Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները նախընտրական քարոզարշավի շրջանակում երեկ այցելեցին Մասիս, Արտաշատ եւ Արարատ քաղաքները:
Մի քանի օր առաջ այդ նույն քաղաքներ էր այցելել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Վերջինիս այցի ժամանակ ներկա էին բավականին շատ մարդիկ: Իսկ ընդդիմության հանդիպումները, հատկապես Մասիսում ու Արտաշատում, անցան սակավամարդ հրապարակներում: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում դա պատճառաբանեց երկու հանգամանքով: Նախ` նրա կարծիքով, վախի մթնոլորտը չէ, որ շատ մարդ չի եկել իրենց հանդիպմանը: Պատճառներից առաջինն այն է, որ բնակչության ակտիվ հատվածն անցած 4 տարիներին Հայաստանից հեռացել է: Լ.Տեր-Պետրոսյանի կարծիքով` երկրորդ պատճառն այն է, որ ժողովուրդը մոբիլիզացվում եւ փոփոխության հասնելու հնարավորություն է տեսնում հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ: Նրա խոսքերով, 2008թ. վախի մթնոլորտն ավելի շատ էր, բայց մարդիկ գալիս էին իրենց հանդիպումներին: Մինչդեռ մասիսցիներն ու արտաշատցիներն ընդդիմության հանդիպմանն իրենց համաքաղաքացիների չգալն այլ կերպ էին պատճառաբանում: Հրապարակից հեռու` ծառերի տակ կանգնածները բացատրում էին, թե մարզպետարանը, մարզային ու քաղաքային պետական կառույցները վախեցնում, նախօրոք զգուշացնում են մարդկանց, որ չգնան ՀԱԿ-ի հանդիպումներին: Ասում են, նույնիսկ իրենց քաղաքի հարկային ծառայության ղեկավարները խանութների ու մասնավոր այլ օբյեկտների աշխատողներին զգուշացրել են, որ չգան այդ հանդիպմանը: Մարդիկ նշում էին, թե շատերը վախենում են նաեւ զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգը պահպանող ոստիկանների ներկայությունից: Ավելին` այդ հանդիպումները հեռվից նկարահանում էին ինչ-որ մարդիկ: Արտաշատցիներն, օրինակ, ասում էին, թե նման տեսագրությունները հետո բազմացնում եւ բաժանում են պետական ու մասնավոր կառույցների ղեկավարներին: Եվ եթե որեւէ ղեկավար կադրերում նկատի, որ իր աշխատակիցը մասնակցում է ՀԱԿ-ի հանրահավաքին, պետական մարմինների ճնշման ներքո նրան պետք է ազատի աշխատանքից: Ասում էին նույնիսկ, որ նման տեսանյութերում երեւացող մարդկանց պետական, հատկապես ուժային կառույցներում աշխատանքի չեն ընդունում:
Մասիսում շատերը ՀԱԿ-ի հանդիպմանը հետեւում էին ոչ թե հանդիպման բուն հրապարակից, այլ ավելի հեռվից` ծառերի տակից ու մեքենաների հետեւից, պատուհաններից: Նրանք չէին համարձակվում մոտ գալ: Մարդիկ լրագրողների հետ զրուցելիս` խուսափում էին նշել իրենց անունը, նաեւ աշխատում էին երկար չխոսել: Հայանիստ գյուղից մի կին պատմեց, որ երբ Ս.Սարգսյանն էր եկել, իրենց գյուղի դպրոցում մի քանի օր շարունակ դասերը նորմալ չէին ընթանում: Աշակերտներին դասերից կտրել ու շրջակայքը մաքրել են տվել, հանդիպման օրն էլ այդտեղ էին բերել: ՀԱԿ ակտիվիստը պատմում է, որ տարիների ընթացքում խեղվել է ընտրողի հոգեբանությունը` տնետուն իրենց հանդիպումների ժամանակ ընտրություններին մասնակցելու համար շատերն իրենցից փող են ուզում: «Եվ բոլոր ընտրություններում այդ վախի մթնոլորտը եղել է, էլի ընտրակաշառք բաժանել են, ընտրակեղծիքներ ու լցոնումներ են կատարել, բայց բոլոր` երեք նախագահական ընտրություններում էլ, սկսած 1998 թվականից, միեւնույն է, ժողովուրդը հաղթել է: Ռոբերտ Քոչարյանը ոչ 1998թ., ոչ էլ 2003թ. նախագահ չի ընտրվել: Ս.Սարգսյանը 2008թ. նախագահ չի ընտրվել: 1998-ին ընտրվել է Կարեն Դեմիրճյանը, 2003-ին` Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին ես եմ ընտրվել… Ես չեմ վախենում ասել, որ նախագահից բռնած` իր բոլոր նախարարներով, մարզպետներով, քաղաքապետերով, ոստիկաններով, դատախազներով գող-ավազակներ են: Ես Ոստիկանության, անվտանգության ծառայությունների աշխատակիցների մասին չեմ ասում: Այդ ծառայություններում էլ հարստացած են, հղփացած են ընդամենը մի քանի հոգի: Շարքային ոստիկանները ձեզանից վատ են ապրում եւ նույն հոգսերով են տառապում: Նրանց աչքի առաջ է տեղի ունենում, թե ինչպես են իրենց ոստիկանապետերը, նախարարներն ու նրանց տեղակալները հարստանում, ինչ փողերի հետ են խաղում: Իսկ իրենց «քցում» են ժողովրդի ջանին: Դպրոցի տնօրեններին ու գյուղապետերին իրենց մի քանի ձայնի համար թշնամացնում են ժողովրդի հետ: Սա է ամենամեծ դավաճանությունը»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը:
ՀԱԿ-ի հանդիպումները վարող` ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկ հայտարարեց, թե գործող իշխանությանը պետք է, որ մարդիկ հոգնած ու հիասթափված լինեն եւ ասեն, թե «մեկ ա, իրենք ինչ որոշեն, լինելու է»: Նրա խոսքերով` Հայաստանում ծրագրված արտագաղթ են կազմակերպում, որովհետեւ գիտեն, որ այստեղից գնում են ակտիվ, դժգոհ, այս իշխանությանը չհամակերպվող քաղաքացիները: Իսկ իշխանություններն ընտրություններում իրենց հաղթանակն ապահովելու համար ընտրացուցակներում ներառել են արտագաղթած 700 հազար մարդկանց անունները: Նա ներկաներին խնդրեց օգնել իրենց, որ մաքրեն ցուցակները: Ա.Մանուկյանի խոսքերով` Հայաստանից արտագաղթում են գյուղերով: Գնում են եւ Ռուսաստանի մեկ այլ գյուղում բնակություն են հաստատում: Եվ այնպես է ստացվում, որ ՀՀ այդ գյուղում իր բնակիչներն ավելի քիչ են, քան ՌԴ այն գյուղում, որտեղ արտագաղթել են: Իսկ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, թե ՀԱԿ-ը Ազգային ժողովում առաջին հերթին բարձրացնելու է Ս.Սարգսյանի իմպիչմենտի հարցը: «ՀԱԿ-ն ԱԺ այս ընտրությունները օգտագործելու է ոչ թե մանդատ, ոչ թե խմբակցություն ունենալու համար: Մեր խնդիրը հետեւյալն է, որ ԱԺ-ում ՀԱԿ-ն ունենա լուրջ, ծանրակշիռ ներկայություն, եւ որպեսզի մենք կարողանանք իշխանափոխության խնդիրը նախագահական ընտրություններում արդեն իրականանալի ու ռեալ դարձնենք: Ահա թե ինչու է պետք մեզ ձեր քվեն»,- ասաց Գ.Ջհանգիրյանը:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսեց տնտեսական խնդիրների, հատկապես իշխող ՀՀԿ-ի եւ Ս.Սարգսյանի ծրագրերի տնտեսական այն դրույթների մասին, որոնք պետք է կատարեին անցած 5 տարիներին: «Մի քանի կետ կարդանք, տեսնենք` արե՞լ է: Հայաստանի ընտանիքների եկամուտներն առնվազն կկրկնապատկվեն: Ո՞ւմ եկամուտն է առնվազն կրկնապատկվել: Օրենքով ձեր կեսը պետք է ձեռք բարձրացներ, եթե մի հոգի էլ բարձրացնի` էլի բան է: Կա՞ այդպիսի մեկը: Չկա: Հաջորդը, սա ընդհանրապես զիլ է, հլա տեսեք, թե ինչ է գրում: Տնտեսական բարեփոխումները կհանգեցնեն նրան, որ քաղաքացու թոշակը կբավարարի արժանապատիվ կյանքով ապրելու համար: 5 տարի է, բարեփոխում է կենսաթոշակը, որեւէ արժանապատիվ կենսաթոշակառու կա՞: 5 տարի առաջ միջին կենսաթոշակը եղել է 21.700 դրամ, այսօր` 29.000 դրամ է: 5 տարվա մեջ իրենց թվերով գներն աճել են 46 տոկոսով: Եթե 21.700-ի վրա 46 տոկոս ավելացնենք, դառնում է մոտ 31 հազար դրամ: Այսինքն` իրական թոշակը պակասել է: Որպեսզի 2 անգամ ավելի լիներ, պետք է մոտ 62 հազար դրամ լիներ: Եթե մենք չասենք, այդ մարդը պիտի անընդհատ ավերի՞ այս երկիրը: ՀՀԿ-ի համագումարին ասում է, թե` 18 հազար աշխատատեղ եմ ստեղծել: Տո գլխիդ ձյուն գա, քո Վիճվարչությունն ասում է, թե 2010թ. եղել է 266 հազար գործազուրկ, 2011-ին` 302 հազար: Բա այսքանից հետո երկրի ղեկավարը կասի՞, թե 18 հազար աշխատատեղ եմ ստեղծել: Ուրեմն 18 հազար ստեղծել է, 60 հազարը փակել է: ՀԱԿ-ը կընտրվի, ԱԺ-ում մեծամասնություն կլինի, տառացիորեն 1 ամսվա ընթացքում թոշակները կկրկնապատկվեն: Դրա համար պետք է 110 մլրդ դրամ: Դրա համար միայն պետք է, որ Ռ.Քոչարյանին պատկանող Քաջարանի պղնձամոլիբդենայինը, մետաղական հանքերի մանեքս-վալեքսներն ընդամենը տան պետության հարկերը: Դրա համար պետք է, որ «Ֆլեշն» ու «Միկան» տան հարկերը: Մեկը պիտի անի, չէ՞»,- հայտարարեց Հ.Բագրատյանը:
Արտաշատում ելույթ ունեցավ այդ շրջանում մեծամասնականով առաջադրված ՀԱԿ թեկնածու Գագիկ Ներսիսյանը: Նա տեղեկացրեց, որ քաղաքում իրեն շտաբի տարածք չեն տրամադրում, մինչդեռ քաղաքապետարանի շենքի վրա փակցված է ՀՀԿ-ի գովազդային պաստառը: Նրա խոսքերով` մի քանի օր առաջ այդ նույն հրապարակում Ս.Սարգսյանի հետ հանդիպմանը դպրոցներից ու այլ հիմնարկներից մեծերին ու երեխաներին ստիպելով են բերել: Նույնիսկ հեռավոր Սիսիանից ավտոբուսներով երեխաներ են Մասիս բերել, որ հանդիպումը մարդաշատ երեւա: «Մի ուրիշ այլանդակություն է, թե ինչպես են կազմավորվում տեղամասային ընտրական հանձնաժողովները: Քաղաքի ավագանու 15 անդամները հանձնաժողովի անդամներ են: Նույնն է նաեւ գյուղերում: Դա օրենքի խախտում է: Երեւանից վստահված անձանց մի մեծ բանակ եմ բերելու եւ չեմ թողնի, որ մի ձայն կորչի»,- հայտարարեց Գ.Ներսիսյանը:
Արարատում` ՀԱԿ անդամ Արամ Սարգսյանի ծննդավայրում, արդեն հանդիպմանը մասնակցում էին շատ ավելի մարդիկ: Հանդիպմանը հեռվից հետեւում էր նաեւ Ա.Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, ով մի քանի օր առաջ դիմավորել էր Ս.Սարգսյանին: Որոշ տեղեկությունների համաձայն` նա Արարատում ՀՀԿ շտաբի պետի տեղակալն է: Արմեն Սարգսյանը չցանկացավ զրուցել լրագրողների հետ: Իսկ Արամ Սարգսյանն ասաց, թե իրենք տարբեր նախասիրություններ ունեն: «Բայց մեզ մի ամբողջություն ընդհանրացնում է. մենք երբեք որեւէ բան չենք անում ձեւերի, դերասանության համար: Ես Արմենին սիրում եմ էնպիսին, ինչպիսին որ ինքը կա, ոչ թե էնպիսին, ինչպիսին ես եմ ուզում: Նույնը Վազգենին, եւ այն մարդիկ, որոնց մտքով բաներ է անցնում, այդ մարդիկ թող իմանան, որ Արմենը, բացի Արամի եղբայրը լինելուց, նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրն է, ինքն անհատականություն է, խնդիրներին ու հարցերին ունի իր մոտեցումները եւ դերասանություն չի անում»,- ասաց Ա.Սարգսյանը: Ա.Սարգսյանը խոսեց նաեւ Արարատում առաջադրված «Ավշար» գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանի մասին: Հիշեցնենք, որ վերջինս թեեւ առաջադրվել է ՀՅԴ-ի կողմից, սակայն մի քանի օր առաջ Ս.Սարգսյանն իր համախոհներին հորդորեց նրան ընտրել: Ա.Սարգսյանը կոչ արեց ընտրել Ռազմիկ Թեւանյանին: «Գրիգորյան Արայիկը մեր ընտանիքի հետ շատ մոտ է եղել, ժամանակ կար, որ հայրս նրան իր որդիներից մեկն էր համարում, ու ինքը հորս վերաբերվում էր ավելի ջերմ, մարդկային, քան, հավանաբար, ես: Հոկտեմբերի 27-ից հետո նա մեր տուն չի եկել: Սա ասացի ոչ թե որեւէ բան ուղղորդելու համար, ուղղակի ուզում եմ ներկայացնել մարդկային կերպարը»,- ասել է Ա.Սարգսյանը: