Սերժ Սարգսյանը՝ քարոզչության այսբերգի գագաթին,- ասում է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը

19/04/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ինչո՞ւ է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը միայնակ մասնակցում նախընտրական քարոզարշավին: Չի՞ վստահում կուսակցությունից որեւէ մեկին, թե՞ շատ վստահ է, որ ինքն ուժեղ է, եւ ժողովուրդն իրեն է ընդունում:

– ՀՀԿ-ն իր քարոզչական խմբերով մարզերում ամեն օր քարոզչություն է անում: ՀՀ եւ ՀՀԿ նախագահն այդ քարոզարշավն ամբողջացնում է հիմնականում համայնքային կենտրոններում: Կարելի է ասել, որ նա` որպես ՀՀԿ նախագահ, այս քարոզչության այսբերգի գագաթին է: Նա միակ մարդն է, որ իրավունք ունի ժողովրդին ներկայացնել մեր երկրում գոյություն ունեցող իրավիճակը, թե ինչ է արվել անցած 5 տարիներին, եւ ինչ ծրագրեր ենք մենք առաջարկում: Նա այդ իրավունքն ունի, որովհետեւ ոչ միայն ՀՀԿ-ի, այլ բոլորի նախագահն է:

– Ձեր կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն ընդդիմադիր կեցվածք է ընդունել: Դա իշխանությունների կողմից հատուկ ծրագրված մարտավարությո՞ւն է, որ ընդդիմության ձայների մի մասն էլ մնա կոալիցիային, թե՞ ԲՀԿ-ն, իսկապես, Ձեր հակառակորդն է:

– ԲՀԿ-ից կան մի երկու հոգի, որոնք ավելի շատ ընդդիմադիր են խոսում, քան պետք է: Օրինակ, Վարդան Օսկանյանը եւ այլք: Բայց երբ դու կոալիցիայում ես եւ կրում ես իշխանական լծակ, ապա դա կարող է դիտվել` որպես ինքնաքննադատություն: Մյուս կողմից` դա ոչ թե ինքնաքննադատություն, այլ հակաքարոզչություն է, ապա բարոյական խնդիր կա` կամ պետք է թողնես ու գնաս կոալիցիայից, իսկ եթե մնում ես, պետք է հարգես կոալիցիայի սահմաններում կայացված պայմանավորվածությունները: Իսկ քանի որ ընտրարշավի ժամանակ զգացմունքները մի փոքր թեժանում են, պաշտպանվելու համար բնազդորեն պետք է քննադատես մեկին: Եվ քննադատում են ուժեղին: Եթե նկատում եք, բոլորը քննադատում են ՀՀԿ-ին:

– Հայտնի է, որ ՀՀ համայնքներից մեծ մասի` գյուղերի ու քաղաքների ղեկավարները ՀՀԿ անդամներ են: Այսինքն` Դուք ունեք ընտրությունների վրա ազդելու հզոր վարչական լծակ: Հատկապես գյուղերում, որտեղ բացակայողների փոխարեն քվեարկությունները շատ են եղել, նաեւ բնակչության վրա ազդելը հեշտ է: Եվ նման իրավիճակում անհավասար պայմաններ են ստեղծվում հատկապես ընդդիմադիր ուժերի նկատմամբ:

– Ես չէի ուզենա դրան անվանել վարչական լծակ: Ի վերջո, այդ համայնքների ղեկավարները եւ նրանց ընտրողները մեր ընտրողներն են: Չէ՞որ այդ մարդիկ հիմա էլ կան եւ մեծամասամբ կողմնորոշված են դեպի ՀՀԿ: Մենք հանդիպում ենք նրանց հետ, հիշեցնում ենք, թե ինչ ենք արել, ինչ կարող ենք անել, եւ ավելորդ խոստումներ չենք տալիս: Մենք վստահ ենք, որ մեր արած աշխատանքներն այս 5 տարվա ընթացքում, չեմ ասում, թե գերազանց են, բայց բավարար են, որ նորից ձայն ստանանք: Մյուս ուժերը, որ հայհոյախառն արտահայտություններ են անում մեր մասին, թույլերն են:

– ՀԱԿ-ը հիմնականում քննադատում է ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին: Ընդդիմադիր այդ ուժը եթե թույլ է եւ իշխանության համար վտանգ չի ներկայացնում, ինչո՞ւ մարզային պետական կառույցները, որոնց ղեկավարների հիմնական մասը ՀՀԿ անդամ են, մարդկանց հրահանգում, զգուշացնում են, սպառնում են աշխատանքից հանել, եթե մասնակցեն ՀԱԿ-ի նախընտրական հանդիպումներին:

– Ես նման դեպքեր չգիտեմ: Մարդու սահմանադրական իրավունքն է հավաքներին մասնակցելը: Եվ եթե որեւէ մեկը գնա` ոչ գործից կհանեն, ոչ էլ կպատժեն: Մենք ապրում ենք ազատ երկրում: Իհարկե, խոսքը եվրոպական չափանիշների մասին չէ, բայց ամեն ընտրություններին ավելի ենք մոտենում: Եվ քանի որ հիմա Եվրոպայի հետ համագործակցության որոշակի եզրեր ունենք, եւ Եվրոպան ասում է` երբ ձեզ մոտ ընտրությունները կլինեն առանց կեղծիքների, ազատ ու անկախ, այդ ժամանակ մենք համագործակցությունն ավելի կսերտացնենք, մենք ամեն ինչ անում ենք, որ մեր ընտրություններն այդպես անցկացվեն:

– ՀՀԿ-ից խիստ քննադատեցին Վ.Օսկանյանին, երբ նա հայտարարել էր, թե կոալիցիան ձեւական է: Բայց ինչ-որ առումով նա, թերեւս, իրավացի էր. չէ՞ որ իշխանական համակարգում որոշումներ կայացնողը ՀՀԿ ղեկավարներն են:

– Եթե մի կուսակցություն 4 նախարար ունի, ԱԺ-ում բավական թվով պատգամավորներ ունեն, ինչպե՞ս կարող է դա ձեւական լինել: Դա իշխանության մի մասն է: Վ.Օսկանյանը, կարող է, լավ դիվանագետ է, բայց ներքին քաղաքականության մեջ, սոցիալական խնդիրներում, կառավարման համակարգի նկատմամբ իր մոտեցումներում մի փոքր այլ է:

– Այդ դեպքում ինչո՞ւ են Վ.Օսկանյանն ու նրա այլ կուսակիցներ քննադատում իշխանություններին:

– Բոլոր կուսակցություններն էլ ձգտում են ժողովրդի քվեն ստանալ, հայտարարություններ անել, որ ժողովուրդը հավատա իրենց, ձայն տա, եւ իրենք գան իշխանության: Մրցակցություն կա, բայց ես ասում եմ, որ մրցակցությունը պետք է լինի քաղաքակիրթ ձեւով: Եվ ոչ թե իրար վիրավորենք: Նույնիսկ Գ.Ծառուկյանը նեղացավ, թե ինքը ձեւակա՞ն մարդ է, որ ձեւական կոալիցիա կազմի: Դուրս է գալիս, որ քարշ են եկել մեկի հետեւից: Օսկանյանը սխալվում է, ձեւական չի եղել, մինչեւ հիմա էլ ձեւական չէ: Նման հայտարարությունները սկսվեցին նախընտրական քարոզարշավի սկզբում: Բայց եթե դու 5 տարի մեկի ետեւից ման ես եկել հենց այնպես, ժողովուրդը քեզ կվստահի՞, իշխանություն կամ լծակ կտա՞: Այսինքն` Օսկանյանը սխալ էր մեկնաբանում, եւ ինչ-որ տեղ` ի վնաս իրենց եւ հօգուտ մեզ էր այդ հայտարարությունը: Դրա համար էլ Ծառուկյանը նրան ուղղեց, թե կոալիցիան ձեւական չէ:

– Անցած երկու տարիներին նախագահ Ս.Սարգսյանը պաշտոնանկ արեց շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց մի մասի անունը կապված էր հանցագործությունների հետ: Բացի այդ, նա հայտարարում էր, թե պետական կառավարման համակարգը պետք է տարանջատել գործարարությունից: Մինչդեռ այդ մարդկանց մեծ մասն ընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում: Այսինքն` փոփոխությունների մասին ՀՀԿ-ի քարոզած հավատը գործնականում չի կիրառվում: Համաձայն չե՞ք, որ դա ընդամենը դատարկ կարգախոս է:

– Մենք կանք այնպիսին, ինչպիսին կանք: Խոսքը եւ Հայաստանի, եւ հասարակության մասին է: Եթե հասարակությունը պահանջարկ ունի ձայն տալ նման գործարարի, ապա նա պետք է թեկնածությունը դնի:

– Միշտ կարծիք է եղել, թե ՀՀԿ վերնախավում հարաբերություններն այնքան էլ հաշտ չեն: Լարվածություն կա հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ձեր շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի միջեւ: Եվ միմյանց հերթագայելով` մերթ Տ.Սարգսյանի դիրքերն են ուժեղանում, մերթ` Հ.Աբրահամյանի: Սա կուսակցությունում հավասարակշռությունը պահպանելու համա՞ր է արվում:

– Այդ հարցն ինձ լրագրողները շատ են տալիս: ՀՀԿ-ում թեւեր չկան, բայց կան ուժեղ լիդերներ: Բուրգի վերեւում, պարզ է, նախագահն է: Բայց մենք ունենք ուժեղ լիդերներ, որոնցից ամեն մեկն իր ոլորտն ունի, կյանքի ընթացքում ձեւավորված իր աշխարհայացքն ունի: Վարչապետը տնտեսական-ֆինանսական ոլորտում իր մոտեցումներն ունի: Հ.Աբրահամյանը կյանք տեսած գործարար մարդ է, եւ այսօր շտաբի պետն է: Այսինքն` ամեն լիդեր իր ոլորտն ունի, եւ կողքից միշտ թվում է, թե մեկն ուժեղացավ, մյուսը թուլացավ: Այդպիսի բան չկա: Եթե մենք չունենայինք ուժեղ կամային լիդեր, ապա հնարավոր էր, որ տարբեր մոտեցումներ ունեցող կուսակցական լիդերներն ինչ-որ թեւեր առաջացնեին: Բայց Ս.Սարգսյանն այնքան ուժեղ է, որ որեւէ մեկը չի փորձելու դուրս գալ գծված գծից: Մենք գնահատում ենք մեր լիդերի կարգավորող դերը: Եվ պատահական չէ, որ ՀՀԿ-ի գլխավոր քարոզարշավում ինքն է երեւում: