Քոչարյանից եւ ներկայացնել որպես ինքնուրույն միավոր: Այդ վարկածին հավատալը գրեթե նույնն է` ինչ հավատալ ՀՀԿ-ի կարգախոսին: Ի դեպ, մի պահ ընդունենք, որ կարող է նման բան լինել (ԲՀԿ-ն կարող է դուրս գալ Քոչարյանի վերահսկողությունից): Այդ դեպքում չափազանց հետաքրքիր է` ի՞նչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն քոչարյանասերժական վարչախմբի դեմ պայքարի հանդեպ:
Լ. Տեր-Պետրոսյանը հավաստիացնում է, որ արդար ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն չի կարող հաղթել, այսինքն` այս ընտրությունների միջոցով հնարավոր է ազատվել քոչարյանասերժական վարչախմբից: Արդար ընտրությունների անցկացման գործում էլ Լ. Տեր-Պետրոսյանը չափազանց կարեւորում է ընտրությունների օրինականությունը վերահսկող միասնական շտաբի գործունեությունը: Այսինքն` ստացվում է, որ եթե այդ շտաբը լավ աշխատի, ապա քոչարյանասերժական վարչախմբի նկատմամբ հաղթանակն ապահովված է: Հետաքրքիր է նաեւ, թե ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ միասնական շտաբի ակտիվ անդամներից ու ջատագովներից մեկը` ԲՀԿ-ն: