«Կան մարդիկ, ովքեր սպասում են մեր կողմնորոշմանը` հաշվի առնելով ԱԻՄ-ի ունեցած ներդրումը ՀՀ-ի պետականության մեջ: Ես, իհարկե, որոշակի նախապատվություն ունեմ, բայց այս պահին չեմ ցանկանում դրա մասին խոսել: Նշեմ մի բան, եթե մինչեւ երկու օր առաջ ես որեւէ մեկի դեմ արտահայտվել չէի ցանկանում, ապա Տեր-Պետրոսյանի ելույթը ստիպել է խոսել»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` նշելով, որ իրենք դեռ վերջնական որոշում չեն կայացրել` ո՞ւմ օգտին քվեարկել եւ ժողովրդին ո՞ւմ ընտրելու կոչ անել: Ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին, ապա խոսքը քարոզարշավի ժամանակ նրա հնչեցրած այն արտահայտության մասին է, թե իր իշխանության տարիներին Հայաստանն այնքան ժողովրդավարական երկիր էր, որ Պարույր Հայրիկյանն իր երգերն էր երգում հրապարակներում: «Լեւոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը` Էդուարդ Եգորյանը, հանկարծ աչքերը բացեց ու ասաց` չի կարելի թույլ տալ, որ իշխանական համակարգում լինի թեկուզ մեկ լեւոնական»,- ասաց Հայրիկյանը: Ըստ նրա` ՀԱԿ-ի կողմնակիցները, մեծամասամբ, չգիտեն Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ճշմարտությունը, ինչն իմանալու դեպքում` նրա կողքին կմնան միայն իր խնամիները: Իսկ իրականությունը ներկայացնելու համար Պարույր Հայրիկյանը հրապարակել է «Անառողջ անցյալի գունազարդումով պայծառ ներկա չես կերտի» անվանումով բրոշյուրը:
Հայրիկյանը բարձր է գնահատում ՀՀ առաջին նախագահի կողքին այսօր կանգնած մի շարք մարդկանց` տնտեսագետ Հրանտ Բագրատյանին, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին եւ այլոց: Խոսելով քարոզարշավի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթների մասին, Հայրիկյանն ասել է. «Քարոզարշավը ինքնագովազդ է, եւ ամեն մեկն իրեն է գովում, իրեն է ներկայացնում»: Նա հուսով է, որ կան հնարավորություններ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ազատ ու թափանցիկ անցկացնելու համար: «Մի քիչ մարդավարի ընտրություններ ունեցել ենք 1998թ.-ին, եւ այս անգամ դա կարող է կրկնվել: Շատ կարեւոր է այն, որ վստահված անձինք կարող են տեսանկարահանել ամբողջ ընտրական գործընթացը: Նախկինում ոչ միայն դա չէր թույլատրվում, այլ նաեւ վստահված անձինք, մեղմ ասած, անցանկալի մարդիկ էին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Հայրիկյանի ասած այդ «մի քիչ մարդավարի» ընտրությունները համարվում են Հայաստանի ընտրական պատմության ամենախայտառակ ընտրություններից մեկը, որի արդյունքներով նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: