Քաղաքական տարբեր գործիչներ, պատգամավորի թեկնածուներ վերջերս պարբերաբար կոչ են անում իրենց համակիրներին` հրաժարվել բոլոր տեսակի օն-լայն քվեարկություններից` զերծ մնալով անտեղի շահարկումներից: Հատկապես facbook կայքում այդ թեմայի շուրջ քննարկումները բավական բուռն են ընթանում: Մյուս կողմից էլ` հասկանալի է, որ վիրտուալ տիրույթում տեղի ունեցող նման օն-լայն հարցումները որեւէ ազդեցություն չունեն իրական ընտրությունների արդյունքների վրա, իսկ թե ինչո՞ւ են խախտումներ կատարվում նաեւ այս «ընտրությունների» դեպքում` պարզ չէ: Օրինակ, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը միակն էր, ով հրապարակավ իր համակիրներին հորդորեց չմասնակցել օն-լայն քվեարկություններին: Պատճառը` hayeli.am կայքում տեղադրված օն-լայն ընտրությունն էր` երբ մի քանի րոպեի ընթացքում Նուշիկյանի մրցակից Սարիբեկ Սուքիասյանի քվեների քանակն ավելացել էր մոտ 3000-ով: Մասնագետների պնդմամբ` նման իրադարձությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ թե օն-լայն քվեարկությունները, թե սոցիալական ցանցերի հարցումները ոչ մի կարեւորություն իրենցից չեն ներկայացնում: «Քաղաքական քվեարկությունները, երբ կատարվում են սոցցանցերի եւ կայքերի միջոցով, ուղեկցվում են մի շարք խարդախություններով եւ համապատասխան ծրագրերի կիրառումով,- ասում է տեղեկատվական քարոզչության մասնագետ Մանվել Կոստանդյանը: -Նախ` սոցցանցերում, բազմիցս եմ նշել, որ իրական չէ քվեարկությունը այնքանով, որ մասնակիցներից 80 տոկոսը ֆեյք հաշիվներ են` կեղծ տվյալներով մարդիկ: Օրինակ` մենք հաճախ կարող ենք նկատել, որ որոշ գործիչների քվեարկում են Լենին Պապի, Ջենիֆեր Լոպեսի կամ ինչ-որ մի գյուղի գրադարանի անվան հաշիվներ, իսկ կայքերում, որտեղ մի շարք պայմաններ չեն գործում, օգտագործվում են, այսպես կոչված` IP չենջեր հատուկ ծրագրեր: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ քվեարկությունները հիմնականում արդար չեն` ուղեկցվում են անարդար քայլերով: Օրինակ` վերջերս նաեւ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանի անձնական հաշիվը Ֆեսյբուքում ռեփորթների արդյունքում ապաակատիվացվեց, hayeli.am կայքում էլ թվերի կտրուկ փոխոխություններ տեղի ունեցան»: Հիշեցնենք, որ երբ վերոնշյալ կայքում տեղադրված օն-լայն ընտրության ժամանակ մի քանի րոպեի ընթացքում թեկնածուներից մեկի քվեները ավելացան մի քանի հազարով, hayeli.am կայքն արգելափակվեց մի քանի ժամով, ու կայքի տնօրենը հայտարարեց, թե իրենց կայքը «ջարդել են»: Տեղեկատվական քարոզչության մասնագետ Մանվել Կոստանդյանն այս առնչությամբ ասաց. «Եթե դա տեղի է ունեցել րոպեների ընթացքում, ապա դա կարող էր միայն կատարել կայքի ղեկավարությունը, իսկ եթե տեղի է ունեցել մի փոքր ավելի երկար ժամանակահատվածում, հնարավոր է` տեղի ունենար, ասենք, IP չենջերի օգնությամբ»: Իսկ բազմաթիվ լրատվական կայքերի, այդ թվում` նաեւ hayeli.am-ի հոսթինգն ապահովող «ՄԱՍՍԱԿԱ» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր կայք ունի որոշակի ռեսուրս: Նրա խոսքով` այն սպառելու դեպքում է միայն կատարվում նման ավտոմատ արգելափակում: «Հնարավոր է` քվեարկությանը փորձել են միջամտել արհեստական ճանապարհներով, ու համակարգում միանգամից գրանցվել է ռեսուրսի սպառում: Մենք անմիջապես չենք բացում կայքը: Պատասխանատուներին տեղեկացնում ենք oրենքի խախտման մասին: Խնդրի լուծման ճանապարհներից մեկն էլ այլ` ավելի մեծ ռեսուրսով փաթեթին բաժանորդագրվելն է»,- նշեց նա: