Ապօրինի գործունեության դեպքեր Արագածոտնում

19/04/2012

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Արագածոտնի մարզում հայտնաբերվել են հարկային դաշտից դուրս գործող 6 տնտեսվարող սուբյեկտներ: Օրերս` Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 24-րդ բաժնի աշխատակիցներն Արագածոտնի մարզում բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության վեց դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարբի գյուղի բնակիչ Գուրգեն Նազարեթյանը եւ Աշտարակի բնակիչ Հակոբ Պողոսյանը զբաղվում են սառնարանային տնտեսությունում խնձորի պահեստավորման համար վարձավճարային ծառայությունների մատուցմամբ: Պարզվել է նաեւ, որ Աշտարակ քաղաքի բնակիչ Կարապետ Սիմոնյանն, առանց համապատասխան պետական գրանցման, զբաղվել է մետաղամշակման աշխատանքներով, իսկ նույն քաղաքի մեկ այլ բնակիչ` Արտակ Ղալաչյանը, Ներսես Աշտարակեցու 3 հասցեում գտնվող շինությունը տրամադրել է բնակչությանը` միջոցառումներ իրականացնելու համար: Արագավան գյուղի բնակիչ Մանվել Հովհաննիսյանն` առանց համապատասխան պետական գրանցման, զբաղվել է ավտոտեխսպասարկման ծառայությունների մատուցմամբ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ Աշտարակի բնակիչ Արա Ղուշչյանն իրականացնում է առանց ակցիզային դրոշմանիշների ոգելից խմիչքի վաճառք: Ըստ ՊԵԿ-ի` նշված փաստերի վերաբերյալ կազմվել են համապատասխան ակտեր, իսկ քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության: