«Հայաստանը ՏՏ ոլորտի զարգացման ծրագիր չունի»

19/04/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– 1996թ. մեկնեցիք ԱՄՆ, որտեղ աշխատեցիք մինչ 2011թ.: Ո՞րն էր Ձեր` Հայաստան վերադարձի դրդապատճառը:

– Մեր նախկին ընկերության ինժեներական խմբի մի մասն այստեղ էր աշխատում, մյուս մասը` Կալիֆոռնիայում: Հասկացանք, որ այդ ձեւով աշխատելը ճիշտ չէ, եւ առավել քան ճիշտ է, որ մեր գաղափարը զարգացնենք Հայաստանում: Այստեղ դպրոցները չեն տալիս տարրական գիտելիքներ, ինչպես, օրինակ, «տայմ մենեջմենթ», «պրոջեկտ մենեջմենթ» կամ` ինչպես զրոյից ստեղծել համակարգը, եւ այլն: Այդ մշակույթն ընդհանրապես չի ներմուծվում մեր համալսարաններում: Այսինքն` եթե նույնիսկ մեր ինժեներները շատ խելացի են, գիտական գիտելիքներ ունեն, իրականում իրենք չեն կարող համակարգ ստեղծել: Պետք է ներմուծվի նախագծի լիդերի գաղափարը, այսինքն` ինժեները պետք է նաեւ նախագծի լիդեր դառնա: Այս տարիներին մենք հասկացանք, որ հնարավոր չէ հավաքել մարդկանց մի խումբ, որոնց ներկայացնենք խնդիրն ու հետագայում այդ խնդրի լուծումը ստանանք: Այլ ելք չկար, եւ ստիպված որեւէ մեկը պետք է վերադառնար:

– Ինչպե՞ս կգնահատեք Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի վիճակը Հայաստանում` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունն, արդեն մի քանի տարի է` ՏՏ ոլորտը հայտարարել է տնտեսության գերակա ճյուղ:

– Երեւի նոր բան չեմ ասի… չես կարող մի օր հավաքել մի քանի ինժեներներ եւ ՏՏ ոլորտ ստեղծել Հայաստանում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին ուսուցումը պետք է սկսել դպրոցներից, որպեսզի մարդիկ ունենան ստեղծագործական ջիղ: Միեւնույն ժամանակ պետք է հստակ ունենալ ժամկետներ, թե ոլորտի զարգացումն ի՞նչ փուլերով պետք է անցնես, ի՞նչ պետք է ներկայացնես: Այս ամենն ընդհանրապես անտեսված է մեզ մոտ, բայց դա չի նշանակում, թե մենք տկար ենք կամ գիտական գիտելիքների պակաս ունենք: Մեր երկիրը ՏՏ ոլորտի զարգացման ծրագիր չունի: Պետական ծրագիր պետք է մշակվի դրա համար: Այստեղ շատ խնդիրներ կան, որոնցից մեկն այն է, որ մենք որոշ երիտասարդների անվճար ուսում ենք տալիս, բայց նրանք հետագայում այլ երկրում սովորելով` այլեւս որեւէ պարտականություն չեն ունենում մեր երկրում: Եվ պետությունը, մինչ այդ ուսման վճարը տալը, պետք է համոզված լինի, որ այդ երիտասարդը կմնա երկրում եւ կնպաստի ոլորտի զարգացմանը: Այսինքն` պետությունը պետք է համոզված լինի, որ հետագայում ստանալու է փոխհատուցում: Ավելին` բանակից ազատում են, ժամանակ են տրամադրում, եւ տաղանդավոր երիտասարդն արագ աճելով, կայանալով` աշխատանք է գտնում դրսում: Ամբողջ աշխարհում լավ մասնագետների խնդիր կա, եւ այդ երիտասարդի համար խնդիր չէ մեկ այլ երկրում աշխատանք գտնելը: Իսկ ի՞նչ է անում մեր Կառավարությունը, բացի այն, որ բարի ճանապարհ է մաղթում այդ երիտասարդին:

– ՏՏ ոլորտն ի՞նչ հեռանկար կարող է ունենալ բիզնեսի տեսակետից:

– ՏՏ ոլորտն ունի էլեկտրոնային եւ ծրագրային մասեր: Մեր պետությունը ՏՏ ոլորտի էլեկտրոնային մասով բավական ետ է մնացել, եւ մեր ռեսուրսները երբեք չեն կարող թույլ տալ պայքարել Չինաստանի կամ Հնդկաստանի դեմ: Մենք ոչ մի հնարավորություն չունենք: Երբեմն մտածում ենք զբաղվել հատուկ միկրոսխեմաների դիզայնի արտադրությամբ, բայց դրա համար չունենք ոչ ֆինանսական միջոցներ, ոչ էլ ռեսուրսներ: Իսկ ինչ վերաբերում է ծրագրային մասին, ապա պետք է շատ արագ ստեղծենք մասնագետների դպրոց: Ծրագրային ապրանքը բավական մեծ գին ունի աշխարհում, բայց այստեղ պետք է գիտակցենք մի հանգամանք. եթե նախկինում ծրագրային արտադրանքն ապրում էր 6 տարի, ապա այսօր այդ նույն ապրանքը կարող է ապրել կես տարի: Դա եւ՛ լավ է, եւ՛ վատ: Վատ է, որովհետեւ պետք է արագ աշխատել, ինչի համար մասնագետների խումբ պետք է ունենալ, եւ լավ է` պահանջարկի մեծացման տեսակետից: Այդ պահանջներին բավարարելու համար պետք է ստեղծել դպրոց: Այդ ոլորտում ունենք հնարավորություն, եւ կարող ենք մտնել ունիկալ տիրույթ, եւ դա այն է, ինչը մենք փորձում ենք անել: Սա, իհարկե, ՏՏ ոլորտի մի մասն է, այսինքն` դու կարող ես ստեղծել գիտություն կամ գիտության հիման վրա ստեղծել շուկայական ապրանք, իսկ շուկան միշտ կա:

– Ի՞նչն է Ձեզ խանգարում` ՏՏ ոլորտը զարգացնելու համար:

– Այստեղ գլխավոր խնդիրը մասնագետների պակասն է: Իրականությունը հետեւյալն է. մենք ստիպված ենք 18 տարեկան երիտասարդներին վերցնել աշխատանքի եւ «աճեցնել»: Այլ ելք չունենք: Դու կարող ես մաթեմատիկայից կամ ֆիզիկայից լավ պատրաստված երիտասարդ գտնել` վստահ չլինելով, որ նա կարող է պիտանի լինել, որովհետեւ նա Հայաստանում մնալու միտք չունի, եւ երկրորդ` նա իր գիտելիքով շուկայական ապրանք ստեղծելու մտածողություն չունի: Մենք շատ ժամանակ ենք հատկացնում այդ երիտասարդներին ոչ միայն մասնագիտական, այլեւ ազգային գիտելիքներ հաղորդելու առումով: Այլ կերպ ասած` երիտասարդին «աճեցնելով»` որպես ազգի ներկայացուցիչ: Ցավալի է, բայց այսօրվա երիտասարդների մեծ մասը գերադասում է հեռանալ Հայաստանից: Եթե հիմա հարցումներ անցկացնենք այստեղ` փողոցում, ապա կհամոզվեք դրանում:

– Իսկ Ձեր «պատրաստած» երիտասարդները նո՞ւյնպես հեռացել են երկրից:

– Այո՛, այդ երիտասարդներից ամենատաղանդավորները հեռացան: Նրանցից մեկը սովորում է Անգլիայում, իսկ մյուսը` Իտալիայում:

– Ինչո՞ւ երիտասարդը չի ցանկանում ապրել իր հայրենիքում:

– Դա ՏՏ ոլորտի հետ առնչություն չունի: Կարծում եմ` խնդիրը ոչ թե աշխատավարձն է, այլ այն, որ իրենք ապահով չեն զգում այստեղ: Մի շարք գործոններ են ազդում նրանց վրա: Ընդ որում` այստեղ աշխատանքային պայմանները նույնն են, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում, եւ ավելին` նա կարող է այստեղից աշխատել ամերիկյան ցանկացած ընկերության համար, ինչին, սակայն, երիտասարդը չի հավատում: Բայց կան նաեւ երիտասարդներ, ովքեր չեն սպասում խոստումների եւ աշխատում են երկրի համար:

– Ըստ Ձեզ` ո՞րն է երիտասարդների շրջանում ձեւավորված «ապահովության» բացակայությունը:

– Դժվար հարց է: Ամեն օր այդ երիտասարդները շփվում են այնպիսի մարդկանց հետ, ովքեր միայն բողոքել գիտեն եւ ամեն ինչից դժգոհ են: Շատ դժվար է անկախ աշխատել մի երկրում, որտեղ համատարած դժգոհության մթնոլորտ կա: Մենք փորձում ենք փոքրիկ միջավայր ստեղծել, որտեղ երիտասարդն ապահովության զգացում կունենա: Հույս ունենք, որ մենք միակը չենք այս երկրում:

– Ինչպե՞ս պետք է օժանդակի ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը զարգացնելու համար:

– Ինչպես նշեցի, առաջնահերթ խնդիրներից մեկը մասնագետների դպրոցի ստեղծումն է: Կարեւոր է նաեւ ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին ազատել հարկային պարտավորություններից, ինչպես նաեւ` գրավել արտասահմանյան ընկերություններին, որոնք ներդրումներ կանեն այստեղ: «Սինոփսիս» ընկերությունն արդեն կայացել է, եւ Կառավարությունը պետք է իր ուշադրությունը հրավիրի start up (նոր ստեղծվող.- Մ.Մ.) ընկերությունների վրա: Հայաստանում start up ընկերություն ստեղծելը բավական բարդ է: Այստեղ ամեն բան շատ թանկ է: Մենք 4 անգամ դանդաղ ենք աշխատում, քան` ԱՄՆ-ում, եւ այդ հանգամանքով պայմանավորված` աշխատավարձը 4 անգամ քիչ է: Ես բազմիցս կրկնել եմ, որ եթե հայ չլինեի, Հայաստանում գործ չէի անի: ՏՏ ոլորտում պետք է հաշվես այն ժամանակը, որ կորցնում ես: Կարելի է ասել, որ start up ընկերությունը ապագա չունի Հայաստանում: Ամեն դեպքում այս պահին մենք փորձում ենք համառել եւ աչք փակել ամեն ինչի վրա: Ի վերջո, հայը պետք է հավատա, որ զրոյից կարող է ստեղծել համակարգ: Իրականում start up ընկերության գաղափարն այնքա՜ն ճիշտ է մեր երկրի համար, եւ դա պետք է զարգացնենք:

– Ձեր ընկերությունը գրանցված է նաեւ Սիլիկոնային հովտում: Այդ հանգամանքն ի՞նչ է տալիս ընկերությանը:

– Շուկա, եւ ուրիշ ոչ մի բան: Հայաստանում ՏՏ ոլորտի շուկա չկա: Մեր շուկան աշխարհն է: Սիլիկոնային հովտում կարող ես պարզապես կապեր ստեղծել:

– Հիասթափվա՞ծ եք մեր իրականությունից:

– Ոչ, պարզապես փոքր-ինչ հոգնած եմ, բայց դա չի նշանակում, թե մենք հրաժարվելու ենք մեր գաղափարից:

– Այսինքն` պայքարելու եք:

– (Ժպտում է.- Մ.Մ.) Բնականաբար, պայքարելու ենք: Այս ճանապարհը, որ սկսել ենք, այլեւս հետդարձ չունի: 1996թ. սկսած զբաղված եմ ՏՏ ոլորտով եւ ես ոչ ամենահարուստ, եւ ոչ էլ ամենահզոր մարդն եմ, բայց այն մարդկանցից եմ, որ, իսկապես, ուզում եմ իմ ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում: Գիտեք, նախկինում մարդիկ ասում էին, թե Հայաստանում լավ դպրոց կա, եւ այլն, եւ այլն: Եթե ես 15 տարի չաշխատեի ԱՄՆ-ում, ապա չէի կարող նման կարծիք հայտնել սովետական դպրոցի բացերի մասին: Ամենամեծ խնդիրը, ինչպես արդեն ասացի, այն է, որ մենք չգիտենք, թե ինչպես բաշխենք մեր ժամանակը, որ ամեն քայլն արվի մտածված: Իսկ Հայաստանում 4 անգամ դանդաղ են աշխատում ոչ այն պատճառով, որ մարդիկ ծույլ են, այլ այն պատճառով, որ նրանք չգիտեն ժամանակը ճիշտ օգտագործել: