Խունկի բուրմունքով բուժարարը

19/04/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Լատիներեն անվանումն է Acorus calamus` խնկեղեգ, եղեգնային

Չինաստանում այս բույսի տերեւների փնջերն ամեն տարվա հինգերորդ ամսվա հինգերորդ օրը դնում են մահճակալի շուրջը, ցողունի եւ արմատի կտորները` տան մուտքերի եւ պատուհանների վրա։ Ըստ ավանդույթի` խնկեղեգը դուրս է վանում եւ հեռացնում չարը տնից։

Բույսի հայրենիքը Հիմալայան լեռներն են, բուժիչ հատկությունները հայտնի են եղել Հին Հնդկաստանի եւ Չինաստանի բժիշկներին, Եվրոպա են բերել փյունիկցի եւ արաբ վաճառականները, Ալեքսանդր Մակեդոնացու զինվորները։ Բույսը Կենտրոնական Եվրոպա է բերել իտալացի բժիշկ Մատտիոլին` Կոստանդնուպոլսից, 16-րդ դարում։ Ավստրիացի բուսաբան Կլաուզիուսն աճեցրել է բույսի կոճղարմատները եւ տարածել տարբեր քաղաքների բուսաբանական այգիներում։

Մեր ժամանակներում բույսը հանդիպում է Եվրասիայի, Հյուսիսային Ամերիկայի արեւելյան մասի ջրամբարների ափերին, ձորակներում, ճահճոտ մարգագետիններում։

Հայաստանում այդ բույսը հայտնի է եղել հնագույն ժամանակներից, տարածված է Արմավիրում։

Ա. Ամասիացին նկարագրել է դրա բուժիչ հատկությունները դեռեւս 15-րդ դարում. «Պայծառացնում է միտքը եւ սրում է զգայարանները։ Օգնում է նյարդային հիվանդությունների բուժմանը, սրում է հիշողությունը։ Օգնում է նաեւ դեմքի ծռվածության եւ ընկնավորության դեպքում։ Վերացնում է աչքի փառն ու մշուշը»։

Այլ անվանումներն են` բաղշտակ, վաճ, ակիր (ռուսերեն` «աիր»), եղեգնախունկ…։

Շատ երկրներում բույսի փոշիացրած արմատն օգտագործվում է որպես համեմունք։ Արմատից պատրաստում են չիր, քաղցրավենիք, կոմպոտ։

Նվիկազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս է, ունի տարածված` մինչեւ 3 սմ տրամագծով եւ 50 սմ երկարությամբ գլանաձեւ կոճղարմատ, որից փնջերով աճում են թելիկավոր արմատներ։ Կոճղարմատը դրսից կանաչավուն է, ներսում` դեղնասպիտակ, ունի սուր հոտ եւ այրող դառը համ։ Ծաղկակիր եռանիստ ցողունը հասնում է 120 սմ բարձրության, կողերը սուր են։ Տերեւները դուրս են գալիս փնջերով անմիջապես կոճղարմատից, հերթադիր են, գծային նշտարաձեւ` մինչեւ 15 սմ երկարությամբ եւ 3 սմ լայնքով, սուր գագաթով, գույնը վառ կանաչ է։ Ցողունի վրա անկյան տակ աճում են գլանաձեւ` 4-12 սմ երկարությամբ կողրաձեւ ծաղկաբույլերը։ Ծաղիկները երկսեռ են, դեղնականաչավուն, աննշան մանր, կիպ եւ խիտ տեղակայված կողրի մսոտ առանցքի շուրջը, ունեն վեց տերեւիկներից բաղկացած ծաղկապատյան։ Կողրի հիմքից առանձնանում է բավականին երկար (մոտ 50 սմ) «բարուրող» տերեւը։

Պտուղը բազմասերմ, չոր, երկարավուն, կարմիր հատապտուղ է։ Ծաղկում է մայիս-հուլիսին, սերմերը, որպես կանոն, չեն հասունանում, բույսը բազմանում է կոճղարմատի միջոցով` 5-10 սմ կտորները տեղադրում են հողի մեջ 10 սմ խորության վրա։ Ունի ուժեղ բուրմունք, լավագույն համեմունքը ստացվում է 2-3 տարեկան բույսի արմատներից։

Բուժիչ նպատակներով սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կամ վաղ գարնանը հավաքեք կոճղարմատները, լվացեք հոսող ջրի տակ, հեռացրեք մանր արմատները, ցողունների եւ տերեւների մնացորդները, մի քանի օր թողեք բաց ծածկի տակ։ Արտաքին խցանային շերտը պետք է մնա, բաժանեք 10-15 սմ երկարությամբ գլանների, չորացումը կատարեք 30-35 C ջերմաստիճանի տակ։ Ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում եթերային յուղերը գոլորշիանում են, եւ հումքի բուժիչ հատկությունները` նվազում։ Չոր կոճղարմատը հեշտությամբ կոտրվում է։ Չոր, հով, օդափոխվող տարածքում, կիպ փակված տարայում պահպանվում է մինչեւ երեք տարի։

Պարունակում է ասկորբինաթթու, բուսախեժ, օսլա, եթերային յուղ, կամֆորա, դաբաղանյութ, բույսին բնորոշ դառը գլիկոզիդ ակորին։

Եթերային յուղն ունի հաճելի բուրմունք եւ բարդ բաղադրություն, այն կազմում է կոճղարմատի քաշի 8 տոկոսը, լայնորեն կիրառվում է հրուշակեղենի եւ օծանելիքի արտադրությունում։

Խնկեղեգը հնուց օգտագործվել է` որպես ախտահանիչ միջոց։ Բույսին վերագրվում է կարեւորագույն պատմական առաքելություն։

Ասիայի տափաստաններից դեպի Արեւմուտք արշավող քոչվորներն իրենց հետ բերել են խոնավ լաթի մեջ փաթաթված խնկեղեգի արմատի կտորներ, որը նետել են այն տեղերի ջրերը, որտեղով անցել են նրանց ճանապարհները։ Հաջորդ արշավանքների ժամանակ հեծյալ զորքն ունեցել է խմելու մաքուր ջրի մեծ պաշար։

Բացի այդ, քոչվորների մոտ եղել է կոճղարմատի փոշի, որի օգնությամբ նրանք ախտահանել են տղմոտ եւ նույնիսկ նեխած ջուրը։

Բույսն ունի նաեւ հակաբորբոքային, ցավազրկող, խորխաբեր, լեղամուղ, հակահելմիտային (որդաթափ), հակակարկամային, ջերմիջեցնող, կապող, աշխուժացնող, վերքամոքիչ, արյունաստեղծ, միզամուղ, սրտխառնոցը կանխող հատկություններ։ Ի դեպ, վերջինը նպաստում է քիչ ծխելուն։

Դեղատներում վաճառվում են բույսի արմատից ստացված եթերային յուղը, ոգեթուրմը, դեղահաբեր։

Եթերային յուղը լայն կիրառում ունի արոմաթերապիայում` արթրիտի, բրոնխիտի, գլխապտույտի, գլխացավի, միզաքարային եւ լեղաքարային հիվանդությունների, ստոմատիտի, պարոդոնտոզի, կոլիտի, միգրենի, նեւրոզի, հոգնածության, նյութափոխանակության խանգարման, վերքերի, արտաքին խոցերի, հեմատոմաների, ռեւմատիզմի, էրեկցիայի խանգարման, դողէրոցքի, սթրեսի, ստամոքսի խոցի բուժման համար, վերացնում է թեփը, թարմացնում դեմքի մաշկը, հարթեցնում է սպիները։

Յուղը «օլիմետին»-ի մաս է կազմում, դեղամիջոցը կիրառվում է երիկամներում եւ լեղապարկում քարերի առկայության դեպքում։

«Վիկոզին» եւ «Վիկաիր» դեղամիջոցները պարունակում են խնկեղեգի արմատի փոշի` կիրառվում են ստամոքսի եւ տասներկումատնյա աղիի խոցերի, ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում։

Կորեայում կոճղարմատը կիրառվում է հիշողության կորստի դեպքում, լսողության եւ տեսողության լավացման համար։ Թուրմն օգտագործում են հետծննդյան արյունահոսությունը կանխելու նպատակով։

Հնդկաստանում եթերային յուղն օգտագործում են տնտեսության մեջ, համեմում են ձկով եւ մսով ուտեստները, պատրաստում են խցաններ, միջատներին վանող միջոցներ։

Ռուսաստանի շատ վայրերում կոճղարմատով մաքրում են ջրհորների ջրերը։

Գրիպ.

– Մանր կտրատած խնկեղեգի կոճղարմատը 2-3 օր թրմեք 40 տոկոսանոց օղու մեջ (1։1)։ Խմեք 20-ական կաթիլ, օրը 3-4 անգամ` սնունդ ընդունելուց առաջ։

– Մեկ թ/գ մեղրի մեջ լուծեք 3-4 կաթիլ խնկեղեգի եթերային յուղ, խմեք օրը 2-3 անգամ։

– Ծամեք չորացրած կոճղարմատը։

– Մանրացրեք կոճղարմատը, 2 ճ/գ հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, 20-30 րոպե պահեք եռացող ջրային բաղնիքի վրա։ Քամեք։ Կատարեք ողողումներ։

Պարոդոնտոզ, ստոմատիտ.

– Մանրացրեք, խառնեք մատիտեղ թռչնի եւ կատվալեզու եռաբաժանի խոտերը, կղմուխի եւ խնկեղեգի արմատները (2։1։1։1)։ Հումքի 2 ճ/գ-ին ավելացրեք 400 մլ եռջուր, 15 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք։ Քամեք, կատարեք ողողումներ։

– Եթերային յուղից 20-30 կաթիլ լուծեք 100 մլ զտված ջրում։

Ատամնացավ. Կոճղարմատի փոշին լուծեք օղու մեջ (1։25), կատարեք ողողումներ։

Ցավեր որովայնում. Խառնեք 2 ճ/գ բրինձ եւ 1 ճ/գ մանրացրած խնկեղեգի կոճղարմատ, ավելացրեք 400 մլ ջուր, եփեք 20 րոպե։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ։

Ստամոքսի խոց. Մեկ ճ/գ մանրացրած կոճղարմատին ավելացրեք 100 մլ տաք (նախօրոք եռացրած) ջուր, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք մինչեւ հովանալը, քամեք։ Խմեք 2-3 ճ/գ, օրը 2-3 անգամ` սնվելուց առաջ։ Միջոցը կանխում է արյունահոսությունը, սրտխառնոցը, կպումները, հարթեցնում է սպիները։

Ցիստիտ, պիելոնեֆրիտ. Մանրացրեք, խառնեք հավասար քանակությամբ կատվալեզու եւ խուլ եղինջի խոտերը, լորենու ծաղիկները, խնկեղեգի կոճղարմատը։ Հումքի 1 ճ/գ-ն երեք ժամ թրմեք 1 լ եռջրում` ջերմապահի մեջ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։

Ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ. Մանրացրեք, խառնեք հավասար քանակի խնկեղեգի կոճղարմատ, չամանի պտուղ, օշինդրի խոտ, ջրառվույտ եռատերեւի տերեւ։ Հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, թրմեք մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։

– Խառնեք 1-ական թ/գ խնկեղեգի կոճղարմատ, նարնջի կեղեւ (չոր), ջրառվույտի խոտ, օշինդրի եւ ոսկեհազարուկի խոտերը։ Երեք ժամ թրմեք ջերմապահում 500 մլ տաք ջրով։ Քամեք։ Խմեք 70-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։

Պնեւմոնիա. Խմեք մեկական գրամ խնկեղեգի փոշիացրած կոճղարմատ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։

Շագանակագեղձի բորբոքում. Խառնեք խնկեղեգի կոճղարմատը, սրոհունդի եւ ծխաբույս բժշկականի խոտերը, արջախաղողի տերեւը (2։1։1։1)։ Հումքի 1 ճ/գ-ն երկու ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` սնվելուց 20-30 րոպե առաջ, գոլ վիճակում,1 թ/գ մեղրով։

Նեֆրիտ. Խառնեք 2-ական ճ/գ խնկեղեգի եւ չայիր սողացողի կոճղարմատները, 1-ական ճ/գ հապալաս (կարմիրի) տերեւը եւ երիժնակի խոտը։ Հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 1 ժամ։ Քամեք, հումքը մզեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք քնելուց առաջ։

Հեպատիտ, խոլեցիստիտ. Մեկ թ/գ կոճղարմատը կես ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։

Կլիմաքս. Խառնեք երկուական ճ/գ սոճու բողբոջ, օշինդրի, հազարատերեւուկի, ուրցի, եղեսպակի, խնկածաղկի խոտերը, խնկեղեգի կոճղարմատը։ Տասը րոպե եփեք 3 լ եռջրով։ Ավելացրեք լոգանքի ջրին, ջերմաստիճանը` 37 C, տեւողությունը` 15 րոպե։ Կատարեք շաբաթը 2-3 անգամ։

Սթրես. 100 գրամ թարմ, մանրացրած կոճղարմատը 3 շաբաթ թրմեք 1 լ չոր կարմիր գինու մեջ` տաք տեղում, պարբերաբար խառնեք։ Քամեք։ Հումքը մզեք։ Խմեք մեկական թ/գ` սնվելուց կես ժամ առաջ, եւ հետո` օրը 3 անգամ։

Հեռացնում է նյարդային լարվածությունը, նպաստում մարսողությանը։

Դիմակ ճարպոտ մաշկի համար. Խառնեք հավասար քանակությամբ խնկեղեգի կոճղարմատը, վաղենակի ծաղիկը, ավելուկի եւ տատրակի տերեւները, սրոհունդի խոտը, 25 գ հումքին ավելացրեք 50 մլ եռջուր, եփեք 2-3 րոպե, թրմեք մինչեւ հովանալը։ Հեռացրեք հեղուկը, ստացված խյուսը տեղավորեք թանզիֆի մեջ եւ դրեք դեմքին։ Պահեք 15 րոպե, լվացեք տաք ջրով։

Մազաթափություն.

– Խառնեք տատրակի տերեւները, եղինջի խոտը, խնկեղեգի կոճղարմատը (3։3։2)։ 6 ճ/գ հումքը 10 րոպե եփեք մեկ լիտր ջրում, 1 ժամ թրմեք տաք տեղում։ Քամեք։ Լվացեք գլուխը եփուկով։

– Խառնեք հավասար քանակությամբ ոսկեբեղիկը, խնկեղեգի կոճղարմատը, կռատուկի արմատը։ Հումքի 3 ճ/գ-ին ավելացրեք 1 լ եռջուր, եփեք 3-5 րոպե։ Քամեք։ Լվացեք գլուխը եփուկով։

– Խառնեք խնկեղեգի կոճղարմատը, կռատուկի արմատը, գայլուկի կոնը, վաղենակի ծաղիկը (4։4։3։2)։ Հումքի 2 ճ/գ-ն երկու ժամ թրմեք 300 մլ եռջրում, տաք տեղում։ Քնելուց 1-2 ժամ առաջ ցայեք մազերը։

Ինչպես պայքարել պեպենների դեմ

– Մանր կտրատեք մաղադանոսի տերեւը, խառնեք 1 ճ/գ հումքը 50 մլ մածունի հետ, թրմեք 2-3 ժամ։ Քսեք պեպեններին, մաքրեք 10 րոպեից։

– Երկու ճ/գ խատուտիկի խոտը 15 րոպե եփեք 300 մլ ջրում։ Թրմեք մինչեւ հովանալը, քամեք։ Մշակեք դեմքը առավոտյան եւ երեկոյան։

– Շաբաթը 3-4 անգամ մշակեք դեմքը խատուտիկի հյութով, չորանալուց հետո մաքրեք սիճուկի (մածունի) մեջ թրջված բամբակե խծուծով։

– Առավոտյան դեմքին քսեք կաթի սիճուկ, 15-20 րոպեից լվացեք։

– Խառնեք երկուական ճ/գ կանաչ ոլոռ եւ կաթի սիճուկ, տրորեք, ստացված խյուսը 20 րոպե պահեք դեմքին։

– Խառնեք 1թ/գ մեղր, 3 ճ/գ կաթնաշոռ, լավ հարեք, 15-20 րոպե պահեք դեմքին, լվացեք սառը կաթով։

– Խառնեք կարմիր հաղարջը եւ կաթը (1։1), դրեք թրջոց, ծածկեք բամբակե խծուծով, 15 րոպեից չորացրեք դեմքը եւ քսեք թթվասեր (խիտ)։

Լոսյոն

Խառնեք 50-ական մլ կիտրոնի հյութ եւ սառը զտված (եռացրած) ջուր, 15 մլ բժշկական գլիցերին, թափահարեք։ Պահեք դեմքին 10 րոպե, լվացեք տաք թեյի թուրմով, մշակեք սնուցող քսուքով։

– Հեռացրեք մեկ միջին կիտրոնի կորիզները, մանր կտրատեք (կեղեւի հետ), 14 օր թրմեք 200 մլ օղու մեջ մութ տեղում։ Քամեք, մզեք հումքը, զտեք թանզիֆով։ Քսեք դեմքին քնելուց առաջ։

Ինչպես պայքարել վիտիլիգոյի դեմ

Վիտիլիգոյի դեպքում մաշկի վրա առաջանում են տարագույն հատվածներ։

– Վնասված հատվածին քսեք դդումի պտղամիս, խնձորի, թզի թարմ հյութ։

– Երկու ճ/գ վայրի գազարի տերեւի փոշին խառնեք 100 գ հալած խոզի ճարպի հետ, 5-10 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա։ Քամեք։ Քսեք մաշկին բարակ շերտով, օրը 3 անգամ։

– Խառնեք հավասար քանակի երիցուկ, եղեսպակ, սրոհունդ, եղինջ, վաղենակ, խնկածաղիկ, կատվալեզու։ Մեկ ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ։ Շարունակեք մեկ ամիս, կրկնեք 2 շաբաթից։