– Որպես մասնագետ` ի՞նչ եք կարծում` պե՞տք են արդյոք սոցիալական կայքերը, եւ ի՞նչ կարեւորություն ունեն դրանք մեր հասարակության համար:
– Եթե խոսենք մեր տարածաշրջանի մասին, ապա ասեմ, որ առհասարակ սոցցանցերը պետք են մարդկանց, հենց թեկուզ միայն սփյուռքում բնակվող հարազատի հետ կապվելու համար: Սոցկայքերի միջոցով մարդիկ ոչ միայն շփվում են միմյանց հետ, այլ նաեւ կիսվում իրենք մտքերով, գաղափարներով, լուսանկարներ են տեղադրում, տեսանյութեր, նոր ծանոթություններ հաստատում: Սոցկայքը դա մի երեւույթ է, որը մեր հասարակության մեջ մտավ առանց մեր կամքի, այսինքն, ուզենք թե չուզենք, այն մեզանում կա ու լինելու է: Այն հիմնովին վերացնելն այլեւս անհնար է, բայց կարելի է որոշակի սահմանափակումներ մտցնել: Չնայած ասեմ, որ Չինաստանի ղեկավարությունն արգելել է իրենց երկրում օգտվել facebook-ից կամ այլ սոցկայքերից. եթե պետք է գրանցվես որեւէ սոցիալական ցանցում, ապա պետք է ընտրես իրենց տեղական կայքերից մեկը: Սոցկայքերը մեր կյանքում այնքանով են կարեւոր նաեւ, որ այսօր դրանց շնորհիվ Հայաստանում ստեղծվել է այլընտրանքային տեղեկատվական դաշտ, ինչն առաջ ԶԼՄ-ի մենաշնորհն էր: Սոցցանցային տեղեկատվական դաշտն անկախ է, ազատ, բացի այդ` դրա շնորհիվ կազմվեց ազատ քաղաքացիական ոլորտ:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ այս օրերին սոցկայքերը քարոզարշավների, քաղաքական գաղափարների տարածման հարթակ են դարձել:
– Գիտեք, քարոզարշավը սոցկայքերում նորմալ երեւույթ է, բացի այդ` օգնում է թեկնածուին ավելի անմիջական լինել իր ընտրողի հետ, հետեւել նրանց կարծիքներին, կարիքներին… Եվ առհասարակ facebook-ը հիմա մարկետինգային եւ քաղաքական-քաղաքացիական հարթակ է դարձել:
– Բայց շատ հաճախ սոցկայքերն օգտագործելով որպես միջոց` քաղաքական գործիչները սկսում են, այսպես ասած` «քլնգել» իրար:
– Դրան դու կհետեւե՞ս, թե՞ ոչ, դա քեզնից է կախված: Կան մարդիկ, ովքեր սոցկայքերում ընկերանում ու շփվում են միայն իրենց մտերիմների հետ, այսինքն` նրանք չեն հետեւում այս կամ այն քաղաքական գործչի կամ այլ մեկի ներցանցային գործողություններին: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ քաղաքական գործիչները սոցցանցի միջոցով սկսում են «քլնգել» իրար, ապա ես այդ երեւույթին բացասաբար չեմ վերաբերում, քանի որ բանավիճելու մշակույթը մեզ մոտ կարծես թե վերանում էր, բայց ցանցերի միջոցով այն նորից վերականգնվում է:
– Իսկ ի՞նչ կասեք հայկական բլոգոսֆերայի մասին:
– Գիտեք, հայկական բլոգոսֆերան ծաղկում ապրեց 2008-2010թթ.: Այդ ժամանակ Հայաստանում բլոգինգը զարգացնելու հեռանկարներ կային, բայց հիմա դա եւս հետընթաց է ապրել, քանի որ սոցկայքերը բառացիորեն «ուտում» են այդ բլոգները: Այն, ինչ գրում ես քո բլոգում, կարող ես գրառել նաեւ սոցկայքերում: Օրինակ, սոցկայքերից facebook-ը, փնտրող համակարգերից` google-ը, իրենց տարածվածությամբ ոչնչացնում են ամեն ինչ: Մարդիկ չեն սիրում երկար գրել, այդ իսկ պատճառով գրառումներ անում են ավելի շատ facebook-ում, քան բլոգում: Առհասարակ բլոգինգը նաեւ մասնագիտություն է, միայն թե այն չունի այն տարածումը, ինչ ունեն մյուս մասնագիտությունները: Եվ չնայած մեզ մոտ դրանով բոլորն էլ կարող են զբաղվել, ամեն դեպքում, դա կարելի է համարել մասնագիտություն, բայց ոչ տեղական բլոգերների մեծամասնության դեպքում:
– Հայաստանում կա՞ գործող որեւէ բլոգ կամ տեղական սոցկայք, որը զարգանալու հնարավորություն ունի.
– Բլոգը սկզբում շփման վայր էր, իսկ հիմա նախընտրելի են կոնկրետ ուղղվածության բլոգները: Այսինքն, երբ դու գիտես, որ այսինչ բլոգում քեզ անհրաժեշտ այսինչ ինֆորմացիան կգտնես, բայց այդպիսի բլոգներ մեր երկրում գրեթե չկան: Այն մեզ մոտ դարձել է միայն արտահայտվելու հարթակ: Իսկ ինչ վերաբերում է սոցկայքերին, ապա այդպիսի ցանցեր մեզ մոտ դեռեւս չեմ նկատում: Երեւի պետք է ինչ-որ շատ լուրջ փոփոխություններ լինեն, որպեսզի մարդ որոշի թողնել facebook-ը կամ «օդնոկլասսնիկի»-ն ու գրանցվի որեւէ տեղական սոցկայքում:
– Աշխարհում տարածված է օնլայն հանցատեսակ` կիբերհանցագործություն, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս պաշտպանվել.
– Նախ, գրանցվելիս ձեզնից պահանջվում է գաղտնիության հարց, որի պատասխանը պետք է դնեք այնպիսի բան, որին նույնիսկ ձեր ամենամտերիմ մարդը պատասխանել չկարողանա: Հաջորդիվ, կարեւոր է գաղտնաբառը, որը եթե պարունակի թվեր, մեծատառեր, ապա այն կոտրելու հավանականությունը համեմատաբար կնվազի: Հետեւեք նաեւ ձեզ ուղարկվող հղումներին, մի այցելեք այն լինքերով, որոնք նույնիսկ ձեր մտերիմ ընկերն է ձեզ ուղարկել, քանի որ դա կարող է լինել վիրուս, որը գուցե ուղարկված է արդեն իսկ բացված պրոֆիլից: Բացի այդ` չկա այնպիսի մի համակարգ, որից որեւէ սոցկայքի միջոցով օգտվելու համար անհրաժեշտ լինի օգտվողի լոգինն ու գաղտնաբառը: Այնպես որ` այդպիսի հարցման դեպքում մի գրեք ձեր պրոֆիլի գաղտնաբառերը: