Կրիզիսը բազմիմաստ ու բազմաշերտ երեւույթ է, որի մեջ առկա է էմոցիաների եւ հոգեբանական վերլուծությունների հսկայական մի փունջ: Այն սովորաբար թաքնվում է մարդու ենթագիտակցական դաշտում, հետեւաբար` գիտակցական մակարդակում ճանաչվելուց հետո` մարդը սկսում է աշխատել կրիզիսի վրա:
Անհատի կրիզիսը հաճախ դրսեւորվում է տագնապով, շփոթով, անկարողությամբ ու անտարբերությամբ, իսկ երկրում տիրող կրիզիսն անմիջապես անդրադառնում է անհատի վրա, ով տվյալ դեպքում ավելի շատ ապավինում է ոչ թե իր, այլ երկրի կառավարիչների ուժին: Որքան կրիզիսն է խաղում մարդու հետ, այնքան էլ` գիտակցելուց հետոո մարդը կարող է խաղալ կրիզիսի հետ: Ի դեպ, «կրիզիսը» միջազգային բառ է, որի բացատրության շղթան բավականին հետաքրքիր է. «Որոշում, շրջադարձային կետ. հեղաշրջում, փոփոխվող ժամանակի իրավիճակ, շրջադարձ, իրավիճակ, որտեղ նպատակին հասնելու առկա միջոցները դառնում են ոչ ադեկվատ, ինչի արդյունքում առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ եւ խնդիրներ: Կրիզիսը առաջ է բերում թաքնված հակասություններ եւ անհամաչափություններ: Կրիզիսի վառ օրինակ է հեղափոխությունը: Կարող է դիտարկվել որպես ֆենոմեն (որոշակի անըմբռնելիություն), տնտեսական երեւույթ (գործունեության պայմաններ), քաղաքական, սոցիալական եւ տնտեսական պարագաներ»: Մինչդեռ մշակութաբանական ընկալման տեսանկյունից ընդունված է համարել, որ, ինչպես անհատի, այնպես էլ` հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական դիտակետից վերլուծելիս` կրիզիսը անելանելիությունն է: Այսինքն` պատ, եւ կրիզիսի առկայությունը գիտակցելուց հետո` նաեւ հայտնվում է այն ջարդելու նպատակասլացությունն ու կամքը:
Ապրիլի 10-28-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի է ունենում 16-րդ Արվեստի այլընտրանքային «Կրիզիս-2» խորագրով փառատոնը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «2012-ժամանակակից արվեստի տարի Հայաստանում» նախագծի շրջանակներում եւ նվիրված է ՆՓԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին: Այս օրերին ՆՓԱԿ-ի ցուցասրահները դարձել են կրիզիս երեւույթի` լուսանկարչական արվեստի, ինստալյացիաների, ֆիլմերի եւ արվեստի այլ ձեւերի միջոցով` արձանագրման վայր, որտեղ մարդը կարող է «ճանաչել» այն ամենը, ինչին մշտապես բախվում է, բայց գիտակցական մակարդակում այն չի ընկալում: Ամենամյա Արվեստի այլընտրանքային այս փառատոնը ՆՓԱԿ-ն ամեն տարի ներկայացնում է առանձին կոնցեպցիայով, այլընտրանքային բովանդակային պարունակությամբ` պահպանելով մի սկզբունք. փառատոնը պետք է ժամանակակից արվեստի դաշտ մտնող կայացող արվեստագետներին հնարավորություն տա ներկայանալու պրոֆեսիոնալ տեխնիկայով, պրոֆեսիոնալ համադրությամբ: «Փառատոնի կոնցեպտը հիմնված է այն իրավիճակից, որն առկա է ժամանակակից արվեստի դաշտում, ինչպես նաեւ` սոցիալական եւ քաղաքական իրավիճակից` ընդհանրապես երկրում: Այսինքն` մի իրավիճակ, որտեղ ոչ միանշանակ քաղաքական դիրքորոշում, կամ իրավիճակներ կան: Խնդիրներ` կապված բանակի, վրացական համարանիշերով վարորդների, սոցիալական ակտիվ շարժումների հետ»,- ասում է փառատոնի համադրող Գոռ Ենգոյանը` հավելելով, որ ցուցահանդեսի հեղինակները, արվեստագետներն էլ իրենց հերթին խոսում են նախաձեռնությունների ճգնաժամի մասին: Նա փորձել է կրիզիսը մեկնաբանել ոչ թե որպես փակուղի, այլ` իբրեւ որոշում, շրջադարձային կետ (ներկայացնելով բացատրությունը, որը բառի նեգատիվ բնույթն ինչ-որ կերպ փոխում է): Այլ կերպ ասած` նա փորձել է խաղալ բառի մշակութաբանական ընկալման հետ:
Ի դեպ, 1999թ. նկարիչ Դավիթ Կարեյանը «Կրիզիս» խորագրով ցուցահանդես էր կազմակերպել, իսկ այժմ Գ. Ենգոյանը «Կրիզիս-2» ցուցահանդեսով փորձել է այն ժամանակահատվածի եւ ներկայի միջեւ զուգահեռներ անցկացնել: «Այդ տարիներին բավականին անհանգիստ, քաղաքական դիստաբիլ վիճակ էր: Դ. Կարեյանը ցուցահանդեսն իրականացել էր նոյեմբեր ամսին, եւ Հոկտեմբերի 27-ի դեպքերը դեռ թարմ էին: Այն ժամանակ Դավիթը, իսկ հիմա` ընտրված հեղինակները, ոչ միայն հասկանում են, որ իրենց գործունեությունն ուղիղ կապ ունի իրենց կոնտեքստի հետ, այլ նաեւ ուզում են իրենց շուրջ կատարվող ամեն ինչի ակտիվ մասնակիցը լինել: Քանի որ «Կրիզիսն» իրականացրել էր Դ. Կարեյանը, դրա համար էլ` հիմա փառատոնը կրում է «Կրիզիս-2» խորագիրը»,- ասում է Գ. Ենգոյանը: Ցուցահանդեսում «Արտ-լաբորատորիա» խումբը ներկայացրել է վիդեո, որտեղ խմբի մասնակիցներն ԱԺ դարպասների ճաղերը ներկում են վարդագույն: Լրագրող Անի Գեւորգյանի լուսանկարում ոստիկանը հաճույքով «մատը տնկած» «fuck» է անում մարդկանց, որը շարքային քաղաքացու նկատմամբ իրավապահ մարմնի վերաբերմունքի տիպիկ արտացոլանքն է: Մի խոսքով` ներկայացված է քաղաքական արվեստ, որտեղ ամեն մի գործի մեջ դաջված է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը: Արվեստի մեջ հեղինակների գործունեությունը շատ դեպքերում ավելի քաղաքական է, քան որոշ կուսակցությունների գործունեությունը, ինչն ավելի էսթետիզացված է: Արվեստի միջոցով իրականության փաստագրումն, այնուամենայնիվ, շատ ազդեցիկ եւ ենթատեքստերով է: Գ. Ենգոյանի կարծիքով` արվեստը քաղաքականությունից անջատ դիտարկելը նույնն է թե` վերադառնալ Սովետական արվեստի ընկալման տեսակին, որտեղ ոչ մի դեպքում արվեստը քաղաքականության հետ չպիտի առնչվեր: Այսօր արդեն, շատ արվեստագետներ համարում են, որ այդ մտածելակերպը ռոմանտիկայի ժանրից է: Քաղաքականությունն այսօր դարձել է արվեստի նյութ, եւ արվեստի միջոցով ասելիքը, ընդվզումն ու միտքը հաճախ ավելի դիպուկ է, քան քաղաքական քննարկումները, օրենսդրական նախաձեռնություններն ու դակվող դատավճիռները: «Քաղաքականությունից իրենց զատող հեղինակներն, ի վերջո, ապրում են որոշակի կոնտեքստի մեջ. Նրանք ունեն սոցիալական միջավայր, շրջապատ, եւ իրենց վրա ազդում է հացի գնի թանկացումը: Եթե արվեստագետն ունի ստամոքս` նշանակում է, որ իր գործունեությունը կապված է քաղաքականության հետ: Քաղաքականություն ասելով` նկատի չունեմ կուսակցական կամ գաղափարախոսական պատկանելությունը, այլ` արվեստագետի գիտակցությունը, որ նա ծավալում է մի գործունեություն, որտեղ նա մենակ չէ, որտեղ կա միջավայր, սոցիալական պատասխանատվությունների լծակներ: Մենք սովոր ենք համարել, որ արվեստը ներանձնական, ինտիմ դաշտ է, եւ տարածված կարծիք կա, թե` դու չես կարող հասկանալ, որովհետեւ դու այդպես չես զգում: Ես փորձում եմ արվեստը զգայական դաշտից բացառել. երբ մտնում ես ցուցասրահ, եւ աշխատանքը կամ առարկան քեզ համար զզվելի է, ուրեմն` փորձիր հասկանալ, գուցե հեղինակը փորձում է քեզ հետ զզվանքի՞ մասին խոսել»,- ասում է Գ. Ենգոյանը` հավելելով, որ ինքը փորձում է ներկայացնել այնպիսի արվեստ, որի հետ մարդը պետք է մտնի հաղորդակցության մեջ, եւ ոչ թե արվեստի մասին իր պատկերացումները պրոյեկտի դրա վրա: Այսինքն` արվեստը քաղաքականությունից անջատ դիտարկելը դա ներկայում ապրող անցյալն է: «Միքելանջելոյի քանդակագործությունը արտահայտում էր Ֆլորենցիայի տվյալ ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակը, կամ Լեոնարդո դա Վինչիի նկարներում արտացոլված էր Ֆլորենցիայի Միլանի հետ վարած պատերազմները, եւ նրանք համարվում էին էտալոնային, բայց ներկայացնում էին քաղաքական աշխատանքներ: Մեզ մոտ կա սովետական մտածողության բարդույթ, որը գալիս է հետեւյալ բանաձեւից. գոյություն ուներ որոշակի տաբու, համաձայն որի` արվեստը պետք է միայն ապահովի էսթետիզմ: Դա ստալինիզմի ժամանակ մշակված սոցռեալիզմի մասին կոդեքսն է, որը, թեեւ ժամանակի ընթացքում ձեւափոխվել, 60-ականներին` Խրուշչովի օրոք, ստացել է ազգային էլեմենտներ, այդուհանդերձ, կոնսերվացված վիճակում այսօր մեզ չի թողնում արվեստին նայել իր շրջանակից դուրս: Արվեստը կոնցեպտուալ իմաստով ընդամենը միտք է, ոչ թե ֆորմա»,- ասում է Գ. Ենգոյանը` մատնանշելով ցուցասրահում առկա այն նկարը, որն ավելի շուտ հականկար է: Նկարն իր գեղարվեստականությամբ ծայրաստիճան էսթետիկ է, որն ավելի շատ հականկարչություն է, քան նկարչություն: Գոռ Մկրտչյանի հականկարը երկու հղում ունի` մեկը տանում է դեպի հայկական, ազգայնական ավանդույթ, իսկ մյուսը` հիպիական շարժումներ, որն իրականում այլընտրանք է առաջարկում ներկա ճնշող հասարակարգին: Այնուամենայնիվ, Գ. Ենգոյանը չի ընդունում «քաղաքական արվեստ» բնորոշումը` համարելով, որ այն արվեստի ուղղություն չէ: Պարզապես միջավայրի արձանագրություն է` արվեստի միջոցով: Ինչեւէ, «Կրիզիս-2» ցուցահանդեսն, ըստ Գ. Ենգոյանի` իր հետքը թողնելու է, որովհետեւ գաղափարները միշտ թողնում են հետեւանքներ: Չկա որեւէ միտք, որը թեկուզ թեթեւակի ազդեցություն չունենա միջավայրի վրա: «Օրինակ` մի վիդեո ենք ցուցադրում, որտեղ հեղինակներն ԱԺ-ի դարպասները վարդագույն են ներկում. Դա չի կարող չազդել միջավայրի կամ ավտոմեքենաների այն հոսքի վրա, որն այդ տարածքով անցել է: Եթե իշխանություններն անմիջապես դա ջնջել են, ուրեմն` միանշանակ այն ազդել է միջավայրի վրա»,- վստահեցնում է ցուցահանդեսի համադրողը` ավելացնելով, որ իր կողմից ընտրված «կրիզիս» բառը համաշխարհային կիրառում ունի եւ ավելի ճկուն է, քան ճգնաժամը, հետեւաբար` վերջինը ստուգաբանական իմաստով այնքան էլ միանշանակ չի ընկալվում: «Կրիզիս-2» ցուցահանդեսը հետաքրքիր փիլիսոփայություն ունի այն իմաստով, որ կապված է արտաքին էլեմենտների հետ, այսինքն` մաքուր ժամանակակից արվեստի կոնցեպտուալ դաշտում չէ: Այլ կերպ ասած` մարդիկ, որոնք, միեւնույն է` դա չեն ընկալում որպես արվեստ, այն ընկալում են որպես ինչ-որ կարեւոր բան: Արվեստի անալիտիկ պատկերացում չունեցող կամ` արվեստը միայն պատկերի` «Մասիս սարի», տեսքով ընկալող մարդիկ, տվյալ դեպքում, հասկանում են առարկայի կարեւորությունը, որը հստակ խոսում է իր լեզվով: Հետեւաբար, եթե հասկանում են, ուրեմն` իրենք էլ որոշակի կրիզիսի մեջ են:
Մենք կրիզիսի մեջ ենք, եւ անհրաժեշտ է որոշում կայացնել
Այնուամենայնիվ, «Կրիզիս-2» ցուցահանդեսի համադրող Գ. Ենգոյանի հավաստմամբ` միջավայրում տարածված ինքնանպատակ գործունեության եւ ապակողմնորոշվածության տրամադրություններն արդեն իսկ վկայում են կրիզիսի մասին: Մինչդեռ ճգնաժամի գիտակցության առկայությունն ինքնին ճանապարհ է բացում այն հաղթահարելու համար: Ճիշտ այնպես, ինչպես հոգեկան խնդիրներով մարդը սկսում է բուժվել, երբ գիտակցում է հիվանդության բնույթը. «Երբ գիտակցում ես, որ կրիզիսի մեջ ես` արդեն կարող ես իր հետ ինչ-որ բան անել: Շրջադարձային կետ է, ոչ թե փակուղի: Խնդրահարույց մի իրավիճակ, որից կարելի է այլ եզրակացություններ անել, այլ որոշումներ կայացնել: Ես չեմ ասում` դա հեշտ է, ասում եմ` հնարավոր է»: «Կրիզիս-2» ցուցահանդեսի հեղինակներից Նարե Հովհաննիսյանը` որպես կրիզիսի փաստարկ, ներկայացրել է բեղը սափրող Ադոլֆ Հիտլերի լուսանկարը: Գաղտնիք չէ, որ Երրորդ ռեյխն ամենաէսթետիզացված, ամենասիմվոլացված եւ իկոնայացված քաղաքականությունն էր: «Երբ ֆյուրերը սափրում է սիմվոլը (բեղը), ինքը հայտնվում է կրիզիսի մեջ, իսկ մյուսները` դուրս են գալիս կրիզիսից»,- այսպես է մեկնաբանել Ն. Հովհաննիսյանն իր գործը: ՆՓԱԿ-ի Արվեստի բաժնի ղեկավար, «Ճգնաժամի հիմնը» գործի հեղինակ Սոնա Աբգարյանն էլ կրիզիսի երեւույթը նկարագրել է իր փոքրիկ բանաստեղծության մեջ, որտեղ նաեւ կրիզիսից դուրս գալու համար հեղափոխական կոչեր է անում: «Այս կրիզիսային իրավիճակից միակ ելքը, ինչպես եւ շատերն ինձ նման, տեսնում են իշխանափոխության մեջ կամ հեղափոխական ճանապարհով: Ինձ շատ դուր է գալիս «Իշխանությունը ժողովրդին» լոզունգը: Մարդու արժանապատվությունը պետք է վերականգնվի, եւ նա պետք է հասկանա, որ ամեն ինչի մասնակիցն է, այլ ոչ թե դիտողը»,- ասում է Ս. Աբգարյանը` հավելելով, որ հիմա մարդն ավելի շատ հավատում է իշխանություններին, քան իրեն, որովհետեւ իշխանությունն է այդպես արել: Մարդուն նվաստացնելով, զրկելով արժանապատվությունից, իշխանությունը ստիպում է հավատալ իրեն, այլ ոչ թե` սեփական ուժերին: Սա կրիզիսի գիտակցության մոդելն է, որից դուրս գալու համար անհրաժեշտ է որոշում կայացնել: