Կյանքը՝ առաջին գծում

19/04/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ղարաբաղի սահմանային առաջին գիծ տանող ճանապարհին երեւացող արեւածաղկի այրված, սեւ գլուխները կարծես անհաղորդ էին դարձել արեւին: Թվում էր` նեղացել էին այս աշխարհում տեղի ունեցող ինչ-որ անհասկանալի խաղ կամ պատերազմ «հորինողներից»: Ավտոմեքենայի մեջ ճնշող լռությունը խախտեց մեզ ուղեկցող զինվորականը, ով քիչ անց սկսեց պատմել պատերազմի որոշ դրվագներ: Մեր առջեւ կանգնում էր անցյալն ու դրա շարունակությունը, որ անվանում ենք ներկա… Ժամեր անց Լեռնային Ղարաբաղ մեկնած լրագրողներս` մոտենալով զինվորական կենտրոնական շտաբին` ուղեւորվեցինք դեպի առաջին գիծ…

Դեպի առաջին գիծ

Առաջին գիծ տանող ճանապարհն անցնում էր ազատագրված տարածքներով: Գլխավոր խաչմերուկում ճանապարհը բաժանվում էր երկու մասի: «Բաքու ենք գնում, չէ՞»,- ճանապարհը շրջադարձելով` կատակեց բարձրաստիճան զինվորականը: Ծիծաղեցինք, հետո սկսեցինք լուռ նայել կանաչ տարածությունների մեջ ջարդված ատամների նմանվող տներին: Թվում էր` պատերազմի ուրվականը թաքնված էր այնտեղ, որն ավելի սարսափելի էր դառնում սահման հասնելու ամեն հատվածից հետո: Չհաշված այնտեղ գրանցվող եղանակային փոփոխությունները, ավերակների մեջ աճող ծառերը, խոտերը, ժամանակը կանգ էր առել այդ կողմերում: Եթե այդ վայրերում հայտնվեր գոնե մի կթվորուհի կամ հովիվ, հաստատ կլսվեր ժամացույցի միալար շարժը… Ու սկսում ես հարցերով ինքդ քեզ խեղդել, հասկանալ կամ զգալ, թե արդյո՞ք ժամանակն` ինքը, մարդը չէ… «Մի քանի րոպեից կհասնենք սահման»,- շատ հանդարտ ասաց զինվորականներից մեկը: Ինչքան ավտոմեքենան ընկնում էր փոսերի մեջ, այդքան վերաճում էր հուզմունքը: «Հետաքրքիր է` ի՞նչ է զգում զինվորն այս ճանապարհն անցնելով»,- այս մտքի վրա սեւեռված` փորձում էի խիստ որոշակի պատասխան փնտրել: Մենք` լրագրողներս, երբեմն այնքան հեշտությամբ ենք գրում այն ամենի մասին, ինչն անծանոթ է մեզ, եւ այնքան հեշտությամբ ենք խոսում ուրիշների կյանքի մասին` չճանաչելով ինքներս մեր կյանքը…

«Այստեղից ոտքով պետք է գնանք»,- ասաց մեզ ուղեկցող զինվորականը: «Սա առաջի՞ն գիծն է»,- զարմացած, վախով հարցրեցի նրան: «Ոչ»,- կտրուկ պատասխանեց մեր ուղեկիցը: Քիչ անց մեզ «դիմավորեց» զինվորներից մեղրեցի Ճուտոն, բարեւեց, հետո այնպես ժպտաց, որ երեւացին առջեւի երկու մեծ-մեծ ատամները: Ճուտոյի հայացքում այնքան խիզախություն կար, ու այնքան բարություն` նրա ժպիտի մեջ…

Առաջին գծում

«Հողաթմբեր» կոչվող խրամատները, չգիտես, թե դեպի ուր էին ձգվում, եւ միգուցե առավել քան կարեւոր էին այն զգացողությունները, որ ապրում էիր այդ գծում: Ես ուղղակիորեն ուզում էի հասկանալ, թե ինչո՞ւ հակառակորդ կոչվող մարդկանց ու նրանց նետած արկերի պայթյունների հետեւանքով խանգարվեցին իմ մանկական բակային խաղերը: Միգուցե ես հասել էի այնտեղ` պատասխան ստանալու համար… Չգիտեմ… Ավելի ուշ հասկացա, որ սահմանին յուրաքանչյուր վայրկյանով արժեւորվում է կյանքը: Երբ դիտակետից նայում էի խիստ մոտիկ թվացող ադրբեջանական դիրքերին, փոխգնդապետը կրկին հիշեցրեց ժամանակի մասին` նշելով, որ առավելագույնը 3 վայրկյան նայելու ժամանակ ունեի: Մինչդեռ սահմանից հեռու մենք ինչքան «3 վայրկյաններ» ենք անիմաստ սպառում…

Առաջին գծի տղերքը

«Բլինդաժի» հարեւանությամբ սկսեցինք զրուցել զինվորների հետ: Առաջին հայացքից պատասխանները խիստ կանոնակարգված էին, զինվորականներին հատուկ արտահայտություններ էին օգտագործում: Յուրաքանչյուր հարցի պատասխանում էին «ճիշտ այդպես», «ոչ մի կերպ» կարճ ու որեւէ բան չասող նախադասություններով` այդ կերպ թաքցնելով այն իրական ապրումներն ու անհանգստությունները, որ ունեին: Սա նկատելով` խոստացա որեւէ մեկի պատմությունը չհրապարակել, որովհետեւ ինքս գիտակցում էի, որ զինվորն իր խնդիրների մասին երբեւէ չէր հայտնի` այն էլ լրագրողներին: Ինձ հետաքրքրում էին այն ապրումները, որ ունեին այդ տղաները: Բոլորս ակամայից սկսեցինք լռել, բայց լռել` ավելի շատ ասելիքի առատությունից: Հետո ինչ-որ տեղ լսվեցին կրակոցների խուլ ձայներ, իսկ խրամատ տանող ճանապարհին անվախ կանգնած նորատունկ ծառի ստվերում թաքնված Դինգոն սկսեց ուշադիր նայել շուրջը: Այդ լռության պահին ինձ մոտեցավ հոկտեմբերյանցի Արտյոմը, ով 9 ամիս էր` ծառայում էր Ղարաբաղում: Տղայի ասելով` ինքն ուզում էր Ղարաբաղ գնալ, որովհետեւ հետագայում հպարտանալու առիթներ է ունենալու: Արտյոմը խոսում էր կցկտուր, աչքերը գետնին հառած: Բանակում կատարվող ինքնասպանությունների դրդապատճառների պատասխանը չէր գտել: «Ես էլ եմ մտածել Ձեր ասածի վերաբերյալ, բայց ոչ մի կարծիք չեմ կազմել, թե ինչի՞ց զինվորը կարա իրեն խփի»,- ասաց Արտյոմը: Արտյոմի հետ զրուցելիս մեզ մոտեցավ սպա Մհերը: Վերջինս շարունակեց Արտյոմի հետ մեր խոսակցությունը բանակում կատարվող սպանությունների եւ ինքնասպանությունների մասին: «Երկու զինվորի փոխհարաբերություններից է, ղեկավարությունը թույլ կազմակերպելուց, այսինքն` ղեկավարությունը կարա լինի դիրքի ավագի կամ տվյալ հենակետի ավագի, սպայի թույլ ղեկավարման պատճառով, անզգուշության պատճառով. հելնեն խրամատի գլուխ, խփեն»,- նշեց Մհերը` բացատրելով նաեւ անզգուշության հետեւանքով կատարված սպանությունների պատճառները: «Խի են բարձրանում խրամատի գլո՞ւխ: Հակառակորդը լույսեր ա վառում, շուն ա հանում խրամատի գլուխ, աղջիկներ ա հանում խրամատի գլուխ, տղերքն էլ գլուխները հանում են, որ նայեն, նրանք էլ ամեն կողմից խփում են: Հազար ձեւի դիմում են, որ մենք կորուստ ունենանք»: Մհերի դիտարկմամբ` մեր դիրքերը շատ ամուր են պաշտպանվում: «Մեր բանակը բավականացնում է սահմանների պահպանմանը, օրինակ, մեր բանակն էդքան հարուստ չի, որ մենք ավել բաներ ունենանք էստեղ, որ մեր հակառակորդն ունի: Ավել բաներ ասելով` նկատի ունեմ թե՛ տեխնիկայի, թե՛ նյութական իմաստով»,- նկատեց սպան: Ըստ նրա` օրվա ընթացքում կրակոցների միջին թիվը հասնում է 4-5-ի: «Հակառակորդը սահմանի խախտում շատ է անում: Մենք ընդհանրապես չենք անում սահմանի խախտում: Ընդհանրապես ասելով` նկատի ունեմ, որ մենք պետք է հրաման ստանանք, որ սահմանը խախտենք»,- ասաց Մհերը` խոսելով նաեւ հակառակորդի կողմից կատարվող հետախուզության մասին: «Ռազվեդկեն մենք չենք կարա նկատենք: Եղել են դեպքեր, օրինակ, առավոտ հելել-տեսել ենք հողի վրա մեծ բատինկաների հետքեր, ու մենք էդ ձեւի բատինկա չունենք»: Իսկ հարցին, թե դա նշանակում է, որ թո՞ւյլ է մեր պաշտպանությունը, սպան պատասխանեց. «Չէ, էս ձեւ չի: Օրինակ, ստեղ էնքան մութ ա լինում, որ ձեզ չեմ կարա տենամ գիշերը: Այ էդ ձեւի մութ ա: Ինքը չի կարում մտնի, գալիս ա, կանգնում ա վերեւը, նայում ա տեսնի` ի՞նչ ա կատարվում ստեղ, հետո հետ են դառնում: Շատ վախտ գալիս են, մինի վրա տրաքում են: Էս վերջին դեպքերից հետո էլ չեն գալիս»: Զինվորների փոխանցմամբ` շատ են նաեւ «սահմանախախտ», «ադրբեջանցի» շները: «Դե էնտեղ հաց չեն տալիս, գալիս են` մենք ենք հաց տալիս»,- ավելացրին զինվորները: Իսկ նրանցից մի քանի մետր հեռավորության վրա` դիտակետում, կանգնել էին սահմանապահները: Արմանին ու Համոյին մնացել էր մի քանի շաբաթ ծառայությունն ավարտելու համար: Նրանց հետ մենք զրուցեցինք դիտակետում: «Չէի մտածում, որ ինձ կբերեն առաջնագիծ: Սկզբից դժվար ա լինում, հետո ընթացքում հարմարվում ես: Հիմա ուրախ եմ, որ ծառայում եմ առաջնագծում: Ամեն ինչն էլ նորմալ ա` սնունդը, պայմանները: Ոչ մի բանից չենք բողոքում: Վատ բան չկա, եթե զգույշ եւ ուշադիր լինես, ոչ մի վատ բան չի լինի»,- ասաց վանաձորցի Արմանը: Իսկ ընկերը` Համոն, ավելացրեց. «Մեր զգուշությունն էն ա, որ մեր գլուխները չհանենք խրամատներից»: «Տարբերություն չկա մեզ համար` ստե՞ղ ենք, թե՞ ներքեւում: Գիտենք, որ մեր դիմաց հակառակորդն ա, ու պիտի ուշադիր լինենք: Գիշերն էլ պիտի ուշադիր լինենք. որ դիվերսիոն խմբեր չմտնեն»,- նշեց Արմանը: «Մենակ մի բան… էս վերջին ամիսներին հուզմունքը շատանում ա, որ լավ ծառայենք-գնանք»,- հետդարձի ճանապարհին ասացին զինվորները` թվարկելով իրենց ապագա ծրագրերի մասին: «Գիտեք` հայրենասիրությունն էն ա, որ մենք ստեղ կանգնած սահման ենք պահում, իսկ դուք էնտեղ ապահով խոսում եք էդ մասին»,- նշեց զինվորը:

Ի դեպ, այստեղ էլ կա փոքրիկ աղոթատեղի, որը տարիներ առաջ զինվորներից մեկը նվիրել է զոհված եղբորը: Այստեղ, թերեւս, միակ տեղն է, որտեղ կյանքի ու մահվան մասին խոսում են առանց «գոռալու», առանց արժեքների «պիտակավորումների»: Այստեղ էլ սուրճ են խմում, ինչպես քաղաքային կյանքում, բայց դա անում են առանց ձեւականությունների ու արարողակարգի: Կանաչ պլաստմասսե բաժակով սուրճը վերցնելով` նայում էի դեպի դիտակետ շտապող այն զինվորներին, որոնց համար հայրենիք պաշտպանելը դարձել է օրվա գլխավոր պարտականություն: «Ամեն անգամ, երբ լսում ենք բանակում կատարված սպանության կամ ինքնասպանության դեպք, մեծ ցավ ենք զգում, որովհետեւ իրանք էլ սպասող ունեն տանը,- ասաց թալինցի Արգիշտին, ով ամեն կերպ փորձելով թաքցնել աչքերի անկյուններում թաքնված կարոտը` ավելացրեց,- Ամեն անգամ դիրքեր բարձրանալիս` ասում ենք` Աստված տա, ինչքանով հելել ենք, էդքանով իջնենք, իջնելուց էլ ասում ենք` շնորհակալ ենք, Աստված»….

Հ.Գ. Լրագրողների այցը մարտական դիրքեր եւ զորամասեր կազմակերպել էին «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն եւ ԼՂՀ պաշտպանության բանակը: