«Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ խոստացել է համաձայնել ԼՂՀ հարցի լուծման Մադրիդյան սկզբունքներին: Ի՞նչ բան է Մադրիդյան սկզբունքները: Դա այն նույն փաստաթուղթն է, որի վրա Լիսաբոնում 1996թ. ես վետո դրեցի` չնայած ահռելի ճնշումներին, ահռելի սիրաշահումներին Քլինթոնի կողմից, Ալբեր Գորի կողմից: Լիսաբոնի համաժողովի ժամանակ Գորը ինձ ժամերով համոզում էր, որ այդ փաստաթուղթն ընդունեմ` խոստանալով այնպիսի՜ վերաբերմունք իմ նկատմամբ: Դա նույն փաստաթուղթն է` շատ ավելի վատ վիճակով»,- երեկ Մասիսում համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «1996թ. գոնե ԼՂՀ-ն հակամարտության կողմ էր, նրա ձայնը վճռորոշ էր: Ադրբեջանը եւ Հայաստանը կարող էին ինչ-որ բանում համաձայնել իրար հետ, բայց եթե ԼՂ-ն ասեր` ոչ, այդ ծրագիրը չէր գործում… Ռոբերտ Քոչարյանին համոզեցին, որ պետք չէ Ղարաբաղը կողմ լինի, ու բռնեցին դուրս շպրտեցին ԼՂ-ն: Հիմա նորից խոսք են տալիս, որ ԼՂ-ն պետք է անպայման ներգրավենք բանակցային գործընթացի մեջ: Ի՞նչ ներգրավելու մասին է խոսքը, ԼՂ-ն ունի մանդատ, այն նրան տվել է Բուդապեշտի գագաթաժողովը: Պետք է պայքարեք այդ մանդատը նորից հետ վերցնելու համար: Սա անճարակություն է: Հիմա էլի եկել են ձեզնից ձա՞յն են խնդրում»,- ասել է Լ.Տեր-Պետրոսյանը: