Կենտրոնում արդեն միայն ավանակներն են*

21/04/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում փոքրիկ պարբերություններ ունեն` նվիրված գիտությանը: ՀՀԿ-ն նկատել է, որ «մշակույթը, գիտությունն ու կրթությունը պետք է լինեն պետական հոգածության հիմնական առարկա»: bhk.am կայքում այս կուսակցության ներկայացրած կարճառոտ ծրագրում «գիտություն» բառին ընդհանրապես չհանդիպեցի: Իշխանական կոալիցիայի երրորդ մասնակիցը` ՕԵԿ-ը, մի քանի կետով ներկայացրել էր իր ցանկությունները:

Առաջին երկու կուսակցությունները համարվում են ընտրությունների ֆավորիտ: Երրորդը` ձգտում է: Ընտրությունների արդյունքները որքանո՞վ են սփոփիչ լինելու գիտնականների, դիցուք` իմ զրուցակցի` ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Journal of Computation Science» միջազգային հեղինակավոր գիտական ամսագրի խմբագրակազմի անդամ Աշոտ Գեւորգյանի համար:

– Պարո՛ն Գեւորգյան, երկրի քաղաքական, տնտեսական վիճա՞կն է թելադրում գիտությանը` լինել ոչ այնքան տեսանելի կարգավիճակում, թե՞ գիտության վիճակն է թելադրում քաղաքականության եւ տնտեսության այն պատկերը, որը կա այսօր:

– Եթե պետություն չկա, հասարակությունը չի կարող ինքն իրեն գիտություն զարգացնել: Գիտնականները եւ, առհասարակ, մտավոր խավը պետության կայացման հիմնական կռվանն է: Անկախացման տարիներին այդ շերտը երեք նախագահների օրոք էլ ենթարկվել է նպատակային ոչնչացման: Ընթացքը շարունակվում է մինչ այժմ: Էլ չասեմ, որ ժամանակ առ ժամանակ արտառոց որոշումներ են կայացվում, որոնք ուղղակի քայքայում են եղած գիտական ներուժը: Անցած տարի հրավեր ստացա մասնակցել միջազգային գիտական համագործակցության շրջանակներում կազմակերպված Ժամանակակից քվանտային մեխանիկային նվիրված գրքի ստեղծման աշխատանքներին: Գիրքը տպագրվեց եւ մեկ օրինակ ուղարկվեց մեր հիմնարկի հասցեով: Սակայն գիրքը հայտնվեց մաքսատանը: Այն մաքսազերծելու համար ինձնից պահանջեցին իմ աշխատավարձի չափ գումար` 65.000 դրամ: Երկար վիճաբանությունից հետո գիրքը «զիջեցին» 6500 դրամով: Հիմա էլ գալիս է ՆԱՍԱ-ի կողմից հրատարակած գիրքը, ուր շատ կարեւոր աշխատանք ունենք ժամանակակից վիճակագրական ֆիզիկայի վերաբերյալ: Ինձնից եւ իմ ասպիրանտից պահանջում են 25.000-ական դրամ` մաքսազերծման համար: Եթե ցանկանում են գիտություն զարգացնել, նման անհեթեթ օրենքները պետք է ուղարկեն գրողի ծոցը:

– Պետությունը բազմիցս ակնարկել է, որ ինքն է գիտնականներից ակնկալում գիտական այնպիսի արտադրանք, որը կվաճառվի միջազգային շուկայում, եւ ոչ թե պետությունը պետք է իր համեստ միջոցներից գումար տրամադրի: Եվ դեռ հայտնի չէ` արդյունք կլինի՞, թե՞ ոչ:

– Դա ինչ-որ առումով ճիշտ կլիներ, եթե պետությունը ստեղծեր հնարավորություններ գիտության զարգացման համար: Այդ ժամանակ գիտնականները, հավատացեք, կպահեին երկիրը: Մեզ մոտ հակառակն է. պետությունը հանդես է գալիս որպես ավարառու` հարձակվում է գիտական խավի վրա, դանակը դնում է կոկորդին եւ ասում` տվեք մեզ այն, ինչ ունեք: Ես պաշտոնապես ասում եմ` եթե հայ գիտնականների առջեւ խնդիր դրվի նավթը փոխարինել վառելիքի այլ` տեղական հումքի վրա հիմնված, էկոլոգիապես մաքուր եւ էժան տեսակով, այդ խնդիրը կիրագործվի կարճ ժամանակահատվածում:

– Ուզում եք ասել` այդ առաջարկով գիտնականները դիմել են պատկան մարմիններին, եւ ոչ մի արձագա՞նք:

– Այո: Սա իմ ընկերների գիտական մշակումների արդյունքն է: Բազմիցս դիմել են, սակայն ո՛չ հայ գործարարները, ո՛չ պաշտոնյաները շահագրգռված չեն:

– Եթե հավատանք Ձեր ասածին, դա ռազմավարական խնդիր է, որի լուծումը բխում է նախեւառաջ պետության շահերից:

– Իհա՛րկե: Բայց այստեղ պետություն չկա: Կան մի քանի ընտանիքներ, որոնք հետապնդում են մեկ նպատակ` հնարավորինս արագ թալանել Հայաստանն ու փողը տեղափոխել արտասահման: Մեր երկրում փողը հայտարարված է աստված` դրանից բխող բոլոր աղետալի հետեւանքներով:

– Ծանո՞թ եք կուսակցությունների նախընտրական ծրագրերին: Նրանցից մի քանիսն անգամ գիտությանը նվիրված տողեր ունեն:

– Բոլոր կուսակցություններին առնչվել եմ` այս կամ այն կերպ: Բոլոր զրույցները գիտության զարգացման մասին` դատարկախոսություն է: Այս վիճակի հիմնական մեղավոր եմ համարում ուսյալ խավին, որը չի պայքարում, այլ սպասում է, որ իրեն կառաջարկեն մտնել այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակ, ուր հիմնականում բախտախնդիրներ են, մարդիկ, ովքեր գիտության, կրթության, բարոյականության հետ առնչություն չունեն: Ինչի՞ն հավատամ:

– Գիտությունն աշխարհում զարգանում է ահռելի արագությամբ: Ձեր ասածից ստիպված ես եզրակացնել, որ Հայաստանն այդ գործընթացին ամենեւին մասնակից չէ:

– Մասնակից չէ, այո՛: Կան անհատներ, ովքեր մեծ դժվարությամբ մնալով այստեղ, ժամանակակից գիտական գործունեությամբ են զբաղվում: Սակայն, հասկանալի է, դա եղանակ չի ստեղծում:

– Ներեցեք, որ հիշեցնում եմ. ասացիք, որ Ձեր աշխատավարձը 65.000 դրամ է: Ընտրություններից առաջ մարդիկ փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել կուսակցություններին, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին` վստահ, որ գոնե նախընտրական շրջանում վերջիններս բարեհաճ են ընտրողների հանդեպ: Գիտնականներդ չե՞ք փորձել բարձրացնել այդ հարցը:

– Բազմիցս իմ կոլեգաներն այդ հարցը բարձրացրել են: Որպեսզի երկրում գիտության զարգացման համար տանելի պայմաններ լինեն, անհրաժեշտ է գիտությունը ֆինանսավորել ՀՆԱ-ի 3 տոկոսի չափով: Այսօրվա ֆինանսավորումը ՀՆԱ-ի 0,25 տոկոսի չափով է: Ընդ որում, այդ գումարները ծախսվում են ոչ արդյունավետ: Հետո` գիտության կառավարման ապարատը ահավոր ուռճացված է եւ, ցավոք, ոչ կոմպետենտ:

– Շատ գիտնականներ հեռացել են երկրից…

– …Եվ հեռանում են: Ինքս միշտ ցանկացել եմ, որ ընտանիքս ապրի Հայաստանում: Սակայն արդեն չեմ բացառում, որ հնարավոր է հեռանանք: Անհնար է երկար ժամանակ մնալ Հայաստանում եւ ընտանիք պահել: Գիտական մի խավ, որը դեռեւս այստեղ է, գաստերբայտերների է վերածվել. տարվա մի մասը դրսում է լինում, որպեսզի կարողանա ապրեցնել իր ընտանիքը հայրենիքում: Հավատացնում եմ` մեր գիտական ներուժը դեռ այսօր էլ ի վիճակի է լուծել էներգետիկ, առողջապահական լրջագույն խնդիրներ: Ընդ որում` դրանք արդեն պատրաստի տեխնոլոգիաներ եւ սարքեր են: Սակայն իշխանությունը, որը բախտախնդիրների հավաքածու է, սրանով հետաքրքրված չէ: Օրինակ` վերջին տարիներին քննարկում ենք Հրազդանի եւ Աբովյանի բարձրակարգ երկաթի հանքերի վաճառքի հարցը: Ոմն Վարդան Այվազյան, լինելով Բնապահպանության նախարար, նախ` իրենով է անում այդ 2,5 մլրդ տոննա պաշար ունեցող հանքը, գրանցում է որդու անունով, ապա 24 միլիոն դոլարով վաճառում: Այսօր մեկ գամը 200 դրամ է: Այն դեպքում, երբ այդ արտադրությունը կարող էինք ստեղծել` տեղական հումքի վրա, եւ 10 անգամ էժան կլիներ: Տեսեք, Ակադեմիայի նախագահը մեկ կարգ ցածր տեղ է զբաղեցնում ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, քան երգչուհի Շուշան Պետրոսյանը: Թվում է` փոքր բան է, սակայն դա վերաբերմունք է գիտնականի, գիտության հանդեպ:

– Ժամանակին Մերգելյանի, Ալիխանյանի մասշտաբի գիտնականների ձայնը որոշիչ էր: Այսինքն` տաղանդավոր անհատի դերը` գիտության զարգացման հարցում, ամենեւին երկրորդական չէ: Կա՞ն այսօր այդ դասի գիտնականներ:

– Խնդիրն այն է, որ մեր երկրում դեռեւս կան շատ բարձր դասի գիտնականներ: Բայց մեր երկրի իշխանությունը պատրաստ չէ բարձրացնել այդ մարդկանց, ցույց տալ, ընկալել նրանց մեծության աստիճանը: Երկրի նախագահի աշխարհընկալման մակարդակը ֆուտբոլն է եւ շախմատը: Մենք էլ ենք հպարտանում մեր ֆուտբոլիստների, շախմատիստների հաջողություններով, սակայն դա երկրի զարգացման հիմք չէ: Ավելի պատվաբեր է ունենալ Մերգելյան, Ալիխանյան, Համբարձումյան, Չարենց: Սա՛ է իսկական արժեքը: Թուրքիան, օրինակ, բնագիտության բնագավառում չի տվել Մերգելյան, Համբարձումյան, Ալիխանյան` ունենալով 75 միլիոնանոց բնակչություն: Իսկ ես վստահ ասում եմ` 20-րդ դարի աշխարհի խոշորագույն երեք գիտնականներից մեկը հայ էր:

– Գիտության մասին Ձեր խոսքը, գուցե սուբյեկտիվ եմ, սակայն դամբանական է հիշեցնում:

– Ցավով եմ նշում` Հայաստանում ես ոչ մի ապագա չեմ տեսնում գիտության համար: Իսկ եթե գիտություն չլինի, երկիրը գոյատեւելու որեւէ հեռանկար ունենալ չի կարող: Սա մահախոսական է նաեւ օլիգարխների համար: Հայաստանում բոլոր օլիգարխներն` առանց բացառության, իրենց հարստությունը «ստեղծել» են Մերգելյանի, Ալիխանյանի, Համբարձումյանի եւ այլ գիտնականների շնորհիվ: Մեր պետությունն այս 20 տարիներին ոչինչ չի կառուցել: Իմ լավատեսության միակ հիմքն այն է, որ գալու է այս մարդկանց հատուցման պահը, եւ նրանք բոլորը կկանգնեն դատարանի առաջ: Ինչպես դա եղավ Հարավային Կորեայում… Գործող համակարգը ազնիվ, առաքինի, հայրենիքին նվիրված հայ մարդուն, առավել եւս` հայ գիտնականին, հալածում է, դուրս է մղում երկրից: Գիտության ասպարեզը, ինչպես եւ մյուս բնագավառները, ամբողջատիրական եւ մաֆիական կառուցվածք ունեն, որն ամբողջովին ծառայում է քաղաքական վերնախավին:
__________________________________________________
* Եգիպտական արշավանքի ժամանակ Նապոլեոնին ուղեկցում էին նաեւ գիտնականներ, ովքեր գիտական հետազոտություններ էին կատարում: Նապոլեոնը զորքը դասավորել էր քառանկյունու ձեւով, գիտնականներին եւ ավանակներին տեղավորել ամենաապահով տեղում` զորքի մեջտեղում: Այստեղից` արդեն թեւավոր դարձած խոսքը` «Գիտնականներին ու ավանակներին` կենտրոնում»: