Օրենքը՝ ընտրակեղծիքի բացահայտման խոչընդոտ

17/04/2012

Մեր նախորդ համարներից մեկում հրապարակել էինք հարցազրույց ԶԼՄ-ների հարցերով զբաղվող իրավաբան, Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական, «Doughhty Street Chamber» ընկերության անդամ Գեւին Միլլերի հետ:

Բրիտանացի փաստաբանն անդրադարձել էր նաեւ Ընտրական օրենսգրքի որոշ կետերի` ընդգծելով, որ մեր օրենսդրությունը շատ բարդ է ու խճճված: Մեզ հետ զրույցում Գեւին Միլլերն անդրադառնալով ստորագրված ընտրացուցակները չհրապարակելու վերաբերյալ ԸՕ-ի համապատասխան հոդվածին` ասաց. «Շատ կարեւոր է, որ լրատվամիջոցներն ու հասարակությունն իմանան` ով է ընտրել եւ ով` չի ընտրել: Ժողովրդավարության տեսանկյունից շատ կարեւոր է, որ քաղաքացին որքան հնարավոր է մեծ մասնակցություն ունենա: Իսկ դա կարող է լինել այն դեպքում, եթե հասարակությանը հասանելի է տեղեկատվությունը` ով եւ քանի մարդ է քվեարկել: Հատկապես կարեւոր է այն դեպքում, եթե կասկածներ կան, որ ընտրողների անձնական տվյալների կեղծում է եղել, ընտրողների անունների դիմաց նշում կա, կամ ինչ-որ մեկն ընտրել է, անօրինական ձայն է գրանցվել նրանց փոխարեն: Խարդախությունն ու անազնվությունն ապացուցելու առաջին փուլում պետք է հնարավոր լինի ցույց տալ, որ այդ անձը չի քվեարկել, այլ նրա անունից կեղծիք է արվել: Ես չեմ տեսնում, թե ինչպես դա կարող եք անել` առանց ռեգիստրի հրապարակային, լրագրողական քննության»: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում` անդրադառնալով Գեւին Միլլերի այս նկատառմանը, ասաց. «Ընտրողների ստորագրած ցուցակը պաշտոնական փաստաթուղթ է, որը փաստում է`ընտրողը մասնակցե՞լ է քվեարկությանը, թե՞ ոչ: Իսկ քվեարկությանը մասնակցելն իր մեջ պարունակում է նաեւ գաղտնի քվեարկության սկզբունքի էլեմենտներ, որովհետեւ քվեարկությանը մասնակցելը անձի իրավունքն է: Անձը կարող է ինչպես մասնակցել, այնպես էլ` չմասնակցել քվեարկությանը: Անձը, իհարկե, կարող է պատմել յուրաքանչյուրին կամ բացահայտել իր որեւէ վարքագիծ: Օրինակ` ինքը գնացե՞լ է քվեարկության, թե՞ ոչ, դա անձի իրավունքն է: Այդ ցուցակները, նաեւ ամրագրված է ԸՕ-ով, հրապարակման ենթակա չեն, եւ սա մեր օրենսդիրի կողմից յուրօրինակ մոտեցում չէ: Այս մոտեցումը, կարծում եմ, ընդունված է, թերեւս, բոլոր երկրների կողմից: Մեր ԸՕ-ն նաեւ միջազգային փորձաքննություն է անցել: Եթե մենք նայենք Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը նշված հարցի վերաբերյալ, ապա այն նույնն է. ընտրողների ստորագրված ցուցակները չեն կարող լինել հանրային, եւ հենց դրա համար է ԸՕ-ն ամրագրել կանոն, ըստ որի` ընտրողների կողմից ստորագրված ցուցակը ինչպես քվեարկության ընթացքում, այնպես էլ քվեարկությունից հետո չեն կարող լուսանկարահանվել, տեսանկարահանվել, չեն կարող տրամադրվել այլ անձանց: Իսկ եթե ընտրական գործընթացի ընթացքում մարդիկ նշումներ են կատարում, այստեղ որեւէ խնդիր չկա: Բնական է, եթե հետագայում լինում են վերահաշվարկի դիմումներ, համապատասխան սուբյեկտները` վստահված անձինք, դիտորդները կարող են նստել, նայել, բայց դրանից պատճեն հանել, լուսանկարել, տեսանկարահանել, բնականաբար, չի կարելի»:

Իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով` եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական երկիր, որտեղ մարդու անձնական կյանքը եւ անհատական որոշումները իսկապես գաղտնի են, եւ պետք է դրանց գաղտնիությունը պահպանվի` գուցե ցուցակների չհրապարակման հետ կապված որոշ փաստարկներ, որոնք բերվում են` իսկապես համոզիչ լինեին: «Սակայն խոսքն այն մասին է, որ մարդու որոշում կայացնելը` ընտրություններին մասնակցե՞լ, թե՞ ոչ, նրա անհատական խնդիրն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի իմանալ` նա ընտրություններին մասնակցե՞լ է, թե՞ ոչ: Չնայած` ես չէի համարի, որ դա ժողովրդավարության կարեւորագույն հատկանիշներից է, որովհետեւ ժողովրդավարական երկրներ կան, որտեղ նույնիսկ ընտրություններին չմասնակցելն է տուգանքների արժանանում: Այսինքն` այստեղ բավականին վիճելի խնդիր է: Միակ փաստարկը, որ ցուցակների հրապարակումը կարող էր լինել մարդու իրավունքների խախտում, դա այն է, որ որեւէ մեկն ինչ-ինչ պատճառներով խոստացել է, որ ինքը պետք է գնա, ընտրի այսինչ թեկնածուին կամ այսինչ կուսակցությունը, դրա դիմաց կաշառք է ստացել, կամ հատուկ խոստում է տվել, բայց չի գնում, եւ հետո ցուցակը հրապարակվում է, եւ բացահայտվում է նրա խոստումը չկատարելը: Բայց ես չեմ կարծում` դա այնքան խորը փաստարկ է, որով կարող էր հիմնավորվել այս ցուցակների չհրապարակումն արդարացնելու համար: Սա, կարծում եմ, կարող է միայն պատրվակ լինել իշխանությունների համար, որոնք հրաժարվեցին ցուցակները հրապարակել, որովհետեւ մենք գիտենք, որ Հայաստանում կեղծիքների մեծագույն ռեսուրսն ընտրություններին չմասնակցող եւ հատկապես` հանրապետությունից բացակայող մարդկանց, այսպես ասած, աներեւույթ քվեարկությունն է: Եվ այդ համառությունը, որ իշխանությունը փորձեց տարբեր փաստարկներ բերելով` չհրապարակել ցուցակները, կասկածի տեղիք են տալիս, որովհետեւ դա կլիներ հիմնական այն բանալին, որով կբացահայտվեր այդ հսկայական ռեսուրսը, որը, ոչ թե կասկածում ենք, այլ բոլորը կարծում են, որ կիրառվելու է ընտրությունների ժամանակ»,- ասում է Ա. Իշխանյանը: Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ որպես դիտորդ մասնակցել է Նորվեգիայում տեղի ունեցող համապետական ընտրություններին, որտեղ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, այն դեպքում, երբ Նորվեգիայի ընտրությունների մասին օրենքն ընդամենը մի քանի էջանոց փաստաթուղթ էր: «Նորվեգիայի քրեական օրենսգրքով նախատեսված չէր պատիժ ընտրակեղծիքների համար: Նորվեգիայում 1814թ. անց են կացվում խորհրդարանական ընտրություններ, եւ դեռեւս վեճ չի եղել ընտրությունների հետ կապված: Այսինքն` հարցն ավանդույթն է, ազնվությունը, արժեքային համակարգը: Իսկ Հայաստանում, փաստորեն, ամեն անգամ ընտրություններից հետո, որը, մեղմ ասած, չի համապատասխանում միջազգային չափանիշներին, որպես պատրվակ բերվում է Ընտրական օրենսգիրքը, եւ ամեն անգամ այն «կատարելագործվում է», ավելի է բարդացվում, խստացվում: Սա որեւէ էական օգուտ չի տալիս, որովհետեւ ընտրությունների ազատ, անկախ անցկացման համար հարկավոր է ավանդույթ, իսկ ավանդույթը ձեւավորվում է իշխանության տարանջատմամբ, որ իշխանությունը չլինի ամեն ինչ` եւ՛ իշխանություն, եւ՛ բիզնես, եւ իշխանության պահպանումը չլինի նաեւ իրենց բիզնեսի եւ սեփականության պահպանում: Իշխանության տարանջատմամբ հնարավոր է կոնկրետ դատական իշխանության անկախություն, որովհետեւ միայն դատական անկախ իշխանությունը կարող է պատժել կեղծարարներին: Եթե դատական իշխանությունն ու կեղծարարը ղեկավարվում են նույն կենտրոնից, ապա ինչքան էլ ուզում ես Ընտրական օրենսգիրքդ խստացրու, միեւնույն է` պատիժը չի կիրառվի նրանց նկատմամբ, ովքեր նպաստում են իշխանության վերարտադրմանը»,- ասում է իրավապաշտպանը:

Ի դեպ, մեզ հետ զրույցում ԶԼՄ-ների հարցերով զբաղվող իրավաբան, Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական, «Doughhty Street Chamber» ընկերության անդամ Գեւին Միլլերը նշեց, որ Մեծ Բրիտանիայում կան կառավարությունից լիովին անկախ դատավորներ, ովքեր իրավունք ունեն հետաքննել ընտրությունների անցկացման արդարացիությունը: «Ցանկացած ընտրող կամ քաղաքական գործիչ, ով կբողոքի դատավորին կաշառակերության ու ընտրախախտումների վերաբերյալ, դատավորն իրավունք ունի հետաքննություն անցկացնել: Ակնհայտորեն կարեւոր է ունենալ նման համակարգ, որը հնարավորություն կտա, որ բողոքները շատ արագ կերպով ներկայացվեն, եւ դատավորն էլ արագ քննի գործը` ընտրություններից օրեր, ոչ թե շաբաթներ հետո: Բայց փաստերը պետք է պահպանվեն, եւ դրանք պիտի գործնականում գնահատեն` արդյո՞ք ընտրություններն արդար են: Բայց կարեւորը ընտրությունն անցկացնող պաշտոնյաների ազնվությունն ու շիտակությունն է, անկախ դատարանների առկայությունը, ովքեր կքննեն արդյունքները»:

Գայանե ԼԱԼԱՅԱՆ