Մարտի 12-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող եւ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի երկու ընտրական գործընթացներին» ծրագրի շրջանակներում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացրել է տպագիր մամուլի մոնիտորինգ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթեւիկ Փիրումյանը տեղեկացրել է, որ նշված ժամանակահատվածում հետազոտվել են Հայաստանում հրատարակվող 16 անուն թերթերի մոտ 2500 հոդվածներ, որոնք առնչվել են 2012թ. խորհրդարանական ընտրություններին: Ըստ բանախոս Արմեն Մինասյանի` ներկայացված հաշվետվության համաձայն` հայաստանյան տպագիր մամուլը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ընտրական գործընթացի նկատմամբ: «Այդուհանդերձ, շատ դեպքերում մամուլում արձանագրվել են անհավասարակշիռ, իրադարձությունների սուբյեկտիվ եւ ընտրանքային լուսաբանման դեպքեր: Դրանք դրսեւորվում են գնահատականներ պարունակող վերնագրերով, ինչպես նաեւ` ամենատարբեր մանիպուլյատիվ հնարքներով: Հաճախ են հեղինակի կողմից կողմնակալ վերաբերմունքի դրսեւորման դեպքերը` գնահատական պարունակող մեկնաբանություններ, զրուցակիցներին ուղղորդող հարցադրումներ»,- ասել է նա: Նրա խոսքով` տպագիր մամուլն ավելի շատ իրականացնում է քարոզչական, քան տեղեկատվական գործառույթ: «Քաղաքական ուժերի եւ գործիչների օգտին կամ ի վնաս նրանց բացահայտ կամ քողարկված քարոզչություն պարունակող նյութերի ծավալը շատ թերթերում գերազանցում է հրապարակումների մեկ երկրորդը»,- ասել է Ա. Մինասյանը:
Ի դեպ, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տպագիր մամուլում ամենից շատ հիշատակվել է ՀՀԿ-ն (որից 40 %-ը` բացասական ուղղվածությամբ), հաջորդը ԲՀԿ-ն է` 37% բացասական ուղղվածությամբ, ՀԱԿ-ը հիշատակվել է 12,1% դրական ուղղվածությամբ եւ 41,9%` բացասական: