Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Հայաստանի չորրորդ ազգային մրցունակության «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011-2012. Կառավարման պրակտիկայի բարելավման օրակարգը» զեկույցի շնորհանդեսին։
Նշենք, որ զեկույցը հրապարակվել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի եւ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության կողմից։ Այն լուսաբանում է Հայաստանի միջազգային մրցունակության դիրքը եւ կառավարման փորձը ընկերություններում: Վարչապետը նաեւ ելույթ է ունեցել` նշելով, որ չափազանց կարեւոր ավանդույթ է ձեւավորվել Հայաստանում, եւ զեկույցի շնորհանդեսին մասնակցում են կառավարության անդամներ եւ այս կամ այն բնագավառում դրական եւ բացասական միտումների վերաբերյալ հրապարակային քննարկում են կազմակերպում: Սա, ըստ նրա, նշանակում է, որ կառավարությունը էական նշանակություն է տալիս մրցունակության բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն ժամանակակից աշխարհի կարեւորագույն հատկանիշներից մեկը: Ինչպես տեսնում եք, կառավարությունն իրոք մեծ ուշադրություն է ցուցաբերում այս զեկույցի նկատմամբ։ Այնքան մեծ, որ զեկույցի նախաբաններից մեկը գրել է հենց Տիգրան Սարգսյանը (մյուսը գրել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ն. Բլումը):
Կառավարության եւ մասնավորապես վարչապետի վերաբերմունքը զեկույցի նկատմամբ խիստ ուշագրավ է։ Գաղտնիք չէ, որ մեր իշխանությունները առավել բարյացակամ են այն զեկույցների նկատմամբ, որոնք բացառապես դրական երանգներ են պարունակում։ Մինչդեռ մրցունակության զեկույցը միշտ էլ աչքի է ընկել օբյեկտիվությամբ՝ վեր հանելով թե՛ դրական տեղաշարժերը, թե՛ բացթողումներն ու ձախողումները։
Այս անգամ էլ զեկույցում տեղ են գտել դրական ու բացասական կողմերը։ Սակայն կան հատվածներ, որոնք ակնհայտորեն չէին կարող դուր չգալ վարչապետին՝ մանավանդ նախընտրական շրջանում։ Նախ, ըստ զեկույցի, 2011թ.-ին Հայաստանը զգալիորեն բարելավել է իր մրցունակության դիրքը նախորդ ՄՀԶ ուսումնասիրության համեմատ (2010թ.): 2011թ.-ին մրցունակության կատարողականով Հայաստանը զբաղեցրել է 92-րդ տեղը 142 երկրների մեջ` 2010թ.-ի արդյունքների համեմատ 6 միավորով իր դիրքի բարելավման եւ ընդհանուր գնահատականի 4%-անոց աճի արդյունքում։
«Հայաստանի մրցունակության կատարողականը, որն աստիճանական անկում է գրանցել 2005թ., 2011թ. վերափոխվել է դրականի` արտացոլելով կառուցվածքային փոփոխությունները: Սա կարող է տնտեսական իրականության` դեպի առավել հավասարակշռված իրավիճակի փոփոխության նշան հանդիսանալ: Ընդհանուր առմամբ, մրցունակության համաշխարհային ցուցիչի դինամիկայի ավելի երկարաժամկետ հեռանկարը բացահայտում է տնտեսության մեջ առկա հակասական միտումները` նախաճգնաժամային ժամանակահատվածում արձանագրելով «աճ-մրցունակություն» պարադոքս: Ագրեսիվ տնտեսական աճը երկրում ուղեկցվում էր մրցունակության կատարողականի վատթարացմամբ: Ճգնաժամի ժամանակահատվածում տնտեսական ակտիվության կտրուկ անկումը չունեցավ նմանատիպ ազդեցություն մրցունակության գնահատականի վրա»:
Սա ոչ միայն անուղղակիորեն գովաբանում է ներկայիս իշխանության տնտեսական քաղաքականությունը, այլեւ անուղղակիորեն թեթեւ քննադատություն է պարունակում նախկին «ագրեսիվ աճի» որակի առումով։ Նախկին իշխանությունների սխալ քաղաքականության մասին վկայում է այն հատվածը, որ ցածր արտադրողականությամբ ոլորտների գերակայությունը ՀՆԱ-ի կառուցվածքում դեռեւս հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմնարար թերություններից մեկը: «Հայաստանի արտադրողականությամբ առաջատար երեք ոլորտները (ֆինանսական միջնորդություն, հանքագործություն եւ շինարարություն) ընդգրկում են երկրի զբաղվածության ընդամենը 9%-ը»,- նշվում է զեկույցում:
Զեկույցում դրական երանգներով է խոսվում տնտեսության այն ասպեկտների վերաբերյալ, որոնք ամենից հաճախ են հայտնվում քննադատության թիրախում։ Օրինակ, արտաքին առեւտրի մասով նշվում է, որ թեպետ արտահանման կառուցվածքը դեռեւս մնում է կենտրոնացված, սակայն 2011թ. այն նշանակալիորեն բարելավվել է։ Պետական պարտքն էլ, ըստ զեկույցի հեղինակների, անհանգստացնող չէ. «Պարտքի սպասարկման մակարդակը մնում է կառավարելի սահմաններում»։ Նշվում է նաեւ, որ կենսաթոշակային եւ ապահովագրական ոլորտի բարեփոխումները կապիտալի շուկաների զարգացման հույս են ներշնչում, ակտիվացել են հակամենաշնորհային միջոցառումները, եւ այլն։ Սակայն կառավարության համար ամենահաճելի հատվածը թերեւս ճգնաժամին վերաբերող մասն է։ Ներկայիս կառավարությանն ու վարչապետին շատ են քննադատել ճգնաժամին ուշ արձագանքելու համար, ինչպես նաեւ՝ ոչ արդյունավետ քայլերի, արտաքին վարկերը ոչ նպատակին ծառայեցնելու համար։ Զեկույցը վերջին 12 տարիները բաժանել է փուլերի, որտեղ առաջին փուլը (2005-2008թթ.) անվանել է իներցիա, իսկ երկրորդ փուլը՝ 2008-2010թթ., անվանել է «Հրդեհի մարում»։ Այս փուլը վերաբերում է հենց ճգնաժամին։ Զեկույցը նշում է, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես «անպատրաստ» էր համաշխարհային տնտեսական ճգնաժամին` չունենալով որեւէ արձագանքման մեխանիզմ ո՛չ քաղաքականության, ո՛չ շուկայի մակարդակներում: Գոյություն չուներ համաշխարհային մասշտաբով արդյունավետ արձագանքման քաղաքականության հաջողված նախադեպ. այս ճգնաժամն իր ծավալներով աննախադեպ էր, եւ աշխարհում բացակայում էին «վարակի» դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմները: «Փոխարենը գործի դրվեցին ավանդական մեթոդներ` դրամավարկային եւ հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականություն, էական աջակցություն ֆինանսական կառույցներին»,- նշում է զեկույցը՝ հիշեցնելով կառավարության ձեռնարկած քայլերը (վարչապետին կից օպերատիվ շտաբի ձեւավորում, պետական վարկային կազմակերպության հիմնում, եւ այլն)։ Սակայն, ավելի կարեւոր է, թե զեկույցում ինչպես է գնահատված այդ քայլերի ազդեցությունը։ «Հակաճգնաժամային միջոցառումները մեղմացրեցին ճգնաժամի հետեւանքները` նպաստելով կտրուկ անկումից հետո տնտեսության աստիճանական վերականգնմանը: Գրանցվեցին դրական կառուցվածքային փոփոխություններ, ներառյալ` արդյունաբերության աճը: Համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց` սկսեց վերականգնվել նաեւ արտահանումը: Այնուամենայնիվ, գնաճի ճնշումը նույնպես ակտիվացավ` սպառնալով խորացնել ընդհանուր բարեկեցության անկումն ու մեծացնել անհավասարությունը: Կորպորատիվ պարտքի աճը որոշակի ռիսկեր ձեւավորեց բանկային համակարգի համար»:
Այսինքն՝ կառավարության քայերին խիստ դրական գնահատական է տրված՝ հակառակ ընդդիմախոսների եւ քննադատների։ Ավելին, զեկույցում առանձնացվել է նաեւ երրորդ փուլը՝ 2010-2011թթ., որը անվանել են «Հայեցակարգային մոտեցումների արմատական տեղաշարժ»: Այս փուլը զեկույցի հեղինակները բնութագրել են հետեւյալ կերպ. «Անցում առավել նախաձեռնողական, համագործակցող քաղաքականության: Մոտեցման անկյունաքարը հանդիսանում են պետություն-մասնավոր հատված համագործակցության հարթակներն ու նախաձեռնությունների ոլորտային ուղղվածությունը` արտահանման խթանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում»:
Հանուն արդարության` նշենք, որ զեկույցում նշված են նաեւ բազմաթիվ բացեր եւ թերացումներ։ Օրինակ, մրցունակության առումով նշվում է, որ հարկային եւ մաքսային համակարգերը դեռ խոչընդոտում են զարգացմանը, որ եկամուտների եւ սպառման անհավասարությունը շարունակում է բարձր մնալ, որ Հայաստանը կորցնում է իր առավելությունը նորարարության արագընթաց մրցավազքում, որ պետական գնումների քաղաքականությունը չի խթանում տեխնոլոգիական առաջընթացը, եւ այլն:
Սակայն բացասական կետերն, ամենայն հավանականությամբ, լայնորեն չեն լուսաբանվի ԶԼՄ-ներով։ Եվ քանի որ ոչ բոլորը ցանկություն ու «հավես» կունենան կարդալ 101 էջանոց զեկույցի բոլոր կետերը, ապա հասարակությանը այն կարելի է ներկայացնել միայն դրական երանգներով։