Երեւանի Կենտրոն վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու է առաջադրվել նաեւ Գագիկ Շահնազարյանը, ով մոտ 15 տարի դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում, նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական կառավարման համակարգում: Այս ընտրատարածքը հետաքրքիր է նրանով, որ այստեղ առաջադրվել են նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը եւ «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը:
Թիվ 10 ընտրատարածքում նախընտրական քարոզարշավի ընթացքի, իր թեկնածությունն առաջադրելու դրդապատճառների շուրջ է մեր զրույցը Գագիկ Շահնազարյանի հետ:
– Պրն Շահնազարյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը ԱԺ ընտրություններում, եւ ինչո՞ւ հատկապես այդ ընտրատարածքում:
– Թեկնածությունս առաջադրել եմ, քանի որ համոզված եմ, ընտրվելու դեպքում` իմ հնարավորությունների, կարողությունների չափով կկարողանամ նպաստել Ազգային ժողովի գործունեությանը, օրենսդրական աշխատանքին: Ցավոք, մեր իրականության մեջ արմատացած է այն կարծիքը, որ պատգամավոր պետք է կամ կարող են դառնալ միայն ֆինանսական հնարավորություններ, քաղաքական աջակցություն ունեցող մարդիկ: Շատերը մոռանում են, որ պատգամավորական գործունեությունը աշխատանք է, մտավոր եւ, իմ համոզմամբ` ծանր աշխատանք, որին պետք է պատրաստ լինել եւ հոգեբանորեն, եւ պրոֆեսիոնալ առումով: Թող անհամեստ չհնչի, բայց, կարծում եմ, այդ չափանիշներով ես պատրաստ եմ պատգամավորի աշխատանքին: Շուրջ 15 տարի դասավանդում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ամենօրյա շփման մեջ եմ երիտասարդների հետ, այսպես ասած, ժամանակի շունչը զգում եմ: Ակնհայտ է, որ այսօր հասարակությունն ունի նոր գործիչների, թարմ դեմքերի պահանջ: Վերջին 10 եւ ավելի տարիներին մեր խորհրդարանը լայն իմաստով կարծես չի փոխվում, անընդհատ նույն դեմքերն են, նույն ասելիքով, կամ, որ ավելի վատ է` ասելիքի բացակայությամբ: Այն մարդիկ, ովքեր ինչ-որ բան կարող էին անել, կարծում եմ` արդեն արել են, իսկ նրանք, ովքեր ոչինչ անելու ունակ չեն, առավել եւս տեղ չպետք է ունենան օրենսդիր մարմնում: Այդ փակ շղթան, նույն մարդկանց շրջապտույտը, կարծում եմ, պետք է դադարեցնել, իսկ այս ընտրությունները նման հնարավորություն տալիս են: Ինչ վերաբերում է հարցին` ինչո՞ւ հատկապես այս ընտրատարածքում, ապա գոնե իմ պարագայում տարօրինակ կլիներ, եթե առաջադրվեի մեկ այլ ընտրատարածքում: Ես մեծացել, աշխատել ու աշխատում եմ Երեւանի Կենտրոնում, որի հետ կապված է ողջ գիտակցական կյանքս: Բնականաբար, այստեղ էլ պետք է առաջադրվեի, անկախ այն հանգամանքից, թե ուրիշ ինչ թեկնածուներ են պայքարում այդտեղ: Ես երբեք իմ որոշումները այլ անձանց գործողություններով չեմ պայմանավորել: Եվ հետո, այս ընտրատարածքում առաջադրվելով` նաեւ ցանկանում եմ կոտրել այն արատավոր կարծրատիպը, որ դժբախտաբար ձեւավորվել է մեր կյանքում: Շատերին թվում է, թե ընտրատարածքը նույնպես, բիզնեսի նման, սեփական տիրույթ է, եւ բոլոր ընտրություններում այդտեղից պետք է անցնի նույն անձը կամ նրա մերձավորները: Եվ եթե որեւէ մեկն այդ մտայնությանը հակառակ որոշում է կայացնում, դա ընկալվում է որպես սեփականության նկատմամբ ոտնձգությանը հավասար քայլ:
– Ձեզ չի՞ կաշկանդում, որ Ձեր մրցակիցները հայտնի գործարարներ են` Սարիբեկ Սուքիասյանը եւ Գարեգին Նուշիկյանը, եւ ինչպե՞ս եք վերաբերվում գործարարների ներգրավվածությանն ԱԺ-ում:
– Բնականաբար, ոչ, չի կաշկանդում, քանի որ, եթե ամեն ինչ ընթանա օրենքի սահմաններում, եւ մենք կարողանանք հավասարապես ներկայանալ քարոզարշավում, ընտրողներն են որոշելու` ով է մեզանից ավելի արժանի իրենց վստահությանը: Իմ երկու մրցակիցներին էլ վերաբերվում եմ հարգանքով, քանի որ նրանք Հայաստանի բիզնես միջավայրում ունեն քաղաքակիրթ գործարարի համարում, տարբերվում են հայկական-ավանդական բինզեսմենի կարծրատիպից: Իսկ գործարարների մուտքին խորհրդարան նորմալ եմ վերաբերվում, քանի որ համարում եմ, որ եթե մարդը կայանում է բիզնեսում, նշանակում է` ունի արդյունավետ կառավարման ունակություններ, որոնք կարող է օգտագործել նաեւ օրենսդիր աշխատանքում: Իհարկե, իմ կարծիքով, ավելի դրական կլիներ, որ Հայաստանում օրինական հիմունքներով կայանար նաեւ լոբբիզմի ինստիտուտը, ինչը ընդունված է բազմաթիվ զարգացած, ժողովրդավարական երկրներում: Այդ դեպքում գործարարները իրենց շահերը սպասարկելու, տնտեսական քաղաքականության վրա ազդեցություն ունենալու համար ներկայացուցիչներ կունենային խորհրդարանում եւ անձամբ չէին մասնակցի ընտրություններին:
– Թիվ 10 ընտրատարածքում Ձեր թեկնածուներից մեկին պաշտպանում է իշխանությունը` ի դեմս ՀՀԿ-ի, մյուսին` ընդդիմությունը` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի: Ինչպիսի՞ն է Ձեր քաղաքական դիրքորոշումը, ընտրվելու դեպքում Ձեզ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր դաշտում եք տեսնում:
– Ընտրվելու դեպքում ես ինձ տեսնում եմ իմ ընտրողների շահերի սպասարկման դաշտում: Ես կաջակցեմ այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն ընտրողի, քաղաքացիների խնդիրների լուծմանը` անկախ դրանց հեղինակների քաղաքական պատկանելությունից: Որպես քաղաքացի` եղել եմ Համաժողովրդական շարժման կողմնակիցը, որը հետագայում վերածվեց Հայ ազգային կոնգրեսի, մասնակցել եմ հանրահավաքներին, քանի որ 2008 թվականին այդ շարժման մեջ տեսնում էի որակական փոփոխություններ կատարելու հնարավորություն: Թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք:
– Փաստորեն, հիմա պայքարում եք նաեւ ՀԱԿ-ի պաշտպանած թեկնածուի՞ դեմ:
– Ես պայքարում եմ ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ ընտրողների վստահությունը ստանալու համար: Իսկ ՀԱԿ-ը, կարծում եմ, կոնկրետ այս ընտրատարածքում գործում է երկակի չափանիշներով, ինչը ազդում է նրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վրա: ՀԱԿ-ը միշտ պայքարել է իշխանության եւ բիզնեսի սերտաճման դեմ, 2010 թվականին սկսված երկխոսության ժամանակ իշխանության ոչ լեգիտիմությունն ապացուցելու համար հրապարակեց ավելի քան 70 գործարար-պատգամավորների ցուցակ, հիմա փաստորեն պաշտոնապես պաշտպանում է գործարար թեկնածուի: Այսինքն` համաժողովրդական պայքարը հասցվեց քաղաքական կոնյունկտուրային հարմարվելու, սկզբունքներից հրաժարվելու դիրքորոշմանը:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը Ձեր ընտրատարածքում:
– Բուն քարոզարշավը գնահատում եմ նորմալ, երկու մրցակիցներս էլ զուտ քարոզչական առումով քաղաքակիրթ պայքար են մղում: Այսինքն` քարոզչության տեսանելի մասը շատ նորմալ է անցնում: Այլ հարց է, որ վերջին օրերին ահազանգեր ենք ստանում մեր ընտրատարածքի տարբեր հատվածներում ակտիվիստներին դրամական հատկացումներ կատարելու մասին: Իմ նախընտրական շտաբը զբաղվում է նման ահազանգերի իսկությունը ստուգելով, եւ եթե առաջիկա օրերին նման դեպքերը շարունակվեն, կհրապարակենք նաեւ կոնկրետ փաստեր: Հույս ունեմ, որ մեր ընտրատարածքում ընդդիմությունը չի անի այն, ինչ իշխանություններն անում են ամբողջ հանրապետությունում: