«Ժառանգություն» կուսակցության որեւէ ներկայացուցիչ երեկ այդպես էլ չներկայացավ ընտրությունների ընթացքի վերահսկման նպատակով ստեղծված կամ ստեղծվելիք հանրային շտաբի հերթական նիստին:
Երեկ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, թե չի մասնակցելու, քանի որ չի ապահովվել իրենց կողմից ներկայացված այն պահանջը, թե շտաբի կազմավորման համաձայնագիրը պետք է ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը: Հիշեցնենք, որ այդ միասնական շտաբին միացել են «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» կուսակցությունները եւ ՀԱԿ-ը: Առաջին նիստի ժամանակ Ռ.Հակոբյանը ստորագրել էր համաձայնագիրը, սակայն հետո հրաժարվեց դա անել` ներկայացնելով այդ պայմանը: Բայց նախորդ նիստին ՀՅԴ եւ ՀԱԿ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը եւ Լեւոն Զուրաբյանը հայտարարեցին, թե իրենց կողմից խնդիր չէ ներկայացնել առաջին դեմքերի ստորագրությունը: Երեկ միասնական շտաբը նախաձեռնող` Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նույնիսկ հայտարարեց, թե երբ արձանագրեն առաջին գործնական արդյունքները, կուսակցությունների առաջնորդները կներկայանան շտաբի աշխատանքներին: «Կուսակցությունների ղեկավարները, այո, այս սեղանի շուրջ կհավաքվեն եւ նախնական գնահատական կտան արդեն կատարված աշխատանքներին»,- ասաց Հ.Հովհաննիսյանը։
Իսկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ա.Ռուստամյանն ասաց, թե իր համոզմամբ` այն պահանջները, որ դնում էր «Ժառանգությունը», ապահովված են: «Երկու կուսակցությունների ղեկավարները հստակ արտահայտվել են եւ իրենց ներկայացուցչի լիազոր լինելը հաստատել: Ես պատճառ չեմ տեսնում նրանց չմասնակցելու համար»,- ասաց նա` ավելացնելով, որ այս ձեւաչափը բաց է ոչ միայն «Ժառանգության», այլեւ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար, եւ եթե որեւէ մեկը կցանկանա միանալ, իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ «Ժառանգությունն» առաջին դեմքերի ստորագրության կամ ներկայության այդ պահանջը ներկայացնում է որպես շտաբի աշխատանքներին չմիանալու պատրվակ: Հատկապես նախորդ հանդիպման ժամանակ Ռ.Հակոբյանի ժխտողական կեցվածքն ու նիստից շուտ հեռանալն ապացուցում են, որ կուսակցությունը ցանկություն չունի ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի հետ միասին մասնակցել ինչ-որ կառույցի աշխատանքներին: Ավելին` «Ժառանգության» թիրախը թե՛ այդ շտաբի երկու քննարկումների ժամանակ, թե՛ ընդհանրապես ԲՀԿ-ն էր: «Ժառանգությունից» հայտարարություններ էին հնչում, թե ինչպես կարող է մի կուսակցություն միանալ նախընտրական կեղծիքները վերահսկող շտաբի գործունեությանը, եթե ստորագրել է կոալիցիոն հուշագիր կամ բարեգործության անվան տակ ընտրակաշառք է բաժանում: Հակառակ ուղղությամբ նույնպես հնչեցին քննադատություններ, թե այդ դեպքում «Ժառանգությունն» ինչո՞ւ է մասնակցում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի նախաձեռնած նմանատիպ մոնիտորինգային խմբի աշխատանքներին, երբ այնտեղ էլ կան կոալիցիոն երեք կուսակցություններ: Հավանաբար նման քննադատությունից խուսափելու համար «Ժառանգությունը» որոշեց չմասնակցել նաեւ այդ խմբի աշխատանքներին: Եվ այս շրջանում ընդդիմադիր դաշտում գործող այդ կուսակցությունն իր քննադատությունը նպատակաուղղված թեքեց դեպի թե ԲՀԿ-ի, եւ թե ՀԱԿ-ի կողմը` միաժամանակ չբացառելով ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Ինչեւէ:
Երեկվա նիստի ժամանակ մասնակիցները հայտարարեցին, թե «Ժառանգությունն» ամեն դեպքում ստորագրել է միասնական շտաբի ստեղծման համաձայնագրի տակ եւ ցանկացած պահի կարող է մասնակցել իրենց քննարկումներին: Սակայն որոշումներն ընդունվելու են նիստերին ներկա քաղաքական ուժերի կողմից` կոնսենսուսով: Իսկ քանի դեռ «Ժառանգությունն» իր ստորագրությունը ետ վերցնելու մասին հայտարարություն չի արել, շարունակում է մնալ շտաբի լիիրավ անդամ: «Մենք նրանց ստորագրությունն ավելի ենք հարգում, քան իրենք»,- հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Ամեն դեպքում շտաբին մասնակցող մյուս երեք ուժերը երեկ ներկայացրեցին, թե իրենց կողմից ովքեր պետք է ներկայանան քննարկումներին: Շտաբում ՀԱԿ-ի ներկայացուցիչը կլինի ՀԺԿ-ական Ստեփան Մինասյանը, ՀՅԴ-ից` Սպարտակ Սեյրանյանն, իսկ ԲՀԿ-ից` պատգամավոր Վահե Էնֆիաճյանը: Սակայն չի բացառվում, որ կախված իրավիճակից, այդ ուժերը ներկայացնեն այլ ներկայացուցիչներ: Երեկվա նիստում որոշակիացվեցին այդ շտաբի աշխատանքները: Լ.Զուրաբյանը նշեց, որ իրենց առաջին գործը պետք է լինի` հանձնարարել ներկայացուցիչներին` արձանագրել եւ քննարկել արդեն իսկ տեղի ունեցած օրինախախտումներն ու միասնական շտաբի անունից հատուկ հաղորդագրություններ պատրաստել: ՀԱԿ համակարգողը շտաբի անդամների ուշադրությունը հրավիրեց թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած օրինախախտումների վրա: Հիշեցնենք, որ այնտեղ ՀԱԿ-ի կողմից խոչընդոտվում են բնակիչների հետ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումները: Մի խումբ կանայք հետեւում եւ սադրանքներ են հրահրում Ն.Փաշինյանի քարոզչական խմբի նկատմամբ: Կարծիք կա, որ այդ միջադեպերը կազմակերպվել են այդ ընտրատարածքում առաջադրված գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից` իր իսկ աշխատողների միջոցով: Լ.Զուրաբյանն առաջարկեց այդ հարցը քննարկել ու միասնական շտաբի անունից հանդես գալ համապատասխան հայտարարությամբ: Ա.Ռուստամյանն էլ, իր հերթին, առաջարկեց այդ հարցին միացնել նաեւ Արմավիրում տեղի ունեցած միջադեպը, երբ թեկնածուներից մեկը ահաբեկվելով` ստիպված եղավ ինքնաբացարկ հայտնել: Մասնակիցները որոշեցին հանդիպել շաբաթը մեկ անգամ: Այսինքն` միասնական շտաբը կունենա ընդամենը 2 հանդիպում:
Հիշեցնենք, որ Ս.Նիկոյանի նախաձեռնած մոնիտորինգային խումբը հանդիպում է շաբաթը 2 անգամ: Այդ խմբի աշխատանքներին մասնակցում են միջազգային ու հասարակական բազմաթիվ կազմակերպություններ: Դժվար չէ հասկանալ, որ այս երկու խմբերն էլ իրականում ոչինչ չեն կարողանալու անել ընտրախախտումների դեմ: Արտախորհրդարանական միասնական շտաբը պարզապես դրա համար բավարար ժամանակ, ռեսուրս եւ իրավասություն չունի: Փոխարենը` Ս.Նիկոյանն իր նախաձեռնած խմբով լուծում է շատ հստակ խնդիր: Այն քննարկում է ընտրությունների հետ կապված հիմնական մտահոգությունները, եւ հրավիրված պաշտոնյաները միջազգային կառույցների ներկայությամբ «սպառիչ» բացատրություն են տալիս այդ հարցերին: Եվ արդյունքում ստացվում է, որ իշխանությունները խիստ «մտահոգված» են հասարակությանը հուզող հարցերով եւ բավականին հրապարակային կերպով «լուծում» են բարձրացված խնդիրները: Իսկ ընդդիմության միասնական շտաբը, կարծես, իրականում ստեղծվել է կուլիսային ինչ-որ պայմանավորվածությունների հաստատման կամ հերքման համար եւ ծառայելու է միանգամայն այլ նպատակների: