Նաեւ կլասիկ զուգադիպություն

19/04/2012

«Կլասիկ Սամվել». տարիներ առաջ ավանգարդիստներն ահա այս անունն են կնքել 90-ականներին հայտնի կլասիկ բնանկարիչ, աբստրակտ ժանրի նկարիչ Սամվել Ստեփանյանին, ով հիմնականում նկարում էր դասական ոճի բնանկարներ:

Ս.Ստեփանյանի մասին այսօր արդեն խոսում են նրա ստեղծագործությունները, ընկերներն ու հարազատները: Ս. Ստեփանյանի կինը` Հռիփսիմե Յախանեջյանը, ամուսնու մասին խոսելիս` ասում է. «Մենք սովորել ենք նույն դասարանում, բայց նրա նկարչական տաղանդի մասին ես չգիտեի: Հիշում եմ, երբ ընդունվեցի Բակունցի անվան մանկավարժական ուսումնարան, մի դասախոս ունեի, ով շատ էր պատմում նկարիչների մասին: Հավանաբար դա դարձավ պատճառ նրա հետ ամուսնանալու որոշմանս համար: Սիրում էի նրա մեջ ապրող նկարչին, նրա խելառությունը, տարօրինակությունները, հումորի զգացումը… Մեր 20 տարվա համատեղ կյանքը լի էր ուրախությամբ, բայց այդ տարիներին մենք շատ վատ էինք ապրում: Հատկապես դժվարությունները սկսվեցին, երբ Սամվելը սկսեց աբստրակտ ժանրում ստեղծագործել: Այդ նկարները չէին վաճառվում, հետեւաբար գումար չկար: Իսկ երկու երեխա պահելը, ինչպես նաեւ ներկերը փող արժեին: Սամվելն ունի մի կտավ, որը նկարել է գիշերով Զանգվի ձորում եւ անվանել է «Գիշերը Զանգվի ձորում»: Դա նկարվեց նրա կյանքի վերջին տարում, հիմա այն ճաքճքել է եւ ռեստավրացիայի կարիք ունի: Այդ բնանկարի տակ թաքնված են երկու աբստրակտ նկարներ»: Տպավորիչ է նաեւ նկարչի «Սեւ մազեր» կտավը, որը նա նկարել է 15 րոպեում: Նկարում հեղինակի կնոջ վարսերն են: Հռիփսիմե Յախանեջյանի ասելով` Ս. Ստեփանյանի կտավների մեծ մասը նրա մահից հետո վաճառվել են, քանի որ ընտանիքը սոցիալական խնդիրներ է ունեցել: Նկարների մեծ մասն էլ հեղինակը դեռեւս իր կենդանության օրոք նվիրել է իր ընկերներին, բարեկամներին, ինչպես նաեւ` իր ժամանակակից արվեստագետներին։ «Սամվելը շատ էր սիրում Մինաս Ավետիսյանի եւ Վրույր Գալստյանի նկարները: Նրանց կտավների բրոշյուրները միշտ խնամքով պահում էր, հիմա էլ կան: Տարիներ անց՝ Մինասի մահից հետո, Սամվելը մեր կրտսեր որդուն կնքեց Նարեկ՝ Մինասի որդու անունով: Իսկ Վրույրը, ով գրեթե Սամվելի հոր տարեկիցն էր, ամուսնուս մահից մեկ շաբաթ անց մահացավ: Նա իսկապես սգում էր Սամվելի մահը»,- ասում է Ս. Ստեփանյանի կինը:

Նկարելուց զատ` Ս. Ստեփանյանը սիրում էր ջազ երգել ու նվագել: Ավագ որդու անունն էլ կնքել է իր սիրելի ջազմենի` Օսկար Պետերսոնի անունով: Սիրում էր նաեւ խմել, ծխել. «Իր կիսամութ արվեստանոցում նկարելիս միշտ ծխում էր, մոխիրն էլ թափում գետնին: Ասում էր. «Էս սենյակն աշխարհի ամենամեծ մոխրամանն ա»: Մի օր էլ կտավի վրա սկսեց մոխիրով էֆեկտներ ստանալ: Հետո նույնը սկսեց անել նաեւ հողով, թղթով…»,- պատմում է Կլասիկ Սամվելի կինը:

Դա նկարչի բեղմնավոր գործունեության տարին էր՝ 1996-ը: Իր հուշագրություններում արվեստաբան Վարդան Վարդանյանը Ստեփանյանի մասին գրել է. «Պատրաստվում էր բնանկարների ցուցահանդես բացել Հայաստանի Ազգային պատկերասրահում ու ճշտել էր նաեւ կոնկրետ ժամանակը՝ 1996թ. մայիս: Բայց, երբ ընթացքում տեսավ, որ նոր մտքեր, գաղափարներ են ի հայտ գալիս, փոխեց ամիսը, դարձրեց սեպտեմբեր՝ այս անգամ արդեն անփոփոխ»: «Այդ տարի հունիսին Սամվելը մահացավ սրտի կաթվածից: Ցուցահանդեսը կազմակերպեցինք այդ տարվա նոյեմբերին: Նա մահացավ 40 տարեկանում, իսկ սեպտեմբերին պետք է դառնար 41: Նրա մահից հետո հաշվեցինք նրա պահպանված կտավներն ու հետաքրքիր զուգադիպություն նկատեցինք. մնացել էր 40 կտավ, իսկ 41-րդը անավարտ էր»,- ասում է Ս. Ստեփանյանի կինը` Հռիփսիմե Յախանեջյանը:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ