– «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» երիտասարդական նախաձեռնության գործունեության մեջ ո՞րն է եւ որքա՞ն է Ձեր մասնակցությունը։
– Ես պարզապես աջակից եմ ու երիտասարդների համար հիմնականում հանդես եմ գալիս որպես խորհրդական։
– Հայտնի է, որ նախընտրական շրջան է, հայտնի է նաեւ, որ այս շրջանում առատ խոստումներ են տրվում։ Այդ խոստումներից որո՞նք են ավելի կարեւոր ՊԳՖԱ-ի համար, առավել իրատեսական` իրագործելի։
– Անշուշտ, ամենակարեւորն այն է, որ, արձագանքելով ՊԳՖԱ-ի կոչերին, մի շարք կուսակցություններ իրենց նախընտրական ծրագրերում ներառեցին այն դրույթը, որ գիտության ֆինանսավորումը միանգամից պետք է հասցվի ՀՆԱ-ի 1 %-ին` հետագայում, տարեկան եւս 0.2% աճի միտումով, մինչեւ 2-3%։ Այս դրույթը բացառիկ կարեւոր է, քանի որ նրանում ներառված` միանգամից 1 տոկոս թռիչքային ավելացման վերաբերյալ կետը պարզապես անհրաժեշտություն է, որպեսզի մեր գիտական համակարգը կարողանա դուրս գալ անկման փուլից, նաեւ` որպեսզի ոլորտը երիտասարդության համար դառնա գրավիչ։ Հաշվի առնելով այսօր հայաստանյան գիտնականների միջին տարիքը` 60, գիտության երիտասարդացումը խիստ կարեւոր է։
– Հնարավո՞ր է, որ ՊԳՖԱ-ի անդամները որեւէ կուսակցության ձայն տալիս առաջնորդվեն` ելնելով նրա` գիտության վերաբերյալ տված նախընտրական խոստումներից։
– Ընդհանրապես, հնարավոր է։ Սակայն, կոնկրետ այս դեպքում, ես ավելի հավանական եմ համարում, որ այդ հանգամանքն իրականում քիչ չափով հաշվի կառնվի։ Բանն այն է, որ, ինչպես ասացի, բազմաթիվ կուսակցություններ ներառել են ՊԳՖԱ-ի հիմնական պահանջն իրենց ծրագրերում։ Ուստի, այդ պարամետրով զանազանել կուսակցություններին այլեւս հնարավոր չէ։
– ՊԳՖԱ-ի էջում վերջին շրջանում քննադատության թիրախ էր դարձել ՕԵԿ-ը` կոնկրետ թվային ցուցանիշներ չնշելու պատճառով։ Արդյոք ո՞րն եք առավել ազնիվ համարում. չխոստանա՞լ, թե՞ խոստանալ ու չանել։ Չէ՞ որ գիտնականները նախագահական ընտրություններից դառը փորձ ձեռք բերեցին. ասվեց, ազդարարվեց, որ կարեւոր տեղ է տրվելու գիտությանը, ստեղծվելու է գիտելիքահենք տնտեսություն, եւ այլն… խոստումներ, որոնք մոռացվեցին ընտրություններից անմիջապես հետո։
– Ես դժվարանում եմ գնահատական տալ նման խիստ ձեւակերպումներով, քանի որ այսօրինակ խնդիրներում անհրաժեշտ է ավելի խորը վերլուծություն։ Իհարկե, չի կարելի չափսոսել, որ ՕԵԿ-ն այդպես էլ նախաձեռնության հետ չքննարկեց գիտության խնդիրները։ Մյուս կողմից` չի կարելի չգնահատել այն հանգամանքը, որ Հանրապետական կուսակցությունը, ի դեմս մի շարք պաշտոնյաների եւ պատգամավորների, բազմիցս մասնակցեց նշյալ քննարկումներին։ Կարելի է հասկանալ ՀՀԿ-ն ձգտումը` արձագանքել բացառապես պրագմատիկ ձեւով եւ քննարկել առավել իրատեսական առաջարկները։ Միաժամանակ, երիտասարդության պարագայում, դժվար է շրջանցել որոշակի` ինչ-որ չափով «ծայրահեղական» ռոմանտիզմը։ Այս վերջին առումով ես հասկանում եմ նախաձեռնության անդամների դիրքորոշումները, սակայն, ինչպես տեսնում ենք տարատեսակ հանգամանքների այս թվարկումից, ձեր թվարկած հարցերի կծիկին բավականաչափ դժվար է միարժեք մեկնաբանություններ տալ։ Կարծում եմ` անհրաժեշտ է, որ անցնի որոշ ժամանակ, որպեսզի հնարավոր լինի կատարել ավելի խորը վերլուծություն։
– Ինչպե՞ս եք գնահատում ԳԿ նախարարի գործունեությունը։ Ի՞նչ կարեւոր գործ է արվել նրա օրոք, որ անտերության էր մատնված նախորդների կողմից։
– Նախարարի գործունեությունը գնահատելիս, առաջին հերթին, պետք է մատնանշել այն նորարարական մոտեցումները, որոնք նա ցուցաբերել է պաշտոնավարելիս։ Որպես փոքրիկ, բայց բավականաչափ պերճախոս օրինակ, կարող ենք հիշել իր ֆեյսբուքյան հարցազրույցը, որը տեղի ունեցավ բոլորովին վերջերս։ Սա եւ մի շարք այլ ծիլեր, որոնք ձգվել են վերջին տարիներին, կարծում եմ` ապագայում կհանգեցնեն նշանակալի արդյունքների։ Այս տեսակյունից նախարարի գործունեությունը շատ դրական է բազմաթիվ առումներով։ Վերջում կարող եմ ավելացնել նաեւ այն, որ հենց, օրինակ, ՊԳՖԱ-ի հետ հարաբերություններում ցուցաբերվել է եւ՛ արծարծված խնդիրների լավ իմացություն, եւ՛ դրանց լուծման համար պահանջվող կամք, եւ՛ համապատասխան ճկունություն, եւ՛ մասնագիտական այլ որակներ. հատկություններ, որոնք բոլորը խիստ ողջունելի են։
– Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են ԿԳ նախարարը, ԳԱԱ նախագահը, Գիտպետկոմի նախագահը եւ գիտության մեջ ներգրավված այլ պաշտոնյաներ լուրջ քայլեր անել, եթե դա անելու ցանկությունը բացակայում է պետության ղեկավարների մոտ, կամ, համենայնդեպս, չեն տեսնում այսօր դրա առաջնահերթությունը։
– Դրա պատասխանը շատ կարճ է` իհարկե կարող են, եւ առաջին ու ամենամեծ լուրջ քայլը հենց այդ առաջնահերթությունը ղեկավարներին ցույց տալն է ու նրանց մոտ գործելու ցանկություն առաջացնելը։
– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունները գիտության զարգացումը չեն դիտարկում որպես առաջնահերթություն` հնարավոր համարո՞ւմ եք, որ պետությունն իրոք առաջիկա մեկ տարում գիտությանը կհատկացնի ՀՆԱ-ի 1%-ի չափով գումար` ենթարկվելով պարտադրանքին` ՊԳՖԱ-ի եւ նման այլ նախաձեռնությունների։
– Պարտադրանքով, իհարկե, ոչինչ անել հնարավոր չէ։ Առավել եւս` որեւէ դրական բան։ Սակայն հնարավոր է մեկ այլ բան` ինչպես ընդունված էր ասել խորհրդային ժամանակներում. «Ճաշակը կարելի է ձեւավորել»: Հետեւաբար, հնարավոր է, որ հասարակության տրամադրության ընդհանուր փոփոխության դեպքում պետության կողմից վճռականորեն գործելու ցանկությունն ավտոմատ կերպով առաջանա:
– Դուք հաճախ եք հարցազրույցներ տալիս, սակայն հետաքրիր է` կա՞ այնպիսի հարց, որը չի տրվել Ձեզ այս ընթացքում, բայց որի մասին խոսելու ցանկություն ունեք:
– Անշուշտ, կան այդպիսի շատ հարցեր. օրինակ, ինձ դեռեւս չեն հարցրել` արդյոք ես անձամբ հավատո՞ւմ եմ, որ առաջիկայում նկատելի փոփոխություններ տեղի կունենան…
– Եվ…
– Այո, իհարկե հավատում եմ: Դե, չնայած… ո՞վ գիտի: Կապրենք` կտեսնենք։
Մանե ՀԱԿՈԲՅԱՆ