Ոստիկանության Անձնագրերի ու վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ մինչեւ մայիսի 6-ի ընտրությունները գոնե մահացածների մասով ընտրացուցակները մաքրված կլինեն: Սակայն «մաքրված» ասելով` Քոչարյանը նկատի ունի այնքան չնչին թիվ, որն էական ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա: «Ցուցակներից հանվել է ավելի քան 3000 անուն, որոնց մեծ մասը, ինչպես նշեցի, մահացածներն են: Մյուս մասն այն հատվածն է, որ տան նոր սեփականատերը չի դիմել եւ նախկին սեփականատերերին հաշվառումից չի հանել: Բայց այս գործընթացում սեփականատերերն ակտիվացել են, զանգում եւ ասում են, որ իրենք ընտրացուցակներից տեղեկացել են, որ նախկին սեփականատերերն իրենց հասցեում են հաշվառված: Մենք պարզաբանում ենք, որ եթե իրենք չդիմեն, այդ մարդիկ 100 տարի էլ կմնան այդտեղ հաշվառված: Եվ արդյունքում` մոտ 1000 ընտրողներ դուրս են գալու: Եվ երբ մենք վերջնական ցուցակը տրամադրենք, կարծում եմ, մինչեւ 5000 անուն ցուցակներից կպակասի»,- ասել է Հ.Քոչարյանը: Հիշեցնենք, 2008 թվականի նախագահական ընտրությունների համեմատ` այս ընտրություններին մասնակից ընտրողների ցուցակներն ավելացել են 170 հազար ընտրողով, ինչի մասին ընտրացուցակների հրապարակումից հետո ահազանգեց նաեւ ընդդիմությունն ու մի շարք հասարակական կազմակերպություններ: Նույն 2008 թվականի ընտրություններից հետո տարիներ շարունակ ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է ընտրողների ցուցակը մի քանի հարյուր հազար ընտրողներով ուռճացնելու մեջ: Փաստորեն` իշխանությունն ընդունել է այդ մեղքը: 5000-ով: