Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում

17/04/2012

Նախընտրական քարոզարշավի անցած մոտ 10 օրերին նկատելի է մի օրինաչափություն. իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախընտրական հանդիպումներին հավաքվում է «մարդկանց հոծ բազմություն», իսկ ընդդիմության, առաջին հերթին` ՀԱԿ-ի հանդիպումների մասնակիցների թիվը էականորեն նվազել է: Ոչ թե «իշխանական հանրահավաքների», այլ հենց ՀԱԿ-ի նախկին միջոցառումների համեմատ: Ընդ որում, որքան արհեստական է իշխանական ուժերի հանդիպումների «բազմամարդությունը», նույնքան բնական է ՀԱԿ-ի հանդիպումների սակավամարդությունը: Այս հարցում ընդդիմության կողմից ներկայացվող փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն: Փաստարկներից մեկն այն է, որ մարդկանց վախեցնում, ահաբեկում են, թույլ չեն տալիս մասնակցել ՀԱԿ-ի հանդիպումներին` սպառնալով ազատել աշխատանքից, զրկել նպաստից, եւ այլն: Այս փաստարկը թույլ է, քանի որ 2008թ. իշխանական մեքենան շատ ավելի վատ մեթոդներով էր աշխատում, շատ ավելի առարկայորեն էր ահաբեկում, քան հիմա: Սակայն այն ժամանակ դա մարդկանց վրա չէր ազդում, Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկացած խոսք լսելու համար հրապարակում հավաքվում էր նվազագույնը մի քանի տասնյակ հազար մարդ: Սրան ՀԱԿ-ը հակադարձում է մեկ այլ փաստարկով. հասարակությունն ավելի շատ մոբիլիզացվում է նախագահական ընտրությունների ժամանակ: Հենց այստեղ էլ ՀԱԿ-ն ու նրա առաջնորդները հակասում են իրենց, քանի որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ հայտարարում են, թե ԱԺ ընտրություններն ընդամենը գործիք են իշխանափոխության ճանապարհին, ավելին` ՀԱԿ-ը խորհրդարանում մեծամասնություն ունենալու դեպքում օր առաջ բարձրացնելու է նախագահ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը: Իրականում, ՀԱԿ-ի հանրահավաքների սակավամարդությունը վկայում է այն մասին, որ հասարակությունը հիասթափվել է նաեւ ՀԱԿ-ից ու նրան այլեւս չի դիտարկում` որպես իրական իշխանափոխության հնարավորություն կամ գործիք: Իհարկե, կարելի է նաեւ չխոսել այս ամենի մասին, չարձանագրել այս փոփոխությունները եւ խոսել միայն իշխանությունների ապօրինությունների մասին: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ իշխանություններից ոչ մեկն ավելին չի սպասել ու չի սպասում. իշխանությունը վարվում է այնպես, ինչպես բոլոր ընտրություններում վարվում են բոլոր իշխանությունները: Բոլոր հնարավոր միջոցներով` վարչական լծակներով, փողով փորձում է վերարտադրվել: Մինչդեռ ՀԱԿ-ը ՀԱԿ է դարձել 2008-ից հետո հասարակության մեջ ձեւավորված իրական այլընտրանքի ընկալմամբ, իշխանափոխություն իրականացնելու անզիջում պայքարով: Արդեն մոտ երկու տարի ՀԱԿ-ը հետեւողականորեն «մաշում» է այդ կարգավիճակը եւ այսօր ընտրություններին մասնակցում է գրեթե որպես սովորական քաղաքական ուժ: Թե ինչու եւ ինչպես ՀԱԿ-ը հայտնվեց այս իրավիճակում, այլ թեմա է: Այսօր հասարակությունն իր վերաբերմունքով ընդամենն արձանագրում է 2007թ. սեպտեմբերին սկիզբ առած համաժողովրդական պայքարի ու ՀԱԿ-ի վախճանը: