ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության կողմից Մաշտոցի պուրակի տաղավարների ապամոնտաժող բրիգադի նկատմամբ գործադրած ուժին, ասել է. «Դուք կոշտ քա՞յլ էիք տեսել այդտեղ: Ընդամենը պահպանվող տարածք մտած մեր հարգելի քաղաքացիներին խնդրել ենք դուրս գալ, դուրս չեն եկել` մենք ընդամենն օգնել ենք, տեղաշարժել ենք դուրս գալ: Իրենք են քաշքշում ոստիկաններին: Էդտեղ ուժ չի կիրառվել»: Իսկ հարցին, թե` ինչո՞ւ այդ օրը չընդունեցիք ապամոնտաժող բրիգադի նվիրած պտուտակը, փոխոստիկանապետը պատասխանել է. «Ես իրենց առաջարկեցի մի կիլոգրամ այդ պտուտակից ուղարկեմ: Եվ ինձ զարմացնում է, որ ուղիղ կապով ամբողջ աշխարհը տեսավ, որ 50-60 մտավորականներ, կռիվ-կռիվ խաղի նման, Տիգրան Խզմալյանի ռեաբիլիտացիան արեցին իր կնոջ դեպքից հետո, եւ փորձեցին ներկայացնել, իբր Բաստիլն են գրավել: Չէ, ընդամենը մանկական խաղ էր դա, շոու էր, Տ. Խզմալյանի հերթական սցենարն էր` քանդող բրիգադը եւ նրա հետեւանքները»: