Իսկական եւ ընտրական բարեգործները

19/04/2012

Երեկ Երեւանի կենտրոնում` Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում, բացվել է հայազգի բարերար Ալեքսանդր Մանթաշյանի արձանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են բազմաթիվ պաշտոնյաներ եւ այս օրերին Հայաստանում գտնվող

Ա. Մանթաշյանի որդին ու թոռը` Ալեքսանդր եւ Միքայել Մանթաշյանները: Մանթաշյանի արձանի բացումը ոչ միայն գեղեցիկ իրադարձություն է Երեւանի կյանքում, այլ նաեւ շատ խորհրդանշական է հատկապես այս` նախընտրական քարոզարշավի օրերին: Հատկապես իշխանական կուսակցություններն ակտիվորեն ընտրակաշառքներ են բաժանում` դրանք ներկայացնելով որպես «բարեգործություններ»: Այս հարցում, իհարկե, ամենաակտիվը ԲՀԿ-ն է, որն ապահովել է ֆորմալ կողմը. ինչ-որ հիմնադրամ է ստեղծել եւ ամեն ինչ «ձեւակերպում է» այդ հիմնադրամի անունով: Մանթաշյանի արձանի բացումը խորհրդանշական է, առաջին հերթին, այն առումով, որ նա` համարվելով հայազգի ամենամեծ բարեգործներից մեկը, հայտնի էր նաեւ իր` բարեգործությունների մասին չբարձրաձայնելու սովորությամբ ու պահանջկոտությամբ: Թե ի՞նչ արդյունքներ է ունեցել Ալեքսանդր Մանթաշյանի բարեգործությունը` հայտնի է բոլորին: Իսկ ի՞նչ հետք կամ հետեւանք կարող են թողնել ընտրական քվեներ ստանալու համար արվող ու գովազդվող բարեգործությունները: Արժե, որ այդ մասին մտածեն ոչ միայն «բարեգործները», այլեւ այդ «բարեգործությունից» օգտվողները: Հատկապես այս` նախընտրական օրերին: