ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել Վայոց Ձորի մարզի մի շարք համայնքներում, որտեղ պատասխանել է նաեւ այն քննադատություններին, թե ինչո՞ւ է ինքն անձամբ ղեկավարում ընտրարշավը: «Ամբողջ կյանքիս ընթացքում ես երբեք չեմ խուսափել ինձ հասանելիք պատասխանատվության բաժնից: Ավելին` մշտապես ուրիշների ակնկալածից ավելին եմ ստանձնել ու արել: Արել եմ, որպեսզի ծրագրերս իրականություն դառնան: Այսօր էլ որպես ՀՀԿ ղեկավար` անձամբ եմ ղեկավարում այս ընտրարշավը: Եվ դա անում եմ լրջագույն պատասխանատվությամբ ու մեծագույն պատիվ համարելով: Եվ ուզում եմ պատասխանել բոլոր այն չարակամների հարցերին, ովքեր փորձում են մեզ ուղղել, փորձում են ասել, թե ՀՀԿ-ում այլ կարող ուժեր չկան, իբր ես մենակ եմ իրականացնում քարոզարշավը, եւ այդպիսի բազմաթիվ հեքիաթներ: Իհարկե, սա իրականությանը չի համապատասխանում: Բոլորդ գիտեք, որ ՀՀԿ-ն իր քարոզարշավն իրականացնում է` ընդգրկելով հազարավոր մարդկանց: Հազարավոր ՀՀԿ-ականներ մեր գյուղերում ու քաղաքներում են, եւ նրանք հստակ հաշվետվություններ են ներկայացնում, ներկայացնում են ապագայի մեր պատկերացումները, մեր ծրագրերը: Բնականաբար, ես եմ կիզակետում, որովհետեւ ես եմ այդ կուսակցության ղեկավարը, եւ շատ մարդկանց համար անհասկանալի կլինի, թե ինչու կուսակցության համար շատ կարեւոր պահի քաշվում եմ երկրորդ պլան: Ես երբեք այդպիսի պատասխանատվությունից չեմ խուսափել, չեմ խուսափում հիմա եւ երբեք չեմ խուսափելու: ՀՀԿ-ն եւս պատասխանատվությունից երբեք չի՛ խուսափել: Եվ մենք պատրաստ ենք անել ավելին, քան մեզանից ակնկալում են»,- ասել է Ս. Սարգսյանը` հավելելով, թե ՀՀԿ-ն մշտապես լայնախոհություն եւ շրջահայացություն է ցուցաբերել, հարգանքով է վերաբերվել քաղաքական մրցակիցներին, ազնիվ մրցակցության մշակույթի կողմնակիցն է եղել եւ այսուհետ էլ այդպես է գործելու: «Այս ընտրարշավը մեր քաղաքական համակարգի հասունության լավագույն ապացույցն է: Վիրավորանքն ու պիտակավորումը չպետք է տեղ ունենան մեր քաղաքական կյանքում»,- ասել է Ս. Սարգսյանը: