– Ես տարեդարձներ ու ծնունդներ նշելուց հեռու մարդ եմ, բայց տղաս, որը հիմա ԱՄՆ-ում է, զանգահարեց եւ ասաց. «Մամ, դու փուլ ես եզրափակում, այդպես չի կարելի»: Մյուս կողմից էլ` հարազատներիս հորդորներով նշեցինք «Նե»-ի 10-ամյակը: Ներկա էին ընթերցողներ, համակիրներ, կոլեգաներ, գործարար մարդիկ, որոշ նախարարներ ու պաշտոնյաներ: Ասում եմ` որոշ, որովհետեւ ընտրությունը նրանց շրջանում իմ կողմից խիստ սահմանափակ է: Այդ օրը նաեւ իմ ծննդյան օրն էր:
– Պատահականությո՞ւն էր, թե՞ մտածված էր, որ «Նե»-ի առաջին համարը լույս տեսավ Ձեր ծննդյան օրը:
– Ընկերներս կարծում էին, որ իմ տեսակը վերացող տեսակ է, եւ մտածում էին, որ անպայման պետք է աղջիկ ունենամ, որպեսզի տեսակս շարունակվի: Քանի որ այդ ժամանակ չկար այն մեկը, որից ես կուզենայի աղջիկ ունենալ, դրա համար էլ ծննդյանս օրն իմ սրտից ծնվեց «Նե»-ն:
– Այսօր շատ գործարար կանանց մասին լսում ենք, իսկ դուք կարծես այնքան էլ չեք երեւում: Ինչպես ասում են՝ «մարդը գլուխը կախ իր գործն է անում»:
– Ինձ համար շատ տեղին արտահայտություն է «գլուխը կախ գործ անելը»: Տեսակս է այդպիսին, հեռուստաընկերությունների տասը հրավերից գուցե մեկն ընդունեմ, առաջարկվող հարցազրույցներից մեկն ընդունեմ: Ես սիրում եմ լուռումունջ աշխատել ու չեմ սիրում արածս դրոշակ դարձնել, անընդհատ խոսել դրա մասին: Ես ունեմ շատ հրավիրատոմսեր, ուր չեմ գնացել, իսկ թե ինչու չեմ գնացել, որովհետեւ շատ բաների մեջ ֆարս եմ տեսնում: Սիրում եմ բնական փոխհարաբերություններ ու գնում եմ այնտեղ, ուր հանդարտ մթնոլորտ է տիրում: Չեմ սիրում կեղծ ու հերթապահ ժպիտներ: Նույնիսկ ինձ առաջարկվող պաշտոններին չեմ հավակնում, քանի որ չեմ կարող ի պաշտոնե ավելորդ ժպտալ կամ կենսակերպ փոխել: Իսկ առհասարակ, թեկուզ հոգուս խորքում տխուր մարդ եմ, բայց սիրում եմ մարդկանց մեջ լինել, ուրախանալ, խմել՝ նայած ում հետ եւ ինչ մթնոլորտում: Չեմ սիրում ձեւական բաներ՝ սկսած հագուստից, որ ես արհեստական որակի ոչինչ չեմ հագնում:
– Կանացի հմայքը Ձեզ օգնե՞լ է աշխատանքում:
– Եթե ասեմ, որ կանացի հմայքը չեմ օգտագործել որեւէ հարց առաջ տանելու համար, ճիշտ չի լինի: Այդպիսի դեպքեր եղել են եւ կան: Քանի որ, մեղմ ասած, մենք ոչ շատ օրինական երկրում ենք ապրում, որտեղ պիտի անցնի այն, ինչ պիտի անցնի, ուստի ինչ-որ տեղ նշանակություն ունի նաեւ կանացի հմայքը:
– Այսօր կրպակներից կարծես հնարավոր չէ «Նե» ձեռք բերել, ի՞նչն է պատճառը:
– Ես սկզբունքորեն «Հայփոստի» հետ չեմ համագործակցում, որովհետեւ դժգոհություններ ունեմ: Աշխատում եմ անձնական «հայփոստային» ծառայությունների հետ: Պայմանագրեր ունենք տեղի ու արտերկրի՝ եվրոպական, ամերիկյան եւ ռուսաստանյան ձեռնարկությունների հետ: Բացի ամսագրից, մենք ամեն տարի օրացույց ենք հրատարակում, մոտ 10-12 անուն գրականություն ենք տպագրել: Եթե Ֆրանսիայի նման քմահաճ երկրից 1000 օրինակ ամսագիր են ուզում, ուրեմն մենք մեզանից քիչ բան չենք ներկայացնում:
– Այսօրվա կինը շա՞տ է տարբերվում նախորդ դարի կանանցից:
– Այո, իհարկե, ամեն դեպքում դար է փոխվել: Կանայք շփման նոր մաներաներ են ձեռք բերել, նախընտրում են ավելի շատ վառ գույների հագուստը, սկսել են մեքենա վարել: 1990 թվականին ավտոմեքենա վարելն ինձ համար շատ դժվար էր, չէի կարող հանգիստ կանգնել կարմիր լույսի տակ, իսկ այսօր դա այդպես չէ, որովհետեւ մեքենա վարողների 40 տոկոսը կանայք են: Բոլոր ոլորտներում էլ կանայք փոխվել են, բայց, այնուամենայնիվ, հայ կնոջ կերպարն ամփոփող մի կարծիք ունեմ: Դեռ գրականությունն ու պատմությունն են ապացուցում, որ հայ կինն իր հոգեւոր տարածքը պահել գիտի: Իհարկե, չեմ սիրում, երբ ասում են՝ կանայք այսպիսին են, տղամարդիկ այնպիսին են… Յուրաքանչյուր մարդ ծնվում, ապրում եւ մեռնում է յուրովի: Պարզապես ելնելով ազգային ավանդույթներից, հայ կնոջ մեջ կա զավակին, ամուսնուն, ընտանիքին հավետ նվիրյալ լինելու տեսակը: Անշուշտ, այսօր ինչ-որ բաներ խաթարվել են՝ տոնավաճառներում, Թուրքիայում ու Էմիրություններում հայտնվելու պատճառով:
– Ինչո՞վ կբացատրեք այն փաստը, որ կանայք ձգտում են նմանվել տղամարդկանց, տղամարդիկ էլ՝ ճիշտ հակառակը:
– Նորաձեւ լինելու համար կինը տաբատ է հագնում, ընտանիք պահելու համար առեւտրով է զբաղվում: Իսկ ինչ վերաբերում է դերերի փոփոխությանը, ապա ուզում ենք ինտեգրվել Եվրոպային եւ չընդունե՞լ նման բաներ… Պարզապես հասարակության մեջ կա թույլ մաս, որն ինտեգրվելուց ոգեւորություն է ապրում: Ես գիտեմ, որ մեզ մոտ միասեռականներն ունեն հավաքատեղի, ճանաչում եմ այդպիսի մարդկանց եւ դա համարում եմ հիվանդություն: Եվրոպային ինտեգրվելը այդպիսի կողմեր էլ ունի, պետք է դիմանալ:
– Ի՞նչ է պետք այսօր կնոջը` երջանիկ լինելու համար:
– Մեկին՝ սեր, մյուսին՝ հարստություն, երրորդին՝ զավակ ունենալ կամ շրջագայել: Օրինակ, ես գիտեմ մի կին, որը չի սիրում իր ամուսնուն, մեղա՝ չի սիրում նաեւ իր երեխաներին, բայց իր ապահով վիճակը բավական է, որ նա իրեն երջանիկ զգա: Սովորաբար բոլոր կանայք սկզբից ձգտում են սիրուն, բայց այդ էլ շատ տարբեր է լինում, սկսած կուշտ ստամոքսից` վերջացրած պլատոնական սիրով:
– Կարողանո՞ւմ եք ընտանիքին էլ բավարար ժամանակ հատկացնել:
– Ես հասցրել եմ եւ ծնողներիս այցելել, եւ մտերիմներիս տեսնել, եւ զավակիս դաստիարակել, ճաշ պատրաստել կամ տունը մաքուր պահել, ու կարծես ոչ ոք եւ ոչինչ, նաեւ` աշխատանքս, չեն տուժել: Բայց այս պարագայում տուժել եմ ես: Այսինքն` հիմնականում աշխատում էի գիշերվա 1-ից հետո: Տուժել եմ, բայց երբեք չեմ տրտնջացել, որովհետեւ ուզել եմ` արել եմ, ոչ ոք ինձ չի ստիպել: Եվ գտնում եմ, որ ես պիտի տուժեի, ճիշտը դա էր:
– Ինչպիսի՞ սկեսուր կլինեք դուք:
– Ես ունեմ 20 տարեկան մեկ տղա՝ Վիգենը, եւ 10 տարեկան աղջիկ՝ «Նե»-ն՝ իմ հրատարակությունը: Տղաս հիմա ԱՄՆ-ում է, իսկ ես այստեղ մենակ եմ ապրում: Կարող եմ ասել, որ ես չունեմ մայրական էգոիզմ, կամ քիչ ունեմ, կամ խեղդում եմ: Երբ տղաս ինձ ասաց Միացյալ Նահանգներ գնալու իր որոշման մասին, ճիշտ է, ինձ համար շատ դժվար էր, բայց ես չխոչընդոտեցի նրան, որովհետեւ հասկանում էի, որ իմ ազգանունն ու կարգավիճակը խանգարում էին նրան ինքնահաստատվել: Կարծում եմ՝ այդ էգոյից արդեն վեր եմ կանգնել: Ես շատ լավ եմ հասկանում, որ երբ որդուս կյանքում հայտնվի կին, որին ինքը կսիրի, ես արդեն մեկ քայլ ետ կկանգնեմ, որովհետեւ դա է ճիշտը:
– Սիրո՞ւմ եք լինել խոհանոցում:
– Երբ 15 տարի առաջ ապրում էի 1 սենյականոց բնակարանում, շատ փոքրիկ խոհանոց ունեի, որը շատ էի սիրում: Հիմա էլ, երբ իմ խոհանոցը գրեթե մի ճաշասենյակի չափ է, էլի շատ եմ սիրում գտնվել այնտեղ:
Ոչ թե մեծություն եւ փոքրություն կամ հարմարավետություն եմ սիրում, այլ սիրում եմ խոհանոց կոչված տեղը, որտեղ սիրով պատրաստում ես քո սիրելի մարդկանց համար: Հաճույք եմ զգում, երբ հյուրասիրում եմ մարդուն: Շատ եմ սիրում խոհանոցում ստեղծագործել, ծանոթ եմ տարբեր երկրների ճաշատեսակների պատրաստման ձեւերին: Հիմա, քանի որ մենակ եմ, հաճախ չեմ լինում խոհանոցում, մտնում եմ սուրճ պատրաստելու համար: