ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հարկային եւ մաքսային մասնագիտացված լսարանների բացման հանդիսավոր արարողությանը: Կարեւորելով մասնագիտական կրթությունը, ինչպես նաեւ` գործնական հմտությունների առկայությունը, ՊԵԿ-ը փորձում է կադրեր ընտրել` համադրելով այս որակները եւ առաջնությունը տալով խոստումնալից երիտասարդներին` գործող ամենախոշոր տնտեսագիտական հաստատությունից: Այսպիսով` երեկ ՀՊՏՀ-ում բացվեց համակարգչային, հարկային եւ մաքսային մասնագիտացված 3 լսարան, ինչը նշանակում է, որ մագիստրոսական կրթության 2 տարիների ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան հարկային վարչարարություն, մաքսային վարչարարություն եւ տնտեսագետ-վերլուծաբաններ ուղղություններով մասնագիտությունները ստանալ վերանորոգված եւ կահավորված հարմարավետ լսարաններում` համալրված ժամանակակից համակարգչային տեխնիկայով եւ ուսումնառության համար անհրաժեշտ նորագույն այլ սարքավորումներով, որոնց աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են ՊԵԿ աջակցությամբ: «Աննախադեպ գործ ենք սկսել. նախ` մագիստրատուրայի լավագույն շրջանավարտներին հնարավորություն կընձեռվի աշխատանքի անցնել կոմիտեում, մյուս կողմից էլ` լավագույն մասնագետները կհամալրեն մեր կադրային բազան»,- ասել է Գ. Խաչատրյանը` ընդգծելով, որ կրթական այս ծրագրերի շնորհիվ 2 տարի հետո կունենան կադրային լուրջ ռեզերվ: Իսկ ուսումնառության 2 տարիների ընթացքում 100 մագիստրոսներ ոչ միայն խորացված կուսումնասիրեն հարկային եւ մաքսային վարչարարություն, այլեւ հնարավորություն կունենան գործնական պարապմունքներն անցկացնել հենց ՊԵԿ-ում: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը. «Մասնագիտացված այս լսարանները համագործակցության առաջին ծիլերն են: Նոր ուսումնական տարվանից կսկսվեն դասընթացները, միաժամանակ փոխգործակցությունը կշարունակվի մյուս ուղղություններով եւս»: Իսկ Գ. Խաչատրյանի խոսքով` Երեւանի ուսումնական կենտրոնի, շուտով` նաեւ Դիլիջանի ուսումնական կենտրոնի գործարկմամբ միաժամանակ նոր որակ ու մոտեցում կներդրվի ՊԵԿ կադրային քաղաքականությունում եւ ուսումնական գործընթացներում: «Մենք փորձում ենք Դիլիջանի ուսումնական կենտրոնին միջազգային կարգավիճակ շնորհել եւ նաեւ միջազգային փորձագետների միջոցով կազմակերպել ուսումնական գործընթացը»,- ընդգծել է Գ. Խաչատրյանը` հավելելով, որ ՊԵԿ-ը մտադիր է նաեւ անվանական կրթաթոշակ սահմանել լավագույն ուսանողների համար, ինչպես նաեւ` հոգալ անապահով ընտանիքների ուսանողների կրթական ծախսերը: