Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։
Սա, կարելի է ասել, մինչեւ ընտրությունները գործող իշխանությունների վերջին հաշվետվությունն է (հաջորդը կլինի արդեն ընտրություններից հետո)։ Այսինքն՝ տարվա առաջին եռամսյակի վիճակագրական ամփոփումը ինչ-որ տեղ նախընտրական բնույթ ունի։
Միանգամից նշենք, որ հունվար-մարտ ժամանակահատվածի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ասել է թե՝ տնտեսական աճի ցուցանիշը) կազմել է 6.1%։ Սա 2 տոկոսային կետով գերազանցում է բյուջեով նախատեսված ցուցանիշը։ Նշենք նաեւ, որ այս տարվա մարտին ՏԱՑ-ը նախորդ տարվա մարտի համեմատ կազմել է 6.6%, իսկ փետրվարի համեմատ՝ 18.4%։
Սակայն սա միակ ցուցանիշը չէ, որի վրա իր ուշադրությունը կենտրոնացնելու է իշխանական քարոզչությունը։ Բանն այն է, որ 6.1% տնտեսական ակտիվության ցուցանիշն ապահովվել է առաջին հերթին արդյունաբերության 16.4%-անոց աճի շնորհիվ։ Ընթացիկ տարվա հունվար-մարտին երկնիշ աճ է արձանագրել նաեւ ծառայությունների ոլորտը՝ 11.5%։ Ի դեպ, ծառայությունների ոլորտի տպավորիչ աճը փորձագետներից ոմանք պայմանավորում են ԱռՊԱ-ի (առողջության պարտադիր ապահովագրություն) ներդրմամբ, որը ապահովագրական ընկերությունների եւ բանկերի համար լրացուցիչ մի քանի միլիոն դոլարի հասույթ է ապահովել։ Թե որքանո՞վ է ծառայությունների ոլորտի 11.5% աճը պայմանավորված ապահովագրական շուկայով, հնարավոր կլինի ասել մի քանի օր հետո, երբ ԱՎԾ-ն կհրապարակի հունվար-մարտ ժամանակահատվածի ամբողջական, վերջնական զեկույցը՝ ըստ ոլորտների։
Փաստորեն, սա կարելի է ներկայացնել որպես տնտեսության կառուցվածքի էական փոփոխություն, որում տնտեսության շարժիչ ուժը դառնում է արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտները։
«Պլպլանների» շարքում կան եւս երկու ցուցանիշ։ Նախ, Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 2232մլն կՎտ/ժ։ Սա, իհարկե, սերտորեն կապված է արդյունաբերության ոլորտի հետ։ Եվ վերջապես, արտաքին առեւտրաշրջանառությունը. 2012թ. հունվար-մարտին արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 1.3 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 15%-ով։ Սակայն դրականն այն է, որ արտահանման աճի տեմպը ավելի քան 3 անգամ գերազանցում է ներմուծման աճի տեմպին։ Այսպես, ներմուծումն այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.7%-ով եւ կազմել 956 միլիոն դոլար, իսկ արտահանումն աճել է 32.5%-ով՝ կազմելով 347.7 միլիոն դոլար։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է շուրջ 608 միլիոն դոլար։ Նախորդ տարի այդ ցուցանիշը շուրջ 621 միլիոն դոլար էր։ Փաստորեն, թեկուզ քիչ չափով, սակայն բացասական հաշվեկշիռը փոքրանում է։
Սրանք ԱՎԾ զեկույցի դրական «նորություններն» էին։ Մնացածը, ցավոք սրտի, կամ բացասական են, կամ՝ անհասկանալի։
Նախ՝ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը, բառի բուն իմաստով, անփոփոխ է մնացել՝ աճը զրո տոկոս։ Փաստորեն՝ կառավարության ջանքերը (վարկավորում, սուբսիդավորում) դեռեւս արդյունք չեն տալիս։
Եթե գյուղատնտեսության ոլորտում գոնե անկում չկա, ապա շինարարության դեպքում պատկերը տխուր է։ Պաշտոնական վիճակագրությունն այստեղ արձանագրել է 5.5%-անոց անկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Փաստորեն, շինարարությունը արդեն 3-րդ տարին անընդմեջ շարունակում է ետընթացը։ Մի կողմից, սա նպաստում է ՀՆԱ-ի կառուցվածքի փոփոխությանը` հօգուտ մյուս ճյուղերի։ Մյուս կողմից, ինչպես ժամանակին մեր թերթի հետ զրույցում նշել էր ՌԴ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը, դրանով ուրախանալ չի կարելի։ Այսինքն՝ բացասական ցուցանիշով ոչ մի դեպքում չի կարելի ոգեւորվել, եթե անգամ այն հանգեցնում է մեկ այլ ցուցանիշի բարելավմանը։
Անցնենք անհասկանալի ցուցանիշներին։ Դա առեւտրի (մանրածախ եւ մեծածախ ներքին առեւտրաշրջանառության) ցուցանիշն է։ Նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, այն գրեթե չի փոխվել։ Աճը կազմել է ընդամենը 0.3%։ Իհարկե, սա ինչ-որ տեղ կարելի է կապել գյուղատնտեսական արտադրանքի զրոյական աճի հետ։ Սակայն, մյուս կողմից, եթե աճել են արտաքին առեւտրաշրջանառության ծավալները, արդյունաբերական արտադրանքը, եթե 5 տոկոսով ավելացել է միջին ամսական անվանական աշխատավարձը (ինչպես նշված է զեկույցում), ապա դա պետք է անդրադառնար նաեւ առեւտրաշրջանառության վրա։ Առավելեւս, որ սպառողական գները հունվար-մարտ ժամանակահատվածում աճել են 3.3%-ով։
Առեւտրաշրջանառության ծավալների ֆիքսումը կախված է նրանից, թե այս ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտներն իրենց շրջանառության ո՞ր մասն են ցույց տալիս։ Այլ կերպ ասած՝ որքանո՞վ են բարեխիղճ ՀԴՄ կտրոններ տրամադրելու հարցում։ Եթե տնտեսության մյուս հատվածների ինտենսիվ աճի արդյունքում առեւտրաշրջանառության ծավալները չեն ավելանում, ապա դա նշանակում է, որ ստվերի մակարդակը շարունակում է բարձր մնալ։
Ամփոփելով, կարելի է նշել, որ ԱՎԾ-ի զեկույցը դասական առումով նախընտրական չի կարելի համարել. դրանում բացասական դրսեւորումները քիչ չեն։ Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, Հայաստանում որոշ ԶԼՄ-ներ հմտացել են վիճակագրական եւ այլ տիպի զեկույցներից «ծաղկաքաղ» անելու եւ միայն դրականը ներկայացնելու գործում։ Պարզապես պետք է հերթական անգամ հիշեցնենք, որ Հայաստանում մարդիկ վիճակագրությամբ, մեղմ ասած, չեն հետաքրքրվում։