Դատելով փողոցներից ու հեռուստաեթերից՝ հայրենի կուսակցությունները բավական լուրջ ու երկար ժամանակ պատրաստվել են ընտրություններին՝ կարգախոսներ ու պաստառներ մշակել, հոլովակներ նկարել եւ, ամենակարեւորը՝ գրել (կամ գրել տվել) նախընտրական ծրագրեր։
Սակայն, որքան էլ զարմանալի լինի, ընտրական պրոցեսում ամենաքիչ ուշադրության են արժանանում հենց ամենակարեւորը՝ ծրագրերը։ Չէ, իհարկե, քաղաքական ուժերը պաթոսով հայտարարում են, որ եթե իրենք հաղթեն, ապա տնտեսությունը կաճի այսքան տոկոսով, աղքատությունը կնվազի այնքան տոկոսով, եւ այլն։ Սակայն դա ոչ թե ծրագրերի ներկայացում է, այլ արդյունքների։ Իսկ երբ դրա տակ չկա բացատրություն, դա դառնում է պարզապես նախընտրական խոստում։ Իսկ որպեսզի խոստումն ավելի արժանահավատ լինի, հարկավոր է ավելի խորը մոտենալ հարցին։ Ինչը մեզանում, այս քարոզարշավում, դեռ չի նկատվում։ Օրինակ, եթե ասվում է, որ ներդրումներն առաջիկա տարիներին կրկնապատկվեն, կամ ստվերը կիսով չափ կկրճատվի, ոչ ոք չի ասում, որ նման բան հնարավոր չէ, եւ այլն։ Պարզապես կան հարցեր, որոնց պատասխանները ահագին բան կասեին ընտրողին։ Այդ հարցերը չեն հնչում։ Հետեւաբար՝ չեն հնչում նաեւ այդ հարցերի պատասխանները։ Օրինակ, եթե կուսակցությունն ասում է, որ պատրաստվում է կրճատել հարկերը, ու միեւնույն ժամանակ հայտարարում է, որ պատրաստվում է կրկնակի կամ եռակի ավելացնել թոշակներն ու նպաստները, ապա պետք է հնարավորություն լինի հարցնելու՝ այդ ինչպե՞ս եք անելու։ Չէ՞ որ հարկերի ու դրույքաչափերի կրճատումը նվազեցնելու է բյուջեի եկամուտները, այդ թվում՝ թոշակներին ուղղվող միջոցները։ Նման դեպքում ասում են՝ իսկ մենք կկրճատենք ստվերը։ Ստվերի իրական կրճատումը նշանակում է` կոշտ հարկային վարչարարություն, սակայն, մյուս կողմից, ասում են՝ ստեղծելու ենք բարենպաստ բիզնես միջավայր։ Կամ՝ խոսում են լիակատար շուկայական մրցակցությունից, սակայն միեւնույն ժամանակ` հայտարարում, որ հարկային-մաքսային օրենսդրության փոփոխությունների շնորհիվ արտոնյալ պայմաններ կստեղծեն հայրենական արտադրող արտահանողի համար։ Իսկ նման գործելաոճը, որքան էլ բխի մեր տեղական արտադրության շահերից, հակասում է ազատ շուկայի գաղափարին։ Հիմա դուք ազատ շուկայի՞ կողմնակիցն եք, թե՞ հովանավորչության։ Մեկը խոսում է փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին, բայց ունի օլիգարխ կամ «օլիգարխոտ» թեկնածուներ։ Մյուսը խոսում է Եվրամիության շուկային ինտեգրվելու մասին, բայց` Ռուսաստանին ավելի մոտենալով։ Եվ այսպես շարունակ։ Իսկ ամենից շատ աչքի են զարնում նոր աշխատատեղերի ստեղծման խոստումները։ Քաղաքական ուժերին թվում է, թե գտել են ընտրողների թույլ կետը ու դրա վրա խաղալով` կարող են ձայն ստանալ։ Կուսակցությունները մեկը մյուսի հետ իսկական մրցավազք են սկսել. մեկը խոստանում է արդեն հաջորդ տարի բացել 150 հազար նոր աշխատատեղ, մյուսը՝ 200 հազար…։ Եթե հիշում եք, ժամանակին Ռոբերտ Քոչարյանը խոստացավ բացել 40 հազար աշխատատեղ։ Թերեւս, հիշում եք նաեւ, որ հետագայում Ռ. Քոչարյանի թիմն ապացուցում էր, որ կատարել է խոստումը։ Թե քանի հոգու հաջողվեց համոզել, դժվար է ասել։ Փոխարենը՝ կարելի է վստահ ասել, որ հայաստանցի ընտրողին արդեն ծանոթ են նման խոստումները ու դրանց իրականացման հնարավորությունը։ Նշենք, որ ներկայիս ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերը (հատկապես ընդդիմադիր կամ այդպիսին ներկայացող) ավելի շահեկան վիճակում են։ Գրեթե կասկած չկա, որ նրանց խոսքերի իսկությունը հետագայում ժամանակը կասկածի տակ չի դնի։ Ասենք, եթե հարյուր-հազարավոր նոր աշխատատեղ խոստացող ուժը հավաքում է հազիվ 4-5%, մտնում կամ չի մտնում խորհրդարան, ապա ոչ ոք այդպես էլ չի իմանա՝ կկատարվե՞ր այդ խոստումը, թե՞ ոչ։ Ինչպես ասում են` չկա չարիք, առանց բարիքի։ Այս առումով նշենք, որ իշխանական ուժերը, մասնավորապես` ՀՀԿ-ն, իրենց խոստումների հարցում ավելի զգույշ են, քանի որ համոզված են, որ ստիպված են լինելու դրանք կատարել (կամ գոնե՝ համոզել, որ կատարել են)։
Խոսքը միայն տնտեսությանը չի վերաբերում, այլ՝ կրթությունից, մշակույթից մինչեւ արտաքին քաղաքականություն։ Ճիշտը, թերեւս, այն կլիներ, որ բոլոր այդ հարցերի պատասխանները տրվեին հրապարակային բանավեճերի միջոցով։ Քաղաքակիրթ, նորմալ ու մասնագիտական բանավեճերի։ Նման բան, ինչպես տեսնում ենք, չկա։ Ավելին՝ նման բանավեճի ցանկություն էլ չկա քաղաքական ուժերի կողմից։ Յուրաքանչյուրն իր ծրագիրը համարում է վերին ատյանի ճշմարտություն, չի ցանկանում իջնել իր բարձունքից եւ «լայեղ» չի անում բանավեճի մեջ թեթեւ քննության ենթարկել իր ծրագրի հիմնադրույթները։ Ամեն մեկը հղում է անում իր պատմությանը, իր կենսագրությանը, իր մասնագետներին ու հայրենասիրությանը եւ ընտրողին կոչ անում` հավատալ իրեն։ Անվերապահորեն։ Յուրաքանչյուրը հարկ է համարում շփվել միայն ընտրողի հետ։ Յուրաքանչյուրը փորձում է համոզել, որ ամենակարեւորն իր համար շարքային ընտրողն է։ Բայց ոչ ոք չի հավատում, որովհետեւ համոզողն ինքն էլ իրեն չի հավատում։ Ի դեպ, քաղաքական որոշ ուժեր կիսաարդարանալով-կիսադժգոհելով` նշում են, որ հասարակությանը իրենց ծրագրերն ամենեւին հետաքրքիր չեն, դրանք ոչ ոք չի կարդում, եւ ծրագրային բանավեճն էլ ոչ ոքի հետաքրքիր չի լինի. մարդկանց ավելի շատ կհետաքրքրի վեճը, մանավանդ, եթե ընթացքում հնչեն վիրավորանքներ ու մեղադրանքներ։ Սեփական ընտրողի հանդեպ նման կարծիք ունենալն ինքնին արդեն վիրավորական է ընտրողի համար։ Ամեն դեպքում, եթե այսօր հասարակությանն ավելի շատ հետաքրքրում են ինտրիգները, եթե ծրագրերը ոչ մի դեր չեն խաղում, անհասկանալի է՝ բա էլ ինչի՞ համար եք չարչարվել ու գրել ձեր նախընտրական պլատֆորմները, եթե անգամ ձեր կուսակցության անդամները դրանք չեն կարդալու։ Մենք էլ կարծում էինք, թե իշխանության հավակնող քաղաքական ուժերն իրե՛նք պիտի հասարակությանը ներքաշեին առողջ ու քաղաքակիրթ ընտրական պրոցեսի մեջ։ Սակայն, ինչպես միշտ, տեսնում ենք, որ քաղաքական ուժերն իրե՛նք են հարմարվում առկա վիճակին։ Իսկ առկա վիճակի լավագույն բնութագրիչն այն է, որ եթե կազմենք վարկանիշային աղյուսակ, թե ընտրարշավի մասնակիցներից ում անունն է ամենից շատ հոլովվում լրատվամիջոցներում, ապա առաջին տասնյակում կհայտնվեն բոլորիս հայտնի օլիգարխները։ Ընդ որում, ոչ թե քաղաքական ու ծրագրային ենթատեքստում, այլ լրիվ այլ՝ «քուչի» մակարդակում։ Ոչ մի գաղափարական հակասության նշույլ, անգամ խոշորացույցով, հնարավոր չէ հայտնաբերել։
Իսկ ամենամեծ աբսուրդն այն է, որ շատերը դեռ շարունակում են խոսել այն մասին, որ այս ընտրություններն աննախադեպ են լինելու, մի քանի քայլ առաջ, եւ այլն։ Եթե մի պահ հավատանք, որ հրաշքներ են լինում, եւ ենթադրենք, որ ընտրություններն անցնելու են առանց կեղծիքների, միեւնույն է՝ այս ընտրությունները նախորդներից ոչ մի բանով առավել չեն արդեն քարոզարշավի տեսանկյունից։ Նույն խաղի կանոններն են, նույն առաջնահերթությունները, նույն դեմքերն ու նույն ինտրիգները։ Ու նույն ընտրողները, որոնք պետք է լինեին ընտրական պրոցեսի ամենաորոշիչ ուժը, սակայն ինքնակամ հանձնել են այդ դերն ու փորձում են գուշակել, թե անդրկուլիսային «բազարների» արդյունքում ով քանի տոկոս է ստանալու։