«Ժառանգությունը» «շատ փոքր է»

14/04/2012

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ այցելել է Արմավիր ու Արագածոտնի մարզ: Արմավիր մարզի Արտենի համայնքում Գ.Ծառուկյանը խոստացել է 25 տրակտոր տրամադրել Արմավիրին` ասելով, թե համայնքները ութ տարով առանց տոկոսադրույքի դրանք ձեռք կբերեն, կաշխատեն հօգուտ իրենց համայնքի ու պետության, իսկ նշված ժամանակահատվածից հետո այդ տրակտորը կդառնա արդեն համայնքի սեփականությունը։ Իսկ Արագածոտն մարզի Արագածավան համայնքում, որտեղ, ըստ panorama.am-ի` Գ.Ծառուկյանին դիմավորել են ոչ միայն աղուհացով, այլեւ գառ մատաղ անելով` նա նշել է, որ տեղյակ է` համայնքի հիմնական խնդիրը ջրամատակարարման հետ է կապված, անգամ ոռոգման ջուրն է այստեղ խնդիր հանդիսանում։ Նա նշել է, որ իրենց նախընտրական ծրագրում բոլոր այդ հարցերի լուծումները ներկայացված են` ի համադրումն պետական բյուջեի, այսինքն` ծրագիրն իրատեսական է ու մեր բյուջեի հնարավորությունների սահմաններում։ «Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք Է ձգտենք բյուջեն ավելացնել ու դրանով իսկ երկրում լուծել աշխատատեղերի խնդիրը, արտագաղթի խնդիրը ու արժանավայել ապրելու հարցը»,- ասել է Գ. Ծառուկյանը: Լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ընտրախախտումների դեմ պայքարելու նպատակով միասնական շտաբ ձեւավորելու վերաբերյալ «Ժառանգության» պահանջին, ըստ որի` փաստաթղթի տակ պետք է անպայման ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը, Գ.Ծառուկյանն ասել է, թե` «Ժառանգությունն» ինչ-որ պահանջ ներկայացնելու համար «շատ փոքր է»: «Եթե համապատասխան խաղեր ունի, թող կատարի, բայց «Ժառանգությունը» շատ փոքր է, որ ինչ-որ պահանջներ ներկայացնի»: