Ինչ համահունչ է ամեն ինչ: Գարնան հետ բնությունն է աշխուժանում: Ընտրապայքարի հետ՝ քաղաքական կյանքը: Էս վերջինից պրծում չկա: Հայկական լրատվամիջոցներում հայկական ընտրարշավն է, արտասահմանյաններում՝ ֆրանսիական, ամերիկյան, լատինաամերիկյան նախագահական ու համանման ընտրարշավները: Ուզես-չուզես` համեմատում ես: Հատկապես, որ տնտեսական ֆոնը նույնն է: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը նախընտրական փուլ մտած բոլոր երկրներում սոցիալ-տնտեսական խնդիրներն են ամենակարեւորը դարձել: Ֆրանսիայի, ԱՄՆ նախագահի թեկնածուները, մեր կուսակցությունների լիդերները նույն թեմայից են խոսում: Բոլոր հանդիպումներում բոլորը խոստանում են նոր աշխատատեղեր ստեղծել: Պատճառն ակնհայտ է՝ ճգնաժամի պառճառով արեւմտյան երկրներում գործազրկությունը աննախադեպ ծավալների է հասնում: ԱՄՆ-ում գործազրկության ցուցանիշը 8-9 տոկոս է: Մյուս երկրներում պատկերն ավելի սարսափելի է: Պաշտոնական տվյալներով` Իսպանիայում գործազուրկ է աշխատունակ բնակչության 24 տոկոսը: Ֆրանսիական երիտասարդությունն արդեն համակերպվում է այն մտքի հետ, որ երբեք չի ունենալու իր ծնողների կենսամակարդակը: Հետեւաբար` բոլոր երկրներում ընտրական քվե հայցող դեմքերը աշխատատեղեր են խոստանում: Բայց հենց այստեղ էլ նմանությունն ավարտվում է: Քաղաքական գործիչներն ամենուր են շատախոս ու պերճախոս: Բայց Արեւմուտքում սուտ խոստումները կաշկանդող համակարգեր կան: Դրա համար էլ արեւմտյան թեկնածուները մերոնց նման հենց այնպես չեն խոստանում: Նրանց ելույթներում տնտեսական մանրամասն վերլուծություններ կան: Վերլուծություններ` թե կոնկրետ որ ոլորտում որքան աշխատատեղ ստեղծելու հնարավորություն կա: Որովհետեւ խոստումներ շռայլելուն զուգընթաց` տնտեսական անկախ կանխատեսումներ են հրապարակվում: Համաշխարհային բանկը երեկ հրապարակեց այս եւ եկող տարվա տնտեսական սպասումները: Պատկերը տխուր է՝ ճգնաժամն առայժմ չի հաղթահարվելու: ԱՄՆ տնտեսության աճի ցուցանիշը սպասվածից փոքր է: Եվրամիության երկրներում այս տարի հնարավոր չի լինելու կանխել տնտեսական անկումը: Երկրաշարժից հետո աշխուժացած ճապոնական տնտեսությունը եւս դանդաղեցնում է աճի տեմպը: Ի հեճուկս այս ամենի` մեր կառավարության կանխատեսումներով` մեր տնտեսությունն աճելու է: Եվ դա ՀՀ 2012թ. բյուջեի մասին օրենքով է որոշված: Կարծեմ` 4,2 տոկոսի չափով: Բայց, միեւնույն է, նախընտրական քարոզչության ամենակարեւոր թեման շարունակում է մնալ նոր աշխատատեղերի խոստումը: Հատկապես, որ խոստանալ-չանելը սովորական երեւույթ է: Քանի-քանի նման տնտեսական խոստումներ են տրվել: Ասենք, Իրանի հետ երկաթուղի, նոր ատոմակայան կառուցելու, նավթամշակման ձեռնարկություն շահագործելու: Բոլորը հիշել ու թվարկելն անհնար է: Բայց հայրենական քարոզարշավներում մի բան շահեկանորեն փոխվել է: Նախկին բոլոր ընտրությունների ժամանակ բոլոր քաղաքական ուժերը լայն իմաստով մեկ լոզունգ ունեին՝ «Ընտրեք մեզ, որ մենք կառուցենք ձեր երազած երկիրը: Կառուցենք ու տանք ձեզ, ու վայելեք»: Հիմա այդ պարզունակ կարգախոսին չեն հավատա: Քսան տարվա մեջ ոչ ոք մի քայլ անգամ չարեց մեր երազների երկիրը կառուցելու ճանապարհին: Ոչ ոք այլեւս չի ակնկալում, որ որեւէ քաղաքական ուժ կսարքի մեր երազների «Երկիր դրախտավայրը»: Հետեւաբար` հիմա բոլորը մի բան են խոստանում՝ բոլորին ապահովել աշխատանքով: Աշխատանքով, որ արժանապատիվ ապրելակերպ կապահովի: Կապահովի ու կկանխի արտագաղթը: Արտագաղթից կիսկիսված ընտանիքների կարոտի վրա քարոզարշավ կառուցելուց ոչ մի քաղաքական ուժ չխորշեց: Հավանաբար ճիշտ է այն պնդումը, որ «բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ»: Ուստի ոչ ոք իրեն չի ծանրաբեռնում ճշգրտելու, թե որ ոլորտում եւ որքան աշխատատեղ են խոստանում բացել: Հավանաբար` նաեւ այն պատճառով, որ դատարկ խոստումներով ընտրազանգված չես ոգեւորի: Ընտրազանգվածի տառապանքը փորձ ունի: Մի քանի տարի առաջ, օրինակ, հարազատ կառավարությունը գյուղացիներին աջակցություն խոստացավ՝ սերմացուի տեսքով: Մինչ օրս էլ աջակցում են: Շատ յուրօրինակ մեթոդով: Մեթոդ, որին բոլոր ազգերի ու բոլոր ժամանակների վաշխառուները կնախանձեն: Գարնանը գյուղացուն սերմացու են տալիս, իսկ աշնանը գյուղացուց ուղիղ կրկնակին ետ են վերցնում: Ահա 100 տոկոս շահութաբերություն ապահովող «աջակցության» դասական օրինակ: Դրա համար հիմա ընտրողը պարապ խոստումներով չի կողմնորոշվում: Մեր իշխանությունները դա լավ գիտեն: Գիտեն ու քարոզարշավին կանխիկ են մոտենում: Օրինակ` կառավարության որոշումը մինչեւ մայիսի 1-ն անվճար ոռոգման ջուր տալու մասին: Այս յուրօրինակ կաշառքը պիտի որ աշխատի: Թքած, թե դրանից ամենաշատը կօգտվեն խոշոր հողատերերը: Գյուղացիական մանր տնտեսություններին էլ մի քիչ բաժին կհասնի: Իսկ դա ընտրությունների վրա ավելի էական ազդեցություն կթողնի, քան ամենապոպուլիստական խոստումները: Երեւի այս պատճառով այս ընտրություններում նման խոստումների քանակն էապես նվազել է: Բան չմնաց: Մայիսի 6-ից հետո բոլորիս հանգիստ են թողնելու: