Աշխատանքային այցով

17/04/2012

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ս. Սարգսյանն այցելել է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որտեղ ծանոթացել է ընկերության զարգացման ծրագրերին եւ մասնակցել ընդլայնված ու արդիականացված կոմբինատի ֆլոտացիոն մասնաշենքի բացման արարողությանը: Ս.Սարգսյանին կոմբինատում շրջայցի ժամանակ ընկերության պատասխանատուները նշել են, որ պլանավորում են 2012թ. ավելացնել հանքաքարի վերամշակումը` տարեկան հասցնելով 2.7 մլն տոննայից մինչեւ 3.5 մլն տոննայի: Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի վերակառուցման ավարտից եւ նոր տեխնիկայի ձեռքբերումից հետո աշխատատեղերի քանակը կհասնի 985-ի, որը կազմում է արդյունաբերական այս քաղաքի աշխատունակ բնակչության 1/3-ը: Ընթացիկ տարում միջին աշխատավարձը նախատեսվում է հասցնել մինչեւ 250.000 դրամի: Ագարակում Ս. Սարգսյանն այցելել է նաեւ քաղաքի վերանորոգված մշակույթի կենտրոն: Ս. Սարգսյանը երեկ Սյունիքում մասնակցել է նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության մանրացման տեղամասի եւ Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգված մանկական մասնաշենքի բացման արարողություններին: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը շահագործում է ՀՀ-ում պղնձի եւ մոլիբդենի խոշորագույն` Քաջարանի հանքավայրը, կառուցել է կիսաինքնամանրացման նոր մասնաշենք: Հանքաքարի կիսամանրացման աղացի շահագործման արդյունքում, ընկերության ղեկավարության հավաստմամբ, բացի կոմբինատի արտադրողականության մոտ 40-50 տոկոսով բարձրացումը, լուծվել է եւս 150 աշխատատեղի խնդիր` շուրջ 250.000 դրամ միջին աշխատավարձով: Կոմբինատի աշխատողների թիվը կազմում է շուրջ 3,300, միջին աշխատավարձը` 287.000 դրամ: Սյունիքի մարզում Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը կշարունակվի նաեւ այսօր: