Եվ իշխանության հետ, եւ ընդդիմության

14/04/2012

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ Արմավիրի մարզում հայտարարել է, թե իմաստ չի տեսնում իշխող կոալիցիայի կազմից դուրս գալու մեջ: Ծառուկյանն այդ մասին ասել է` ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե դուրս կգա՞ արդյոք ԲՀԿ-ն իշխող կոալիցիայից: Հիշեցնենք, որ նախօրեին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, թե ցանկացած քաղաքական ուժ, ով իսկապես ուզում է, որ առաջիկա ընտրություններն անցնեն ազատ ու արդար, պետք է դուրս գա իշխող կոալիցիայից: Գ.Ծառուկյանը հակադարձելով Հովհաննիսյանին` երեկ ասել է. «Ես իրեն շատ հարգում եմ, նա շատ նվիրյալ, հայրենասեր է, բայց հիմնական այդ միտքն ու գաղափարը չեմ կարողանում հասկանալ: Կոալիցիան, այսպես թե այնպես, ամսի 6-ից հետո վերջացած է: Բոլոր խելացի մարդիկ դա հասկանում են. կոալիցիան կազմվում է խորհրդարանական ընտրությունից խորհրդարանական ընտրություն»: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է պայման դնել` նշելով, թե քանի դեռ մեկ շաբաթ առաջ ձեւավորված ընտրությունների վերահսկման շտաբի հայտարարությունը չեն ստորագրել նաեւ քաղաքական ուժերի ղեկավարները, ինքը չի մասնակցի շտաբի աշխատանքներին: Գ. Ծառուկյանը երեկ ասել է, որ ինքը հանուն ազատ ու արդար ընտրությունների` համագործակցում է ինչպես իշխանության, այնպես էլ` ընդդիմության հետ: «Ես պատրաստ եմ մասնակցելու արդար, թափանցիկ ընտրությունների, ժողովրդի ձայներին տեր եմ կանգնելու, ով էլ խախտի` չեմ թույլ տալու»,- հայտարարել է նա: Ի դեպ, երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ-ի հանդիպումներից մեկի ժամանակ: Վաղարշապատում իր ելույթից հետո Գ. Ծառուկյանը բեմի վրա կանգնած մնալով` մոտեցել է ներքեւում իրեն լսողներին, սեղմել մի քանիսի ձեռքը ու վերցրել նրանց պարզած նամակները: Այդ ժամանակ, մի քանի վայրկյան կոստյումի տակից երեւացել է զենքի նմանվող առարկա, ինչը պարզորոշ երեւում է նաեւ կայքերում տեղադրված տեսանյութերում: Սակայն Ծառուկյանը լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` ասել է, թե դա ոչ թե զենք է եղել, այլ իր հեռախոսը: Ինչպես ավելի ուշ ասել է նրա խոսնակ Խաչիկ Գալստյանը` «Vertu» մակնիշի: