Չստացված բանավեճ

17/04/2012

Նիկոլ Փաշինյանը երեկ ժամը 21:50-ին գնացել է «Արմնյուզ» հեռուստաընկերություն, սակայն անվտանգության աշխատակիցները նրան թույլ չեն տվել մուտք գործել հեռուստաընկերության տարածք: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը գնացել էր այնտեղ` հեռուստաբանավեճի ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի հետ, ով իր ասուլիսներից մեկում հայտարարել էր, թե պատրաստ է բանավիճել ՀԱԿ ցուցակի առաջին 10 հորիզոնականում գտնվող անձանց հետ, բացի Արամ Սարգսյանից, ով, Ռ. Հայրապետյանի խոսքով` իր ընկերն է: Նշենք, որ նույն պահին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Արտակ Ալեքսանյանի հյուրը Ռուբեն Հայրապետյանն էր: Ալեքսանյանը հարցրել էր, թե չի՞ ցանկանում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին ի պատասխան` Ռուբեն Հայրապետյանն ուղիղ եթերով պատասխանել է. «Ես չեմ ցանկանում նրա հետ բանավիճել: Ես ո՞նց կարող եմ բանավիճել մի մարդու հետ, որին չեմ հարգում եւ չեմ հարգի իմ ընկերոջն էլ, եթե նա բանավիճի նրա հետ: Իմ համար վիրավորական է Նիկոլի հետ բանավիճել»: «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանը երեկ այս առնչությամբ news.am-ին ասել է. «Ն. Փաշինյանն ի սկզբանե գիտեր, որ հեռուստաբանավեճ Ռ. Հայրապետյանի հետ չի լինելու, քանի որ վերջինս հրաժարվել է մասնակցել հեռուստաբանավեճի: Ես Ն. Փաշինյանին տեղեկացրել եմ, որ հեռուստաբանավեճ ի սկզբանե չի լինելու, որովհետեւ Ռ. Հայրապետյանը հրաժարվել է մասնակցել հեռուստաբանավեճի: Ես զգուշացրել եմ, որ իր ցանկությամբ Ռ. Հայրապետյանի հետ հեռուստաբանավեճը ուղղակի չի կարող լինել, քանի որ Ռ. Հայրապետյանը չի ցանկանում գալ ու մասնակցել հեռուստաբանավեճի Ն. Փաշինյանի հետ: Այդ առումով, Ն. Փաշինյանը տեղյակ է եղել, որ այդ հաղորդումը, գոնե այդ ձեւաչափով` չի լինելու: Ինձ համար արդեն պարզ էր, որ հայտնվելով հեռուստաընկերության դարպասների մոտ, Նիկոլը գիտեր այդ մասին: Բայց հաշվի առնելով այն, որ Նիկոլն արդեն դարպասների մոտ էր, ես եւս մեկ անգամ Ռ. Հայրապետյանին հարց ուղղեցի, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, որ այդ հեռուստաբանավեճի անցկացումը ոչ թե «Արմնյուզի» նախաձեռնությունն է, այլ կողմերի ցանկությունը, որոնցից մեկի բացակայության պատճառով այն չի կարող կայանալ»: Անդրադառնալով Ն. Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Արմնյուզում» թույլ չեն տալիս իրեն մտնել ներս, Ա. Ալեքսանյանն ասել է. «Ն. Փաշինյանը չի էլ փորձել մտնել տարածք: Ինքը գիտեր, որ ինքը հրավիրված չէ»: