ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավի շրջանակներում երեկ հանդիպումներ է ունեցել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Ծաղկահովիտ համայնքի եւ Թալինի բնակիչների հետ: Դիմելով ներկաներին, Ս. Սարգսյանն ասել է. «Այս ընտրությունները կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Որպես ՀՀԿ նախագահ` ցանկանում եմ, որ դուք ձայն տաք ՀՀԿ-ին, իսկ որպես ՀՀ նախագահ` ես շահագրգռված եմ, որ ընտրություններն անցնեն ազատ ու արդար: Իսկ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար թե իշխանությունները, թե քաղաքացիները պետք է համագործակցեն` ձեռք ձեռքի տալով»: Ս. Սարգսյանի խոսքով` ՀՀԿ-ն` որպես իշխող կուսակցություն, նախորդ հինգ տարիներին չի ծուլացել, եւ շատ աշխատանքներ է կատարել, որոնք նպատակ ունի շարունակել նաեւ առաջիկա տարիներին: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Ս. Սարգսյանն ասել է. «Հինգ տարիների ընթացքում մենք աշխատել ենք, ծուլություն չենք արել, իսկ դուք կարող եք դրան տալ ձեր գնահատականը: Աշխարհում արդեն մեզ հետ հաշվի են նստում, միանշանակ է նաեւ այն, որ միջազգային հարթակներում մենք հաջողությամբ ներկայացնում ենք մեր շահերը»: «Մեզ համար թանկ է եւ կարեւոր ձեր աջակցությունը, ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում` մայիսի 6-ին ձեր վստահության քվեն տաք մեզ»,- Թալինում ասել է Ս. Սարգսյանը: