Երբ արժեզրկվում է պետությունը

17/04/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը:

– Քաղաքական ուժերի քարոզարշավը, իմ կարծիքով, շատ տխուր եւ միօրինակ է: Մինչ քարոզարշավի մեկնարկը բոլորը կանխատեսում էին, որ այն տարբերվելու է նախորդներից` հաշվի առնելով նաեւ նոր տեխնոլոգիաները, հաղորդակցության միջոցները, սակայն, կարծում եմ, այդ սպասելիքները չարդարացան: Ամենացավալին այն է, որ կուսակցությունները, ընտրողների ձայները ստանալու համար մրցում են ոչ թե ծրագրերով, գաղափարներով, տարբեր մոտեցումներով, այլ իրենց հանդիպումներին հավաքված մարդկանց քանակով, որը, ցավոք, շատերի համար գնահատվում է որպես գլխաքանակ: Ես գոնե մինչեւ այսօր քարոզարշավում չեմ տեսել որեւէ լուրջ ծրագրային բանավեճ, մտքերի բախում, աշխարհայացքային կամ սկզբունքային տարաձայնություններ: Քարոզչություն ասվածը սահմանափակվում է ընդամենը նախընտրական տեսահոլովակներով ու հանդիպումների կադրերը հեռուստատեսությամբ ցուցադրելով: Ավելացել է միայն այն, որ այդ նույն` անբովանդակ նյութը, բացի հեռուստատեսությունից ու թերթերի էջերից, տեղադրվում է նաեւ սոցիալական ցանցերում:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների քարոզարշավին, ապա այս դեպքում կա հետաքրքիր օրինաչափություն: Մեծ թվով ընտրատարածքներում առաջադրված իշխանական եւ ընդդիմադիր թեկնածուների միջեւ պայքարն օր օրի ավելի բյուրեղանում է: Ընդդիմադիրները փորձում են քարոզարշավ կազմակերպել (լավ կամ վատ, այլ հարց է), իսկ իշխանական թեկնածուները, այսպես ասած, «փողարշավ» են իրականացնում: Չնչին բացառություններով, գրեթե բոլոր ընտրատարածքներում իշխանությունը առաջադրել կամ աջակցում է թեկնածուների, ովքեր փողից եւ իշխանական լծակներից բացի, ընտրողին ներկայանալու այլ միջոցներ չունեն: Եվ պատահական չէ, որ այդ թեկնածուները միջոցների մեջ խտրություն չեն դնում: Մինչեւ այսօր քարոզարշավի ընթացքում արձանագրված ամենավտանգավոր եւ դատապարտելի երեւույթը թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված սադրանքն էր: Եվ երբ իշխանությունը ամենաբարձր մակարդակով վերաբերմունք չի արտահայտում նման երեւույթի նկատմամբ, նշանակում է, որ ամենալավ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություններն ընդամենը դատարկ խոստումներ էին: Այստեղ խնդիրը ոչ թե որեւէ ձեւական քրեական գործ հարուցելն է, այլ հստակ քաղաքական գնահատականը, որի բացակայությունը վկայում է, որ իշխանությունը, մեղմ ասած, խրախուսում է քաղաքականությունը «լաչառության» մակարդակի իջեցնելու քայլերը:

– Իսկ ի՞նչ իրավիճակ է կոնկրետ թիվ 4 ընտրատարածքում, եւ ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները:

– Հնարավորություններս շատ բարձր եմ գնահատում, այլապես, ինչպես առիթ ունեցել եմ նշելու, չէի առաջադրի իմ թեկնածությունը: Այլ հարց է, որ բազմաթիվ այլ ընտրատարածքների նման, թիվ 4-ում եւս պայքարը` առնվազն մեկ թեկնածուի մասով, միանգամայն այլ հարթությունում է: Այն, որ ՀՀԿ-ի թեկնածու Արտակ Սարգսյանը աստղաբաշխական գումարներ է ծախսելու, հայտնի էր դեռեւս մինչեւ քարոզարշավի մեկնարկը: Ես դրան նույնիսկ հումորով եւ «ըմբռնումով» էի վերաբերվում, քանի որ համարում եմ, որ մարդն ընտրողներին ներկայանում է նրանով, ինչ ունի: Սակայն նախընտրական քարոզարշավի մեկնարկի առաջին իսկ օրերից ակնհայտ դարձավ, որ նրա համար ամբողջ թափով աշխատում է նաեւ ողջ պետական մեքենան: Դրան եւս կարելի էր նորմալ վերաբերվել, եթե աշխատեր միայն «ավանդական»` տեղական նշանակության վարչական համակարգը` թաղապետարանը, համատիրությունները կամ մանկապարտեզների տնօրենները: Սակայն, երբ այդ գործին լծվում են նաեւ պետական ամենաբարձր ինստիտուտները, դա վտանգավոր է դառնում, ընդ որում` ոչ միայն եւ ոչ այնքան առանձին վերցրած մեկ ընտրատարածքի կամ մեկ թեկնածուի` ինձ համար: Արտակ Սարգսյանի պատգամավոր դառնալը, պարզվում է, ոչ միայն նրա ու նրա շրջապատի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հարց է դարձել: Որքան էլ զավեշտալի է, նրա քարոզարշավով զբաղվում է նաեւ նախագահի աշխատակազմը: Օրինակ` վերջերս նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը մի քանի գործարարների սպառնացել-պատվիրել է, որ որեւէ բացասական արտահայտություն թույլ չտան Արտակ Սարգսյանի հասցեին: Այսինքն` իշխանությունը ստիպում է մարդկանց ոչ միայն աշխատել իր թեկնածուի համար, այլ արգելում է կարծիք արտահայտել այդ թեկնածուների մասին նույնիսկ նեղ շրջանակում: Այս օրինակը նշում եմ, որպեսզի ավելի պատկերավոր դառնա, թե ինչ որակի ընտրություններ են սպասվում մեր ընտրատարածքում, եւ ինչպես է պետական մեքենան աշխատում սեփական թեկնածուներին անցկացնելու համար: Խնդիրը տվյալ դեպքում ոչ թե իմ պատգամավոր դառնալ-չդառնալն է, այլ այն, որ նախագահական ինստիտուտը զբաղվում է նման ցածր խնդիրներով: Այսինքն` այն կառույցները, որոնք սահմանադրորեն պետք է զբաղվեն երկրի արտաքին քաղաքականության, պաշտպանական, ազգային անվտանգության խնդիրներով, սպասարկում են, ասենք, մի խանութպանի շահերը: Ընտրությունները ավարտվելու են, սակայն նաեւ նման վտանգավոր քայլերով է պետությունն արժեզրկվում քաղաքացու աչքերում: