Տատիկս` գրականագետ Արփիկ Ավետիսյանը (1912-1991թթ.), երկար տարիներ աշխատել է Ե.Չարենցի անվան գրականության թանգարանում: Կյանքի վերջին տարիները նվիրել էր Ավետիք Իսահակյանի անտիպ նամակները հավաքելու գործին: Ինչը եւ հաջողությամբ ավարտել էր: Կա ՀՀ մշակույթի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի պետական թանգարանի (ԳԱԹ) 1990թ. նոյեմբերի 22-ի գիտական խորհրդի արձանագրությունը: «Գիտխորհուրդը հավանություն տվեց կազմած եւ խմբագրված «Նամականուն»` այն ընդունելով որպես ավարտուն աշխատանք, որ լիովին պատրաստ է հրատարակման համար»: Կա Երեւանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի 16.10.1990թ. տեղի ունեցած նիստի արձանագրությունը. «Լսվել է ԳԱԹ-ի կողմից ներկայացված «Ավ. Իսահակյանի նամակները (կազմող` Արփիկ Ավետիսյան) աշխատանքին կարծիք տալու հարցը: Շատ օգտակար ժողովածու է: Այստեղ հավաքված են Իսահակյանի 1895-1957թթ. գրած նամակները: Դրանք բազմաբնույթ են եւ շատ կողմերով հարստացնում են մեր իմացությունը Իսահակյանի մասին: Ժողովածուն ունի ոչ միայն գրական-գեղարվեստական, այլեւ պատմա-հասարակական արժեք, որովհետեւ այդ նամակներում արտահայտված են մեր ժողովրդի ճակատագրական փորձությունների առթիվ Իսահակյանի խոհերն ու մտածումները: Ժողովածուն ամբողջացնում է Իսահակյանի գրական ժառանգությունը: Որոշում` դրական կարծիք տալ «Իսահակյան նամակները» ժողովածուին եւ երաշխավորել հրատարակության (երկու քաղվածքի օրիանակներն ինձ մոտ են.- Լ.Ա.)»:
Կարճ ասած` 1991թ. պատրաստի գիրքը «Լույս» հրատարակչությունում էր եւ պատրաստ էր տպագրության: Սակայն երկրի քաղաքական, տնտեսական վիճակն այդ տարի հատկապես այնպիսին էր, որ գրքի տպագրման ծախսը պետությունն այլեւս ի վիճակի չէր հոգալ, եւ ձեռագիրը տպարանից վերադարձրեցին մորս: Որոշ ժամանակ անց ԳԱԹ-ից պահանջեցին իրենց հանձնել գրքի ձեռագիրը` հիմնավորմամբ, որ դա թանգարանի սեփականությունն է, իրենց աշխատակցի պլանային աշխատանքը: Մայրս վերադարձրեց: Որոշ ժամանակ անց թանգարանի փոխտնօրենն առաջարկեց աջակցել գրքի տպագրությանը` պայմանով, որ ինքը համահեղինակ համարվի: Մենք հրաժարվեցինք: Որոշ ժամանակ անց փոխտնօրենը մահացավ (անունը, հասկանալի պատճառով, նպատակահարմար չենք համարում տպագրել.- Լ.Ա.): Նրա ընտանիքի անդամներն ասացին, որ ձեռագիրը փոխանցվել է ԳԱԹ-ին: Սակայն ձեռագիրն այնտեղ չհայտնաբերվեց: Նրա գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է: Ոմանք մայրիկիս խորհուրդ տվեցին ձեռագիրը փնտրել Ավ. Իսահակյանի թոռան` Ավիկ Իսահակյանի մոտ: Վերջինս հավատացրեց, թե այն իր մոտ չէ:
Բարեբախտաբար, տատիկիս արխիվում գտանք երկրորդ օրինակը: Մայրս` ազգագրագետ Իոննա Ավագյանը, աշխատում էր այն ավարտուն տեսքի բերել, սակայն չհասցրեց…
Արխիվն այժմ ինձ մոտ է: Ուսումնասիրելով Իսահակյանի նամականին` հասկացա, որ տատիկս տիտանական աշխատանք է կատարել: Եվ այդ կարծիքին էր նաեւ նշանավոր հայագետ Արամ Ղանալանյանի եղբայրը` գրականագետ, բ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես Ղանալանյանը (1911 -1994թթ.), ով գրքի առաջաբանի հեղինակն է: Իր կարծիքն է ներկայացրել նաեւ գրականագետ , բ.գ.դ., պրոֆեսոր Սեւակ Արզումանյանը (1929-2004թթ.): «Արժանին պետք է մատուցել «Նամականու» կազմող եւ ծանոթագրությունները պատրաստող Արփիկ Ավետիսյանին: Ճիշտ է, այս ոլորտում նա նոր անուն չէ (հեղինակ է «Գեւորգ Ախվերդյան» մենագրության, Երեւան, 1963թ., տասնյակ գրականագիտական հոդվածների.- Լ.Ա.), սակայն յուրաքանչյուր ականավոր գրողի նամակների հրապարակումը պահանջում է ոչ միայն հսկայական ջանք ու նվիրում, այլեւ յուրովի մոտեցում, պարբերացման ու մշակման սկզբունքներ: (…) Բայց Ա. Ավետիսյանը կատարել է նաեւ մյուս, առավել դժվարին աշխատանքը, որը, բացի զուտ բանասիրական պրպտումներից, պահանջում է լայն իմացություններ, գիտական անհրաժեշտ պաշար եւ այլն: Ա. Ավետիսյանը կարողացել է իսկական քննություն բռնել եւ կրկին հաստատել, որ այդ բնագավառում, իրոք, շատ հմուտ ու երախտավոր մշակ է: Բավական է հետեւել միայն այն աղբյուրներին, որտեղից վերցվել կամ հավաքվել են Իսահակյանի այս նամակները, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսի համբերություն, հաստատակամություն, բանասիրական-հետազոտական եռանդ է ներդրել նա` գլուխ բերելու սույն գործը: (…) Ինչպիսի հարուստ նյութեր է գտնելու Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության հետազոտողը «Նամականու» մեջ ։ (…) Հետազոտող գրականագետները նոր տվյալներ ու գնահատություններ կգտնեն Չարենցի, Թումանյանի, սփյուռքահայ մի շարք գրողների, մշակութային ու հասարակական գործիչների, Շիրազի, Զարյանի եւ ուրիշ շատ հեղինակների վերաբերյալ»: Գրքի մասին դրական բազմաթիվ կարծիքներ եւս կան (դրանք եւս պահպանված են):
Արփիկ Ավետիսյանն իր նախաբանում նշել է, որ «Նամականին» ընդգրկում է ավելի քան վեց տասնամյակ (1895-1957): Նամակները, լինելով որոշ առումով Իսահակյանի օրագիր-հիշատակարանի լրացումները, ունեն գրապատմական եւ մշակութային ակնառու արժեք: Իսահակյանն իր գիտակցական կյանքի զգալի մասը (շուրջ 25 տարի) ապրեց հայրենիքից հեռու, տարագրության մեջ` Եվրոպայի տարբեր քաղաքներում (Պոլիս, Ցյուրիխ, Վիեննա, Բեռլին, Լայպցիգ, Փարիզ) եւ նամակագրությամբ ամոքեց հայրենիքի եւ հարազատների նկատմամբ ունեցած կարոտի ցավը: Իսահակյանի կենդանության օրոք լույս չտեսան նրա նամակները: Նրա մահից հետո, Բեյրութում, հրապարակվեց «Իսահակյանի նամակներ» խորագիրը կրող ժողովածուն (1959թ.): 20 տարի անց, 1979-ին, ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը տպագրեց Իսահակյանի նամակները: Երկերի 6-րդ հատորի մեջ մտան ԳԱԹ-ի գրական ֆոնդերում պահվող նամակների զգալի մասը` 333 նամակ: Չորս տարի հետո, 1983թ., «Բագին» հանդեսում Մարտիրոս Մնակյանը հրատարակեց Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամներ Ներսես Ակինյանին, միաբանության անդամ, մատենադարանի տնօրեն Բառնաբաս Պելեզիկճյանին, ինչպես նաեւ «Արեգ» ամսագրի խմբագիր, գրականագետ Սիմոն Հակոբյանին հասցեագրված` Իսահակյանի արժեքավոր նամակները: «Այդ ընթացքում եւ հետագա տարիներին ինչպես մեզանում, այնպես էլ Սփյուռքում, տարբեր հանդեսներում, մամուլում հրապարակվեցին Իսահակյանի տարբեր նամակներ, որոնք կարիք ունեին մի ժողովածուի մեջ հավաքման, ի մի բերման: Այդ արժեքավոր նամակները կորստից փրկելու, ժողովրդի սեփականությունը դարձնելու ցանկությամբ ձեռնամուխ եղանք հավաքելու ինչպես մամուլում տպված, այնպես էլ ԳԱԹ գիտական ֆոնդերում պահվող, տակավին անտիպ նամակները: Հավաքածուն հարստացավ Ռուբեն Զարյանի, Հովհաննես Ղանալանյանի, բանաստեղծ Մարտին Քարայանի, Անդրանիկ Հովսեփյանի, Հ. Սիրասի անձնական արխիվներում պահվող անտիպ նամակներով: Այս ամենը հիմք դարձավ Իսահակյանի սույն «Նամականու» համար: Հավաքվեց 235 նամակ: Ժողովածուն ընդգրկում է 1895-1957թթ. գրած բազմապիսի նամակներ, որոնք չեն մտել Իսահակյանի` մինչ օրս տպագրված ժողովածուների մեջ: Երիտասարդ տարիների գրած Իսահակյանի նամակներից քիչ բան է պահպանվել, եւ այդ առումով հատուկ նշանակություն են ձեռք բերում առաջարկվող ժողովածուում զետեղված Իսահակյանի վաղ շրջանի նամակները: (…) Մենք հավակնություն չունենք ավարտուն եւ վերջնական համարել սույն հատորը: Ինչպես մեզանում, այնպես էլ դրսում` սփյուռքահայ անհատների մոտ, խմբագրություններում, հրատարակչություններում, մշակութային հաստատություններում կա՛ն անկասկած վարպետի նամակները: Վստահաբար դրանք մի գեղեցիկ օր կտպագրվեն եւ նորովի կլուսաբանեն մեծ բանաստեղծի կյանքի անծանոթ էջերը»:
Տատիկիս` գրականագետ Արփիկ Ավետիսյանի «Նամականին» վերջին շտկումների փուլում է: Կարծում եմ` հաջորդ տարի այն կդրվի ընթերցողի սեղանին: