ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով բանակում արձանագրվող ինքնասպանություններին, ասել է. «Հասարակության, այսօրվա երիտասարդների մեջ այսպիսի մի բան կա. սուտ ասելը երիտասարդների մեջ անընդունելի է: Եթե մի անգամ ինքը սուտ է ասել, եւ իր ընկերներն իմանում են այդ մասին, ապա ինքը դառնում է երկրորդ կարգի մարդ: Պետք է զինվորներին բացատրենք, որ դա սխալ է: Երկրորդ պատճառն այն է, որ զինծառայողն ընկնում է որոշակի պայմանների մեջ եւ անթույլատրելի է համարում ծառայելն իր համար: Ինքը գտնում է, որ այդ պահին ավելի լավ է ինքնասպան լինի, քան այդ տանջանքները երկու տարի կրի: Սա անընդունելի է բանակում: Այսինքն` զուտ բացթողումների հետեւանք է, որ զինվորը գերադասում է ինքնասպան լինել, քան` ծառայել: Նրանք այն մարդիկ են, ովքեր թուլամորթ են եւ գնում են այդ գործողություններին: Բայց նաեւ ունենք հանցանքների տարբեր տեսակներ, երբ նվաստացնողին են գնդակահարում, սպանում: Մենք ունենք նաեւ այդպիսի դեպքեր, ինչպես, օրինակ, այս տարվա Մարտակերտի դեպքը, երբ զինվորն իր ընկերոջը «քֆուր» տալու համար գնդակահարեց»: