Աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանը Ֆրանսիայում, արդեն յոթ տարի է, մշտական ցուցահանդեսներ է ունենում: Անցյալ տարվա մեծ անհատական ցուցահանդեսից հետո Մարսելի «Anna-Tschopp» գալերեայի տնօրեն Իվ Գնաեգին այս տարի նույնպես նրան հրավիրել էր մարտի 1-ից մինչեւ 10-ը ներկայացնելու իր վերջին գործերը: Գ. Կարապետյանը հրավերք ուներ նաեւ Գերմանիայից` փետրվարի 17-ից մինչեւ մարտի 17-ը ցուցադրվելու Բեռլինի «InteriorDAsein» սրահում, որը տնօրինում է մեր հայրենակից Արչի Գալենցը: Երեք ամսվա ճամփորդությունից հետո նա արդեն վերադարձել է Հայաստան` գիտակցելով կարեւորագույն մի բան` Եվրոպան նկար նայելու բարձր կուլտուրա ունի, որովհետեւ անակնկալ տեսնելու պատրաստ է մոտենում նկարին:
Որքան էլ արվեստի վերլուծական մտածողություն ունեցողներից շատերն աբստակցիոնիզմը համարեն պատրանքային, այդուհանդերձ, այն չափազանց իրատեսական է: Արվեստաբաններից շատերը պնդում են, որ հենց վերացարկային տենդենցներն են արվեստում ճշմարիտ, ոչ թե սալոնային նատուրալիստական գեղանկարչությունը, որն արտացոլում է նկարչի խորթացումը 20-րդ դարում տիրող, մեղմ ասած` նյութականացված ու արժեզրկված իրականությունից: Պատահական չէ, որ որքան մարդկությունը դեգրադացվում է` այնքան արվեստն ավելի վերացարկային է դառնում: Մարդն այսօր կառչած է ռեալիզմին, քանի որ կոնկրետություն է ուզում` չգիտակցելով, որ աբստրակցիոնիզմն իրականությունից հրաժարումի ձեռնոց չի նետում: Այլ կերպ ասած` մարդը պատրաստ չէ գեղարվեստական մտածողությունից վերացած պատկեր ընդունել: Ընդհանրապես աբստրակցիան դեպի մարդու հոգին սողոսկելու հատկություն ունի եւ, եթե սալոնային նատուրալիստական գեղանկարչությունը շոյում է մարդու աչքը, ապա աբստրակցիան իր ներուժով մարդուն իր հետ առճակատման է դրդում: «Բացարձակը հնարավոր չէ մեկնաբանել, բայց հնարավոր է ստեղծել նրա պատկերը: Նկարչությունը կամ ստեղծագործությունը փակ, ավարտուն ոլորտների մի անվերջանալի համակարգ է, որը հայտնվում է նկարի մեջ, եւ որն արվեստագետը ստեղծում է հայտնությամբ, անակնկալ: Անհնար է հասկանալ ստեղծագործությունը, ինչպեսեւ անհնար է նրան արհամարհել, անտեսել: Դու պարտավոր ես հաշտվել նրա գոյության հետ ու ապրել նրա հետ: Արվեստի գործը մարդուն ոչ դժբախտացնում, ոչ էլ` երջանկացնում է: Այն պարզապես չի թողնում, որ մենք հանգիստ ապրենք: Մարդու միջոցով ստեղծվում է մի գործ, որն ամբողջովին անկախ եւ ինքնաբավ է. Դու ոչ մի իշխանություն չունես այդ գործի վրա»,- ասում է աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանը, ով, ինչպես Կանդինսկին էր ձեւակերպում` աշխարհիկ իրականության մեջ ապրող բարձր նպատակների ծառա է: Նրա կտավների պատկերներն ուղերձների նման են, որոնք տեսողական զգայարանից տեղափոխվում են մարդու ներաշխարհ` նրան թողնելով միայնակ ինքն իր հետ: Մարդը հայտնվում է զրո կետում, որտեղից սկիզբ է առնում ճշմարտության որոնումը եւ որտեղ ռեալիստական է դառնում վերացարկումը: Որքան դիպուկ է հարվածը, այդքան մարդու համար այն վտանգավոր է, քանի որ մարդն այլեւս փախչելու տեղ չունի:
– Նկարը ստեղծվում է մինչեւ նրա ստեղծվելը: Նկարը չի պահանջում տրամադրվածություն, հաշվարկ: Ստեղծվելու համար էդ տեսակ պատճառներ չունի, այլ նկարի ստեղծման պատճառը հենց նկարն է: Ինչքան անկախ պահես իրեն, այնքան ինքը լինելու է բացահայտված: Նման բացարձակ երեւույթների մեջ չպետք է լինի երկիմաստություն: Իրեն տեսնում ես մի հարթության վրա, եւ ինքը մի բան է, որը ոչ մի բան է: Քո միջոցով հայտնվելով` իր առանձին գոյությամբ իմաստ է տալիս քո կյանքին: Որքան քիչ գովեստի կամ քննադատության խոսքեր շռայլես իրեն, այնքան` լավ, որովհետեւ ինքը քեզ հետ հաղորդակցվում է լռության մեջ: Կան մտքեր, որոնք արտահայտելու, խոսելու կամ գրելու համար են: Կան իդեաներ, որոնք իրականացնելու համար են: Միեւնույն ժամանակ` կան իդեաներ եւ մտքեր, որոնք երբեք իրականություն չեն դառնում: Երբ կրթություն ես ստանում, շփվում ես արվեստի հետ, ունես սիրած նկարիչներ, ուսումնասիրում ես այդ դաշտը` շատ մեծ ինֆորմացիա ես ստանում, ինչը շատ լավ է: Բայց հետո սկսում ես ավելի շատ սիրել իրենց չնկարած գործերը: Կան այդպիսի գործեր, որոնք երբեք չեն նկարվում: Դրանք միշտ մնում են հոգեւոր դաշտում, եւ կարիք չկա, որ դրանք դառնան առարկաներ` նկարներ, ինստալացիաներ եւ այլն: Գոյություն ունեն փուլեր, որտեղ սկզբում ամեն ինչ դառնում է վիզուալ, բայց հետագայում` մտքերը երբեք չեն դառնում նկարչություն: Այդ մտքերը միշտ գոյություն ունեն, ապրում են ժամանակի հետ առաջ շարժվելով: Օրինակ` եվրոպացիները, բացի արվեստագետին արժեւորելուց, բավականին ինտենսիվ փորձում են ուսումնասիրել, թե ինչպիսին էր նրա միջի մարդը, պարզ հարցերում ինչպես էր իրեն դրսեւորում, ինչ մտքեր ուներ նա, որոնք չիրագործեց, ինչեր կարող էր դեռ անել: Բայց ամեն ինչ ճիշտ է նաեւ այդ չարածի մեջ: Դա նման է, երբ մարգարեն գիտի ամեն ինչ, բայց կան բաներ, որոնց մասին ինքը երբեք չի ասում: Եթե դու ունես լավ միտք` արդեն այդ միտքը գոյություն ունի իրականության մեջ: Այդ առումով քանդվում է արժեքային համակարգ, բայց քեզ համար, որովհետեւ մարդիկ դա սիրում են, ու դա պետք է մարդկանց: Մարդիկ սիրում են թանգարանային արժեք, որը, կարող է, քեզ համար ոչինչ է, բայց չի նշանակում, որ պիտի ստիպես հանել այն: Այսինքն` քեզ համար ստեղծվում է շատ հոգեւոր մի վիճակ, որտեղ ոչինչ տեղի չի ունենում: Վերջնական, ավարտուն փուլում ես, որովհետեւ ուզում ես այն, ինչն ունես: Միեւնույն ժամանակ` ծնվում են մտքեր, որոնց զուգահեռ` հասկանում ես դրանք չիրագործելու իմաստը:
– Միանշանակ եք գնահատում մտքերն իրագործել կամ չիրագործելու, այսպես ասած` կառավարման փուլը: Կյանքը ցույց է տալիս, որ արվեստագետներից շատերի այս կամ այն միտքն իրականություն դարձնելը ոչ միայն անարդյունավետ ու անիմաստ հետեւանք է ունենում, այլեւ հակազդեցություն է թողնում: Որոշ չիրականացված մտքեր էլ կարող էին հեղաշրջում անել արվեստում:
– Արվեստագետը միանշանակ գիտի` ինչ անել մտքերի հետ: Իրականացնելու եւ չիրականացնելու մտքերը միասին են հայտնվում: Բազմակարծությունն է արվեստագետին քանդում: Այսինքն, երբ դու եւ՛ գիտես, եւ՛ չգիտես: Վերջնական բաներն ամեն ինչով են վերջնական, դրա համար էլ քեզ մոտ հարց չի առաջանում: Միտքն այդ տեսակով վերջնական է ու ավարտուն, այլեւս ոչ մի հարց չի առաջանում: Ի դեպ, շատ կարեւոր չէ լինել խելացի, որքան կարեւոր է ունենալ երեւակայություն, որովհետեւ երեւակայության մեջ արդեն կա պրոգրես, փոփոխության, կյանքը իմաստավորվելու ձգտում: Արվեստն ամենաազատ երեւակայության համար կարող է լինել հիմնավորում: Այն աշխատում է մարդու հոգեւոր զարգացման դաշտում:
– Գեղարվեստական ստեղծագործությունը` որպես աշխարհընկալման արտահայտություն, նաեւ արտահայտում է հեղինակի աշխարհի հետ հարաբերությունը: Աբստրակտ գործն իր հեղինակին ներկայացնում է իրականությունից վերացարկված, բայց միեւնույն ժամանակ` հողին ամուր կանգնած, արժեքային բոլորովին այլ համակարգով ապրող մարդ: Այլ կերպ ասած` վերացարկումը մարդուն տանում է իրականության մեջ մեկ այլ իրականություն` հոգեւոր դաշտ:
– Երբ նկարչությունն օգտագործում ես որպես միջոց` քո քաղաքական գաղափարներն առաջ տանելու, սոցիալական խնդիրներին ծառայեցնելու համար (որովհետեւ նկարչության գործիքները շատ ուժեղ են), ապա շատ վտանգավոր տեղ ես տանում թե՛ քեզ, թե՛ արվեստը: Պետք է հարգանքով վերաբերվես նկարչությանը` որպես ինքնուրույն իդեա: Օրինակ` եվրոպացին գալիս է նկար նայելու` ոչ թե իր դարդ ու ցավն այնտեղ գտնելու, այլ` ինքնուրույն իդեայի հետ շփվելու: Գալիս է իրադարձություն տեսնելու, եւ տեսնելու համար պատրաստ է գալիս: Պատրաստվածությունը շատ կարեւոր է. կդիմանա՞ս արդյոք այդ անակնկալին, կարո՞ղ ես քո տան մեջ ունենալ արվեստի այդ գործը, ունե՞ս այդ համարձակությունը: Ինքը նաեւ վտանգավոր բան է, որովհետեւ արվեստն իր գոյությամբ սթափեցնող ուժ ունի: Մարդը միշտ վախենում է մենակ, ինքն իր հետ մնալուց: Արվեստի գործը մարդուն բերում է իր մոտ եւ մենակ է թողնում մարդուն իր հետ: Նաեւ շատ հարցադրումներ է առաջ քաշում, մարդը սկսում է ինքն իրեն հարցեր տալ` գո՞հ է իր կյանքից կամ պատրա՞ստ է այսպես ապրել… Այսինքն` ինքը քաղցր, սիրուն, հմայվելու, զմայլվելու բան չէ: Շատ բարձր ու մաքուր մի բան է, որը մշտապես քեզ հետ խոսելու է:
– Այսինքն` մարդուն կլանում է իր տարածություն ու թողնում է իր երեւակայությա՞ն մեջ:
– Նկարչության մեջ երկու կարեւորագույն բաղադրիչներ կան` գույնը եւ ֆորման: Աբստրակտ նկարչության մեջ գույնը ձեռք բերեց մի նոր մարմին, որը կոչվում է տարածություն, եւ որի մեջ ժամանակակից նկարչությունը վերարժեքավորվեց: Դրանով իսկ եւս մի քանի հազարամյակով վերականգնվեց գույնի հիշողությունը: Այն ազդակները, որը մարդը ստանում է նկարչության հետ շփումից, արվեստի գործից` շատ հեռվից են գալիս: Ինքը` ժամանակակից արվեստը, պետք է լինի շատ հին, որովհետեւ ժամանակը մեզ շատ արագ հեռացնում է բացարձակից: Այսինքն` ժամանակակից արվեստն այն արվեստն է, որտեղ հաղթահարվում է ժամանակի զգացողությունը: Մենք մշտապես հիշողությունը վերականգնելու խնդիր ունենք: Օրինակ` եգիպտական արվեստում կորցնում ես ժամանակի զգացողությունը: Շատ հին արվեստ է, բայց հնի տպավորությունը չկա, որովհետեւ իսկապես այն քեզ զարմացնում է: Գույնը ձեռք է բերել նոր մարմին` տարածություն, եւ տարածությունը ոչ թե ոչնչացրել է գույնը, այլ հայտնվել է գույնի մեջ: Հայտնվելով գույնի մեջ` դու նաեւ դառնում ես մասնակից իր ստեղծմանը եւ ներսից ես սկսում աշխատել: Գույնը շատ կարեւոր երեւույթ է, որովհետեւ աշխարհը մենք գույներով ենք տեսնում` ամենուր, ամեն վայրկյան. Աչքերդ բացում ես` գույն ես տեսնում, փակում ես` երազներում գույներ ես տեսնում: Եվ ստեղծել նկարչություն հենց գույնի ներսից` դա լրիվ ուրիշ վիճակ է: Գույնի վերաբերյալ շատ տեսություններ կան: Օրինակ` 20-րդ դարի սկզբում նկարչության մեջ գույնը մերժվում էր: Այդ մերժումը ճիշտ էր, որովհետեւ գույնի արտաքին հատկությունը, որպես էսթետիկ արժեք, անընդհատ օգտագործելով` գույնն արդեն իսկապես իրեն սպառել էր: Հիմա նկարիչը հայտնվել է գույնի մեջ եւ մասնակցում է նրա վերստեղծմանը: Նկարը ստեղծվում է հայտնությամբ. մեկ անգամ եւ ընդմիշտ: Նկարչությունը շատ ավելի իրական է, քան մենք պատկերացնում ենք: Ինչպես ծնվում է ստեղծագործությունը, այնպես էլ` նրա անունը: Եթե ստեղծագործության մեջ օգտագործում եմ գույն, ներկ, կտավ, ապա անունը ստեղծելիս` տառ եւ թիվ: Վերջնական է նաեւ ստեղծագործության անունը, որովհետեւ այդ անվանում-կոդի տակ շատ մեծ ինֆորմացիա կա:
– Հայաստանում ցուցահանդեսների բացման արարողությունները հետաքրքիր ձեւական բնույթ ունեն: Շատերը գալիս են հեղինակին քաջալերելու կամ, ավելի ճիշտ, «հարգանքի տուրք մատուցելու» եւ շատ դեպքերում հեռանում են առանց գործերը նայելու, էլ ուր մնաց` արվեստի գործի հետ կոնտակտի մեջ մտնեն:
– Մեզ մոտ տոտալ անտարբերություն կա, եւ չեն էլ փորձում մտնել այդ փոխհարաբերության մեջ: Դա ինձ չի խանգարում: Երբ մի գործ ստեղծում ես, պրոցեսն ավարտում ես, պարզվում է` եթե անգամ ոչ մեկին ցույց չտաս` տերը գտնելու է իրեն: Կարող ես արվեստանոցումդ փակել, բայց ինքը շատ ակտիվ է: Մարդիկ գտնում են իրեն: Ես նաեւ շատ ցուցահանդեսներ եմ անում, որովհետեւ համարում եմ անհրաժեշտություն, բայց միեւնույն ժամանակ` կարող եմ գործերս արվեստանոցում փակել եւ դրան շատ հանգիստ վերաբերվել: Նկարն իր գոյությամբ ամենակարեւոր վիճակն է, ամենահզոր ուժը: Բաներ կան, որ ինքն է սկսում քեզ թելադրել: Մինչեւ անգամ ցուցահանդես անելիս` դա չես անում, որ շատ մարդ գա, անում ես մի հոգու համար:
– Ինչպե՞ս անցան Մարսելի եւ Բեռլինի ցուցահանդեսները:
– Բեռլինն արվեստի համար չափազանց հետաքրքիր քաղաք է դարձել, ես կասեի` այդ քաղաքը նման է մեծ «Արտ-ռեզիդանսի», որտեղ կան շատ երիտասարդ արվեստագետներ աշխարհի տարբեր ծայրերից: Դրան նպաստում է իրենց պետական քաղաքականությունը, որով աջակցում եւ ամեն ինչ անում են` Բեռլինը Եվրոպայում արվեստի կենտրոն դարձնելու համար: Շատ տպավորված եմ, որովհետեւ շատ դինամիկ քաղաք է, եւ այնտեղ կարող ես տեսնել նորարարական բոլոր տենդենցները: Բեռլինն արվեստով դարձել է կենտրոնական ու ակտուալ: Ցուցահանդեսից շատ բավարարված եւ տպավորված եմ վերադարձել: Նույնը կարող եմ ասել Մարսելում կայացած ցուցահանդեսի վերաբերյալ: Մարդիկ արվեստի հետ շփվելու պահանջ ունեն, գալիս են գալերեա` արվեստի միջոցով վերափոխվելու ակնկալիքով: Այս ցուցահանդեսները հեղինակին նաեւ մեծ ուժ են տալիս: