«Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության տեսուչները մտնում են բնակարաններ եւ ստուգում` ովքեր են ապրում տվյալ բնակարանում, եւ ինչքան մարդ կա գրանցված»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Այս պահին արդեն ունենք ցուցակներից հիմնավոր հանված 1800-ից ավելի անուն, որոնք մահացած են եղել, բայց նրանց անուններն ընդգրկված են ընտրացուցակներում»,- նշել է նա` ավելացնելով, որ եւ՛ ԶԼՄ-ների, եւ՛ նախընտրական շտաբների կողմից բարձրացված ցանկացած ահազանգի Ոստիկանությունում «պարտավոր են ընթացք տալ»: Պատասխանելով ընտրացուցակների ճշտումների մասին հարցին` Գասպարյանն ընդունել է տարիների ընթացքում կուտակված խնդիրների առկայությունը: Նրանց շարքում նա մատնանշել է ցուցակներում առկա մահացածների անունները, որոնց հարազատները «նեղություն չեն քաշել» հայտնելու: Ինչ վերաբերում է երկրից բացակայող քաղաքացիներին, ապա նա հիշեցրել է, որ խոսքը միգրացիոն գործընթացների մասին է, եւ հետեւել` գտնվո՞ւմ է մարդն արդյոք երկրում, թե՞ ոչ, քվեարկե՞լ է, թե՞ ոչ, անհնարին է: Ըստ նրա` մի քանի օրվա ընթացքում տարբերությունը, շնորհիվ միգրացիայի, կարող է կազմել մի քանի հազար: Այնուամենայնիվ, Գասպարյանը վստահեցրել է, որ Ոստիկանությունը լուրջ վերահսկողություն կիրականացնի: Խոսելով զանազան խախտումների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների մասին` ոստիկանապետը նշել է, որ ամեն ինչ պետք է հիմնավորված լինի: «Հակառակ դեպքում, եթե դա թելադրված է արկածախնդրությամբ, ես կարող եմ շատ հետաքրքիր թեմաներ առաջարկել, բայց` ոչ քաղաքական բնույթի»,- ասել է Վ. Գասպարյանը: Ըստ նրա, թեեւ իշխանությունները զգուշացրել են, որ ընտրախախտումներ ու ընտրության ընթացքում բռնություններ չպետք է լինեն, սակայն կլինեն նաեւ «արջի ծառայություն մատուցողներ»: «Վերեւներում հասկացրել են ամեն ինչ, բայց ներքեւում արդեն երբ անձնական շահերի հարց է բարձրացվում… իհարկե, արջի ծառայություն մատուցողներ կգտնվեն, բայց ես նորից մեկ անգամ եւս ասում եմ, որ անկախ նրանից` որ կուսակցության անդամ կլինեն, անկախ նրանից, ինչ դիրք կզբաղեցնեն, Ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում եւ շատ խիստ է լինելու: Եվ դա սառը ցնցուղ է լինելու ցանկացած արկածախնդրի համար: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ընտրությունները կլինեն ազնիվ եւ արդար, եւ կարծում եմ, որ նրանց արդյունքները մեզ շատ սերտ կմոտեցնեն Եվրոպային»,- հայտարարել է նա: