«Լֆիկական» ռեժիմի ներքո հայտնված Մալաթիա-Սեբաստիա համայնքը նախընտրական քարոզարշավի այս օրերին տեղ-տեղ երեւակվում է` որպես մի նորօրյա Oսվենցիմ, որի գերիների ազատագրման համար պայքարը համարում եմ իմ քաղաքական պայքարի կարեւորագույն նպատակներից մեկը, եւ հանուն այդ նպատակի` մտադիր եմ ներդնել առավելագույն ջանքեր»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Երեւանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Վերջինս, անդրադառնալով ապրիլի 15-ին հիշյալ վարչական շրջանում իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ստեղծված խոչընդոտներին, նշեց, որ այդ խոչընդոտներ ստեղծողները ՀՀԿ ներկայացուցիչներ են: Հիշեցնենք, որ նախորդ կիրակի Ն. Փաշինյանի` Մալաթիա-Սեբաստիայում կազմակերպած նախընտրական հանդիպման ժամանակ հավաքվել էին մի խումբ կանայք, ովքեր «Սամվել Ալեքսանյանը մեր թեկնածուն է» վանկարկումներով ՀԱԿ ներկայացուցչից պահանջել էին դադարեցնել քարոզարշավը: Սրբ. Երրորդություն եկեղեցու հետնամասում ստեղծված լարված իրավիճակին միջամտել էին նաեւ ոստիկանները: Ընդ որում` հավաքված կանայք, որոնք պայուսակներով էին, սկսել էին քաշքշել Ն. Փաշինյանին, անվայել խոսքեր ասել նրա հասցեին, իսկ վերջինս ստիպված դադարեցրել էր քարոզարշավն ու հեռացել: Միջադեպից ժամեր անց նույն վարչական շրջանի Սվաճյան 34 շենքի մուտքում մի խումբ մարդիկ հարձակվել էին ՀԱԿ անդամներ, պատգամավորության թեկնածուներ Զոյա Թադեւոսյանի, Բաբկեն Գարոյանի, Գայանե Առուստամյանի, ինչպես նաեւ` վերջինիս շտաբի աշխատակիցների վրա: Բախման հետեւանքով Բ. Գարոյանի քիթը կոտրել են: Նույն օրը ժամը 19:45-ի սահմաններում հիվանդանոցից Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քթի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Բ. Գարոյանը: Վերջինիս եւ Գայանե Առուստամյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Երեկ հիշյալ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը: Ն. Փաշինյանի փոխանցմամբ` նույն օր նշյալ համայնքից իր նախընտրական շտաբը ստացել էր ահազանգեր: Սվաճյան 34 շենքի բակում ինչ-որ մարդիկ Փաշինյանի վստահված անձանց արգելել էին քարոզչական նյութեր տարածել, ապա նշված հասցեում հավաքվել էին մի խումբ մարդիկ, ովքեր ներկայացել էին որպես ՀՀԿ տարածքային կառույցի ներկայացուցիչներ եւ արգելել էին քարոզչություն իրականացնել` հայտարարելով, թե Փաշինյանի վստահված անձանց «գլուխը կարող ենք ջարդել»: Ըստ Ն. Փաշինյանի` այն պահին, երբ ոստիկանն արձանագրում էր իր բացատրությունները, եւ ինքը պետք է ցույց տար խոչընդոտ հարուցող անձանց, ոստիկանին մոտեցել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը: Այդ ընթացքում, ըստ Փաշինյանի, բացատրությունների գրառումը դադարեցվել է: «Հետո ժամանեցին այն կանայք, ովքեր Դավիթ Օհանյանի հետ շատ ջերմ «պռոշտի արեցին», որից հետո սկսվեց այդ ներկայացումը»,- ընդգծեց պատգամավորության թեկնածուն: Նրա խոսքով` իր քարոզչական աշխատանքներն ավարտելուց հետո ինքը վերադարձել էր ՀԱԿ-ի Մալաթիա-Սեբաստիայի կենտրոնական շտաբ եւ շարունակել իր քարոզչական աշխատանքների համակարգումը: «Վերադարձի ճանապարհին, Սբ. Երրորդություն եկեղեցու հարեւանությամբ տեսել եմ «Լազ» մակնիշի երկու ավտոբուս, որոնցով, ըստ ականատեսների, Սվաճյան 34 շենքի բակ են բերվել` ի պաշտպանություն Ս. Ալեքսանյանի ցույցի մասնակիցների զգալի մասը»,- ասաց Ն. Փաշինյանը: Մեր այն հարցին, թե նախընտրական փուլը դիտարկելով` ի՞նչ կանխատեսում ունի մայիսի 6-ին կայանալիք ընտրության վերաբերյալ, եւ արդյո՞ք հավանական է Մարտի 1-ի սցենարի կրկնությունը, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունը չի կարող իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ, որովհետեւ այդ դեպքում ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կրելու է ջախջախիչ պարտություն: Ես կանխատեսում եմ, որ ի հեճուկս բոլոր սպառնալիքներին, բոլոր ապօրինություններին` մենք կարողանալու ենք հասնել ՀՀ սահմանադրական իրականության հաստատմանը, եթե Սերժ Սարգսյանի խոստացած եվրոպական չափանիշով ընտրությունները լինեն»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ Ս. Սարգսյանի` քարոզարշավներին հանդուրժողականության, չթշնամանալու կոչերն արդյունք չեն տալիս, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ես նախկինում էլ ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ որեւէ մեկի նկատմամբ չունեմ թշնամություն, եւ ընդհակառակն, այդ ցույցի եկած կանանց ասացի, որ ես իրենց բոլորին սիրում եմ, բայց ես արձանագրում եմ, որ Սերժ Սարգսյանը «հանդուրժողականություն» ասելով` նկատի ունի, որ մենք բոլորս` ՀՀ քաղաքացիներս, հանդուրժողականության մթնոլորտում ՀՀ-ն զիջենք «լֆիկներին», «սաշիկներին». «սերժիկներին»»: Ինչ վերաբերում է Ս. Ալեքսանյանի հայտարարությանը, թե ինքը ջերմ հարաբերություններ ունի Ն. Փաշինյանի հետ, պատգամավորության թեկնածուն ասաց. «Ես ենթադրում եմ, որ ընթացքում Ս. Ալեքսանյանը մտածում է իր թեկնածությունը հանելու եւ ինքնաբացարկ հայտնելու մասին, եւ որպեսզի չստացվի, թե ինքը վախեցավ եւ հանեց իր թեկնածությունը, այդպիսի լուրեր է տարածում` ասելով, որ Նիկոլ Փաշինյանն ախպերս էր, դրա համար էլ հանեցի թեկնածությունս: Իսկ Սամվել Ալեքսանյանի ախպեր եւ եղբայր կարող են լինել Սերժ Սարգսյանը, Սաշիկ Սարգսյանը, Նեմեց Ռուբոն, Բուռնաշը, Մուկը: Ն. Փաշինյանը չի կարող եղբայր լինել Լֆիկ Սամոյի հետ»: Ն. Փաշինյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի` իրեն հրապարակային բանավեճի հրավիրելու հայտարարությանը: Նա նշեց, որ ինքն ընդունում է բանավեճի հրավերը, որը տեղի պետք է ունենար երեկ, ժամը 22:00-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում: «Եթե Ռուբեն Հայրապետյանը վախենում է գալ հեռուստաբանավեճի, թող իզուր տինտիրիտներ չանի»,- ասաց Ն. Փաշինյանը` նկատելով, որ ինքը հեռուստաբանավեճի էր հրավիրել Սամվել Ալեքսանյանին: «Ես հիմա ասում եմ` Սամվել, արի իրար հետ կռվի չդնենք մեր նախընտրական թիմերին, արի տղամարդավարի, դեմ-դիմաց կանգնենք մեր ընտրողների առաջ: Եթե դու ասելիք ունես, արի կանգնենք` ես իմ ասելիքն ասեմ, դու քո ասելիքն ասա, մարդիկ որոշեն, թե ով` ով է, ով` ում վիրավորեց, ով է արժանի, ով` անարժան, պետք չի կանանց ուղարկել, կանանց հետեւում թաքնվել: Սամվել, արի բանավիճենք: Սա ընտրություն է: Սա քաղաքականություն է: Սա շաքար ներկրել չի, օղի կեղծել չի: Սա սպառողներին խաբել չի»,- նշեց Ն. Փաշինյանը` եւս մեկ անգամ հիշեցնելով Ռ. Հայրապետյանի հեռուստաբանավեճի հրավերն ընդունելու մասին: Իսկ այն հարցին, թե հեռուստաբանավեճի տեղի եւ ժամի մասին տեղյակ պահե՞լ են Ռ. Հայրապետյանին, պատգամավորության թեկնածուն պատասխանեց. «Մենք զբաղվում ենք հրապարակային քաղաքականությամբ: Ռ. Հայրապետյանն ինձ տեղյակ չէր պահել, չէ՞, որ ինքն ասուլիս է արել, եւ ինձ հրավիրել է բանավեճի: Ես տեղեկացել եմ, եւ ինքն էլ պարտավոր է տեղեկանալ, որովհետեւ, եթե հրավեր է անում, պարտավոր է նաեւ հետեւել, թե այդ հրավերն ի՞նչ արձագանք ստացավ: Եվ մի բան, որ ուզում եմ ընդգծել. 2009թ. փետրվարին կամ մարտին Ռուբեն Հայրապետյանն ասուլիսում հայտարարել է, որ ես 1 միլիոն դոլարանոց արժեքով տուն ունեմ, ես կոչ եմ անում պարոն Հայրապետյանին այսօրվա բանավեճում բերել այդ բնակարանի նկարը»:
Հ.Գ. Երեկ Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որում ասված է, որ վերջինս որեւէ առնչություն չունի տվյալ միջադեպերի հետ: «Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը խստորեն դատապարտում է ընտրական գործընթացներում հակաօրինական եւ սադրիչ բնույթի ցանկացած դրսեւորում եւ կոչ է անում, այդ թվում` նաեւ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ստվար զանգվածներին, չենթարկվել ոմանց սադրանքներին եւ պահպանել սառնասրտություն»,- ասված է հայտարարության մեջ: