Ընտրական տեխնոլոգիաներից Հայաստանում առայժմ ամենից արդյունավետ են աշխատում ընտրակաշառքը եւ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, տրցակներով քվեաթերթիկ լցոնելը: Հետաքրքիր զուգադիպությամբ` որքան շատ վկաների ներկայությամբ է տեղի ունենում լցոնման արարողությունը, այնքան քիչ մարդ է դա տեսնում: Լցոնումը նկատում է միմիայն մրցակից կուսակցության վստահված անձը: Սակայն նրա ասածն էլ լուրջ չի ընդունվում, քանի որ դեռ պետք է ապացուցել: Իսկ մինչ այդ` ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկներն արդեն վաղուց հաշվել է:
Բոլորս գիտենք, որ ընտրությունները կեղծելու եւ անպատիժ մնալու արտոնություն, բոլոր ժամանակներում, ունի իշխանությունը: Մեր օրերում` իշխող Հանրապետական կուսակցությունն ու նրան սպասարկող կուսակցությունները: Հայաստանում ՀՀԿ-ին պաշտոնապես սպասարկում են ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Ոչ պաշտոնապես, ինչպես իրադարձությունների ընթացքն է ցույց տալիս, մնացած բոլոր կուսակցությունները: Ընտրողները պարզ գիտեն, թե իշխանական այս երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, ինչպես են ստանում ընտրողների ձայները: Բաժանում են փող եւ բնամթերք: Կամ տարբեր անվճար ծառայություններով ընտրողին հակում են դեպի տվյալ կուսակցությունը: Այսինքն` բոլոր միջոցներն էլ անազնիվ են: Առանձնացնել այս երեք կուսակցություններից որեւէ մեկին եւ ներկայացնել` որպես կոալիցիայի պատանդ, լուրջ չէ: Այս երեք կուսակցություններն ունեն իշխանության գալու կամ, ավելի ստույգ, իշխանության մեջ մնալու նույն մոտիվները` պահպանել տնտեսական եւ քաղաքական լծակների վերահսկիչ փաթեթը: Միայն այդքանը:
Արդեն անհասկանալի ոլորտ է թեւակոխել կոալիցիոն երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ` իբր սկզբունքային անհամաձայնությունների մասին առասպելը: Տարաձայնություններ հնարավոր են, սակայն միայն մի հարթությունում` փող բաժանելով` ո՞վ ավելի շատ ձայներ կգնի: Այս հարցում ԲՀԿ-ի առավելությունները զգալի են: Ընտրողին ավելի հարազատ է ԲՀԿ-ն, քանի որ կոնկրետ փող է բաժանում` ծառայության, այսինքն` ձայնի համար: ՀՀԿ-ի դեպքում փողը գնում է լյումպենին: Հիմնականում աշխատում է մարդկանց վախեցնելու, աշխատանքից ազատելու սպառնալիքը: Կարճ ասած` ԲՀԿ-ին ձայն են տալիս սիրով` ընտրակաշառքը ծոցագրպանը կամ սառնարանը դնելով, ՀՀԿ-ին ձայն են տալիս տհաճությամբ:
Եվ զարմանալի է, որ մյուս կուսակցությունները փորձում են չնկատել այս երկու կուսակցությունների ընդհանրությունը` նրանց գործելաոճի մեթոդական փոքրիկ տարբերությունը վերագրելով գաղափարական թեժ պայքարին:
ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ արհեստական լարվածություն ստեղծել հնարավոր չէ: Այս երկու կուսակցությունների առաջնորդներն էլ իրենց կազմած նախադասություններում հաճախ են գործածում «ժողովուրդ» բառը: Այնպես չէ, որ անկեղծ չեն: Նրանցից ավելի սքանչելի խոսք ունի ՕԵԿ առաջնորդը: Սակայն ի՞նչ կա ասված բառերի թիկունքին: Ոչինչ:
Եթե իշխանական կուսակցությունների հարցը, ըստ էության, հասկանալի է, ապա լրիվ մութ սենյակ է ընդդիմադիր հավակնություններ ունեցող կուսակցությունների պահվածքը: Եթե ՀԱԿ-ի համար Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն է, եթե ՀԱԿ առաջնորդն ու Ռոբերտ Քոչարյանն առիթի դեպքում միմյանց հասցեին հաճույքով տհաճ խոսքեր են հնչեցնում, ինչո՞ւ է ՀԱԿ-ը փորձում դուր գալ, հաճոյանալ ԲՀԿ-ին, հրապարակայնորեն հայտնել, թե իր թիրախը ՀՀԿ-ն է, թեկնածու չառաջադրել ԲՀԿ առաջնորդի ընտրատարածքում: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն մասնակցում է ընտրությունները կեղծելու գործընթացին նույնքան, որքան ՀՀԿ-ն: Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր ԲՀԿ-ի հետ համաձայնագիր ստորագրել` իբր վերահսկելու ընտրությունների ազնվությունն ու թափանցիկությունը:
Եվ ի սկզբանե վստահություն չի ներշնչում ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ստորագրած համաձայնագիրը` ստեղծելու ընտրությունները համատեղ ուժերով վերահսկելու Հանրային միասնական շտաբ: Սա նշանակում է, որ առնվազն ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն վստահում են ԲՀԿ-ին: Վերջինս էլ` նրանց: «Ժառանգությունն» էլ կստորագրեր համաձայնագիրը, եթե այն ստորագրվեր կուսակցությունների առաջին դեմքերի մակարդակով:
Ընդդիմադիր կուսակցությունների կեցվածքը` իրականությունը նկատել ֆրագմենտալ, ընտրովի, ստիպում է տխուր հետեւություններ անել: Եվ խնդիրն ամենեւին այն չէ, որ կարող ես քո վերաբերմունքն այս կուսակցությունների հանդեպ արտահայտել` չքվեարկելով որեւէ մեկի օգտին: Հիասթափեցնում է, թե ինչպես կարող են այս` տարիքն առած մարդիկ այսքան անազնիվ լինել` ընդհանրապես, ընտրողների հանդեպ` մասնավորապես:
Ընդդիմությունը, հատկապես` ՀԱԿ-ը, իրեն նախապես ազատել է ԲՀԿ առաջնորդի հետ հրապարակային բանավեճի մեջ մտնելու անհարմարությունից: ՀՀԿ ցանկացած անդամ խոցելի է, եւ նրան կարելի է հրավիրել հրապարակային բանավեճի եւ առանց դժվարության հաղթել: Սակայն նույնքան խոցելի են ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Ընդդիմությունը համաձայնության է գալիս իշխանական կուսակցություններից մեկի հետ եւ այդ համաձայնությունը արդարացնելու համար դիմում է պարզունակ քայլի` ԲՀԿ-ն ներկայացնում է որպես ընդդիմություն` իշխանության ներսում: Ընտրողը մոլորվում է` ի վերջո, այս բազմաբղետ փնջից ո՞վ է ընդդիմություն` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», Կոմկուսը, մյուսնե՞րը:
Որքան գիտեմ, այս անգամ քվեաթերթիկում չի լինելու «բոլորին դեմ եմ» տողը: Այս տողի բացակայությունը շատ-շատերին կստիպի պարզապես չգնալ ընտրության: Իսկ չգնալը նշանակում է հենց դա` «բոլորին դեմ եմ»: Կամ` «այնքան եք հոգնեցրել»: