– Ինչպե՞ս է Ձեր ընտրատարածքում ընթանում քարոզարշավն ու ընտրական պրոցեսն ընդհանուր առմամբ:
– Այժմ իմ վստահված անձինք զբաղված են ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներով: Այլ ընտրատարածքների համեմատ` թիվ 5 ընտրատարածքում շատ քիչ կան մարդիկ, ովքեր գրանցված են տարբեր հասցեներում: Կարծում եմ` մինչեւ ընտրությունների օրը մեր ընտրատարածքում ցուցակները մաքուր կլինեն եւ, վստահ եմ, որ այդ ընտրատարածքը լինելու է բացառիկ ընտրատարածք, որտեղ կայացած ընտրություններով կարող ենք Հայաստանի Հանրապետության հետագա դեմքը ցույց տալ եւ ասել, որ կարող են լինել մաքուր, թափանցիկ եւ արդար ընտրություններ:
– Ուզում եք ասել, որ իշխանական լծակներ, վարչական ռեսուրսներ չե՞ն գործադրվելու Ձեր ընտրատարածքում:
– Թիվ 5 ընտրատարածքում երեք թեկնածուներ ենք ներկայացված. մեկը` իշխանական, մյուսը` ես` որպես անկուսակցական, եւ երրորդը` ՀԱԿ-ից Հովհաննես Հովհաննիսյանն է: Եվ եթե մենք երկուսով չկարողանանք իշխանական մեկ թեկնածուի դեմն առնել, նշանակում է` այս երկրում անիմաստ է որեւէ բանի դեմ պայքարել:
– Իսկ դուք` ընդդիմադիր թեկնածուներով, հանդիպե՞լ եք, քննարկե՞լ եք, թե ինչ ռազմավարություն պետք է կիրառել իշխանական թեկնածուի, իշխանական ռեսուրսի դեմ պայքարի ընթացքում:
– Այս ընթացքում նման որեւէ հանդիպում կամ քննարկում տեղի չի ունեցել: Նման որեւէ առաջարկ ինքս ՀԱԿ-ից չեմ ստացել: Եվ քանի որ այդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից որպես տարիքով մեծ` Հովհաննես Հովհաննիսյանն իրեն է համարել, իսկ մյուս երկու թեկնածուներս երիտասարդ ենք, ինձ թվում է` նման առաջարկ անելու նախաձեռնությունն իր կողմից պետք է լիներ: Ու քանի որ չի եղել, ուստի ես փորձելու եմ իմ ուժերով, իմ հնարավորություններով, իմ ընկերներով, իմ շրջապատով ու նախկին քաղբանտարկյալներով այդ ընտրատարածքում ապահովել մաքուր ու արդար ընտրություններ:
– Ի դեպ, Հ. Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ ընտրատարածքում իր հիմնական մրցակիցը ՀՀԿ-ի կողմից առաջադրված, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանն է: Միաժամանակ նաեւ ընդգծել էր, թե` «այդ երիտասարդ տղայի հասակի չափ քաղաքականությամբ եմ զբաղվում: Եթե մենք իսկապես լինեինք ազատ ժողովրդավարական երկիր, պարզ է, որ իշխող ՀՀԿ-ն իմ դեմ կառաջադրեր ավելի փորձված, լուրջ եւ տարիքով քաղաքական գործչի»: Դուք էլ տարիքով բավական երիտասարդ եք, վատ չե՞ք զգում` Հ. Հովհաննիսյանի հետ նույն ընտրատարածքում առաջադրվելու համար` չհարգելով նրա տարիքը:
– Հ. Հովհաննիսյանի ասածը շատ ծիծաղելի է` տարիքով են առաջնորդվում, թե ով որ տարիքում կարող է առաջադրվել: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի` օրենքով սահմանված կարգով կարող է առաջադրել իր թեկնածությունը: Իսկ ինչ վերաբերում է Հ. Հովհաննիսյանի բերած «փաստարկին», թե ինքը քանի տարի է զբաղվել քաղաքականությամբ, ապա կարող եմ ասել, որ երբ ես 17 տարեկանում պայքարում էի անկախության, ազատության համար, Հ. Հովհաննիսյանն այդ ժամանակ` լինելով Կոմունիստական կուսակցության անդամ եւ Աբովյանի շրջխորհրդի նախագահ, խոչընդոտում էր այդ պայքարին: Ուզում եմ ասել, որ պետք չէ առաջնորդվել նրանով, թե ով որ տարիքում ինչով է զբաղվել: Այդ տարիներին մենք պայքարում էինք ազատության, անկախության համար, իսկ ինքը, կրկնում եմ, այդ պայքարի խոչընդոտողներից մեկն էր: Այն համակարգի դեմ, որ մենք պայքարում էինք` այդ ամբողջ համակարգի մի մարդը Հ. Հովհաննիսյանն էր:
– Բայց այսօր նա ՀԱԿ-ի անդամ է, ի՞նչ է` չե՞ք հավատում, որ նախկին «խոչընդոտողը» կարող է այժմ ինքը պայքարել այսօրվա «խոչընդոտողների» դեմ:
– Ինձ համար շատ զարմանալի է, որ Կոմունիստական կուսակցության անդամ լինելուց հետո մարդը կարող է դավանել այնպիսի գաղափարախոսության, որը կրում է լիբերալ արժեքներ: Դա շատ զարմանալի ու ծիծաղելի է: Նաեւ այս ընթացքում, մանավանդ` վերջին 14 տարիների ընթացքում ես չեմ տեսել որեւէ ակտիվ գործողություն, որը կատարեր Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որի նախագահը Հ. Հովհաննիսյանն է: Օրինակ, ինձ շատ հետաքրքիր է` լինելով ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցություններից մեկի անդամ, որտե՞ղ էր Հ. Հովհաննիսյանը 2008թ. մարտի 1-ին, երբ ժողովուրդը հավաքված էր Մյասնիկյանի արձանի մոտ: Ինքս եղել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին:
– Գուցե Դո՞ւք ասեք, թե որտեղ էր նա այդ ժամանակ: Չգիտե՞ք, Դուք այն ժամանակ ՀԱԿ անդամ էիք:
– Իհարկե, այդ ժամանակ Հ. Հովհաննիսյանով չէ, որ պետք է հետաքրքրվեի, բայց, կրկնում եմ` ես եղել եմ Ն. Փաշինյանի կողքին` հարթակի վրա, իսկ որտե՞ղ է եղել Հ. Հովհաննիսյանը, ով, լինելով որպես կուսակցության նախագահ, որը մաս էր կազմել դաշինքին, հենց ինքը պետք է առաջինը լիներ այդ հարթակում: Ես դատապարտվել եմ դրա համար, իսկ Հ. Հովհաննիսյանն ի՞նչ է արել: Մարդը կյանքում պետք է մի քիչ բարոյականության խնդիր դնի իր առջեւ. ես Մարտի 1-ի դեպքերի պատճառով 1 տարի 4 ամիս դատապարտվել եմ եւ գտնվել եմ բանտում: Անկախ նրանից, որ ես այսօր չեմ ընդունում ՀԱԿ վարած քաղաքականությունը, այդ տարիներին կատարած մեր գործունեության համար ես դատապարտվել եմ եւ գտնում եմ, որ ինձ հանիրավի ազատազրկել են: Բայց Հ. Հովհաննիսյանն այդ տարիներին քայլել է Երեւանի փողոցներում, եւ կցանկանայի, որ ինքը մեկ րոպե մտածեր` արժե՞, որ ինքը լիներ թեկնածու մի ընտրատարածքում, որտեղ ես եմ առաջադրվել: Կուզենայի, որ մարդ մի փոքր նաեւ դրա մասին մտածեր:
– Ձեր կարծիքով` նա ինքնաբացարկ կհայտնի՞` հօգուտ Ձեզ:
– Ես գիտեմ, որ ինքն այդ տեսակը չէ, որ ինքնաբացարկ հայտնի: Այս տարիների ընթացքում շատ քաղաքական գործիչների հետ անմիջական շփումներ ունենալով, հասկացա, որ մարդիկ առաջնորդվում են իրենց ես-ով ու փորձում են առաջ տանել միշտ իրենց ես-ը: Դրա համար էլ այս պահին որեւէ կուսակցության անդամ չեմ:
– Կա՞ն քաղաքական ուժեր, որոնք սատարում են Ձեզ:
– Նախնական տեղեկություններով` կլինեն կուսակցություններ, որոնք կսատարեն ինձ, բայց շատ անհատներ, ճանաչված մարդիկ պատրաստվում են հայտարարություն անել իմ թեկնածության օգտին:
– Ձեր կարծիքով` Ձեր մրցակիցներն ի՞նչ դրական առավելություն ունեն Ձեր համեմատ: Հ. Հովհաննիսյանը միայն բացասակա՞ն հատկանիշներ ունի:
– Չեմ ուզում բնութագրել Հ. Հովհաննիսյանի դրական ու բացասական կողմերը. դա ՀԱԿ-ի խնդիրն է: Պարզապես ես այս պահին ասացի այն, ինչ տեսանելի է ինձ համար: Իսկ նրա դրական գործողությունները պետք է ՀԱԿ-ը գնահատի, որովհետեւ նա ՀԱԿ-ի անդամ է, ու ՀԱԿ-ը պետք է իմանա, թե ինչով է նա օգտակար լինում ՀԱԿ-ին: Ես գիտեմ, որ նա մարդ-կուսակցություն է, երկրորդ-երրորդ լիբերալի չեմ ճանաչում նրա կուսակցությունից: Իմ ասածն էլ` բացասական չէ, իրականություն է, եւ կուզենայի, որ նա մտածեր այդ մասին: Ընդամենը: Իսկ Արթուր Գեւորգյանին ընդհանրապես չեմ ճանաչում: Երիտասարդ է, տվյալ վարչական շրջանի ղեկավարն է, ՀՀԿ անդամ է… Ինձ համար նշանակություն չունի` մարդը որ կուսակցությունից է: Ընտրապայքար է, թեկնածուներից մեկն էլ ինքն է: Միայն գիտեմ, որ նախկինում սպորտսմեն է եղել, պատրաստ եմ պայքարելու, եւ, եթե փորձի իշխանական ռեսուրսներ օգտագործել, փորձելու եմ իմ հնարավորությունների չափով դրա դեմն առնել:
– Ըստ Ձեզ` ինչո՞ւ է ՀԱԿ-ն այդ ընտրատարածքում առաջադրել Հ. Հովհաննիսյանին:
– Նախկին ընտրություններից մեկի ժամանակ այդ ընտրատարածքում մեկ անգամ առաջադրվել էր Հ. Հովհաննիսյանը, եւ կարծում եմ` սա միակ ընտրատարածքն է, որտեղ քիչ թե շատ նրան ճանաչում են: Ինձ թվում է` նրա թեկնածությունն առաջադրել են զուտ մասնակցության համար: Նույն տրամաբանությամբ` ՀԱԿ-ը 38 ընտրատարածքներում առաջադրել է նաեւ այնպիսի թեկնածուների, որոնք 163 ձայնից ավելի չեն կարողանալու հավաքել: ՀԱԿ ցուցակում Հ. Հովհաննիսյանը 20-րդ տեղում է, եւ եթե նա կարեւորագույն անդամ, կուսակցության ներկայացուցիչ լիներ, ինչպես «Հանրապետություն», «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություններն են, Հ. Հովհաննիսյանն էլ կլիներ ցուցակում 5-րդ համար, եւ Լեւոն Զուրաբյանը չէր լինի 5-րդ տեղում:
– Դուք երկար տարիներ աշխատել եք Ներքին գործերի համակարգում, եւ, բնականաբար, ծանոթ եք ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Ձեր ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Ա. Գեւորգյանը Վ. Գասպարյանի փեսան է: Դա Ձեզ չի՞ կաշկանդում:
– Իհարկե, չի կաշկանդում: Շատ լավ եմ ճանաչում Վ. Գասպարյանին, ում նաեւ հարգանքով եմ վերաբերվում, բայց դա ինձ չի պարտավորեցնում ճանաչել նաեւ Վ. Գասպարյանի բարեկամներին: Ինձ համար նշանակություն չունի, թե տվյալ պահին այդ ընտրատարածքում թեկնածուն ով է: Կարող էր նույն հաջողությամբ լինել Վանո Սիրադեղյանի փեսան: Ես մտել եմ մի պայքարի մեջ, որտեղ իմ նպատակն է` այդ ընտրատարածքում արդար ընտրությունների անցկացումը: