«ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ԲԸ հայտարարությունը Քաջարան գյուղի եւ հարակից տարածքներին առնչվող խնդիրների վերաբերյալ

14/04/2012

Հարգելի քաղաքացիներ

«ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ընկերությունը, որպես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հիմնական բաժնետեր, անհրաժեշտ է համարում իր դիրքորոշումը ներկայացնել ՀՀ Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու եւ այդ տարածքները ԶՊՄԿ-ին տրամադրելու շուրջ ծագած իրավիճակի կապակցությամբ:

ՀՀ Կառավարության հիշատակված որոշումը բնապահպանական եւ այլ ուղղվածության որոշ հասարակական կազմակերպությունների, խմբերի եւ առանձին անձանց մոտ ոչ միանշանակ արձագանք է գտել եւ բերել այն մտահոգության, որ`

– Այդ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահի ճանաչումը եւ դրանց հանձնումը մասնավոր հանքարդյունաբերական ընկերությանը իրավաչափ չէ։

– Քաջարան համայնքի բնակիչների տեղահանումը կնպաստի ՀՀ-ից արտագաղթին, ինչպես նաեւ սահմանամերձ գոտու բնակավայրերի թուլացմանը։

– Արդյունահանման տարածքների ընդլայնումը պայմանավորված է ոչ թե արտադրական անհրաժեշտությամբ, այլ միայն նպատակ է հետապնդում ավելացնել ընկերության շահույթը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» հիմնադրվել է 1951թ.` Քաջարանի հանքավայրը շահագործելու նպատակով: Քաջարանի հանքավայրը ներառում է ներկայիս շահագործվող հանքը, ինչպես նաեւ Ողջի գետի ձախ ափին գտնվող տարածքները, որտեղ եւ տեղակայված է Քաջարան գյուղը: Գետի հոսանքն ի վար տեղակայված է կոմբինատը եւ Քաջարան քաղաքը, որն ունի շուրջ 7000 բնակչություն:

ԶՊՄԿ-ն Հայաստանի Հանրապետության առաջատար արդյունաբերական ընկերություն է, որի արտադրանքն իրացվում է արտաքին շուկաներում, ինչի արդյունքում ապահովվում է հանրապետության արտարժույթի ներհոսքի զգալի մասը: Միաժամանակ, արտաքին շուկաներում ձեռք բերված ֆինանսական միջոցները ծախսվում են Հայաստանում` նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը: Օրինակ, 2011թ. ընթացքում կոմբինատն իր կենսագործունեությունն ապահովելու նպատակով տեղական 347 ընկերությունների հետ կնքել է ապրանքների ձեռքբերման եւ ծառայությունների մատուցման շուրջ 44.2 մլրդ ՀՀ դրամի պայմանագրեր եւ գործարքներ: Կոմբինատը ներկայում ունենալով 3200 աշխատակից, Քաջարան քաղաքի համար, ըստ էության, հանդիսանալով քաղաք ձեւավորող ձեռնարկություն, իր աշխատակիցների, նրանց ընտանիքի անդամների, ասել է թե` համայնքի բնակչության համար ապահովում է միջին հանրապետականից բարձր կենսամակարդակ:

Ավելորդ չենք համարում նաեւ նշել, որ կոմբինատի կողմից արտադրվող մոլիբդենի խտանյութն ամբողջությամբ վերամշակվում է Հայաստանում` Երեւանում գտնվող ձեռնարկությունների կողմից, որոնք իրենց հերթին` ունեն մոտ 1000 աշխատակից: Այսպիսով, անվիճարկելի է, որ ԶՊՄԿ-ն, ինչպես Սյունիքի տարածաշրջանի, այնպես էլ ողջ հանրապետության տնտեսական կայունության եւ շարունակական զարգացման երաշխիքներից մեկն է:

«ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ընկերությունն անվերապահորեն ընդունելով իր` որպես ներդրողի, պատասխանատվությունը Հայաստանի ազգային արժեքներից մեկի` ԶՊՄԿ-ի գործունեության համար, կոմբինատի տնօրինության հետ համատեղ իրականացնում է հանքարդյունահանման երկարաժամկետ պլանավորում եւ օգտակար հանածոների հավասարակշռված արդյունահանում: Մեր այս մարտավարությունը թեեւ նվազեցնում է ընկերության այսրոպեական շահույթը, սակայն երաշխավորում է Հայաստանի համար բացառիկ տնտեսական նշանակություն ունեցող հանքավայրի երկարակեցությունը:

Հպարտությամբ կարող ենք փաստել, որ «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ընկերությունն անշեղորեն կատարում է իր ներդրումային պարտավորությունները: Վերջին տարիներին իրականացված շուրջ 500.000.000 դոլարի ներդրման շնորհիվ ապահովվել է ձեռնարկության անխափան աշխատանքը, եւ այսօր կոմբինատն իր տեխնիկական հագեցվածությամբ ու արտադրական հզորությամբ առնվազն չի զիջում համաշխարհային լավագույն օրինակներին:

Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է նաեւ ԶՊՄԿ-ի աշխատանքների կազմակերպման բնապահպանական բաղադրիչը: Չնայած սեփականաշնորհումից հետո ստացած ծանր ժառանգությանը, մենք լուրջ ծրագրեր ենք իրականացրել առկա բնապահպանական իրավիճակի ուսումնասիրության եւ բարելավման նպատակով: Մասնավորապես, փակվել է մոլիբդենի խտանյութի թրծման վնասակար արտադրությունը, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել հնացած պոչատարների փոխարինման եւ պոչամբարների ռեկուլտիվացիայի ուղղությամբ, միջազգային առաջատար ընկերությունների միջոցով կատարվել են առկա հիդրոտեխնոլոգիական շինությունների կայունության եւ վերակառուցման գնահատումներ:

Չբավարարվելով ձեռք բերածով եւ հասկանալով հարցի կարեւորությունը, մենք նպատակադրված ենք միջնաժամկետ հեռանկարում, ՀՀ գործող օրենսդրության պահանջների կատարումից բացի, ապահովել միջազգային ստանդարտների կիրառում կոմբինատի կենսագործունեությունում:

Մեզ համար առաջնահերթությունների շարքում է բիզնեսի սոցիալական պատասխանատվության խնդիրը: Ֆինանսատնտեսական ճգնաժամի ծանր տարիներին բաժնետերերը, ինչպես նաեւ` ԶՊՄԿ-ի տնօրինությունը, համախմբելով ունեցած ողջ ներուժը եւ հնարավորությունները, ապահովել են կոմբինատի բնականոն եւ անխափան աշխատանքը: Ի տարբերություն ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում գործող շատ հանքարդյունաբերական ընկերությունների, մեզ հաջողվել է նույնիսկ մետաղների գների աննախադեպ անկման պարագայում պահպանել բոլոր աշխատատեղերը եւ սովորականի նման, առանց ուշացումների, վճարել աշխատավարձ:

ԶՊՄԿ-ի բաժնետերերի որոշմամբ` տարեցտարի զգալի միջոցներ են տրամադրվում (ոչ պակաս, քան 3 մլրդ ՀՀ դրամ) սոցիալական ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք իրականացվում են Հայաստանի ողջ տարածքում: Հաշվի առնելով ԶՊՄԿ աշխատակիցների անգնահատելի ներդրումը, բաժնետերերն ընկերության տարեկան զուտ շահույթի 5%-ն ուղղում են ընկերության աշխատակիցների պարգեւավճարների ֆոնդին, որի արդյունքում ԶՊՄԿ-ի ողջ աշխատակազմն ուղղակիորեն դառնում է ձեռնարկության հաջողությունների շահառուն:

Ամփոփելով ասվածը, ցանկանում ենք լայն հասարակության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ գործող հանքի ընդլայնումը բացառապես պայմանավորված է ԶՊՄԿ գործունեության երկարաժամկետ պլանավորմամբ եւ նախատեսված է թե խորհրդային շրջանի նախագծերով, եւ թե գործող կոնցեսիոն համաձայնագրով: Կոմբինատի գործունեությունը ոչ միայն չի նպաստում բնակչության արտագաղթին, այլ` հակառակը, ռազմավարական նշանակություն ունի սահմանամերձ շրջանի ամրապնդման եւ տնտեսական զարգացման համար: ԶՊՄԿ-ի եւ տեղական ենթակապալառու կազմակերպությունների հազարավոր աշխատակիցներ` կոմբինատում կայուն եւ երաշխավորված եկամուտ ունենալու շնորհիվ, իրենց եւ զավակների ապագան կապում են Հայրենիքի հետ: Ձեւավորվել եւ գործում է մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող աշխատակազմ, մարդիկ կապված են իրենց աշխատանքային կոլեկտիվին, մասնագիտական ժառանգորդության սկզբունքով շատ ընտանիքների համար կոմբինատը դարձել է հարազատ օջախ: ԶՊՄԿ-ն այսօր իր աշխատակիցների հպարտությունն է, եւ անվիճելի է նրա համազգային նշանակությունը: Մենք համապատասխան տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու փաստը համարում ենք լիովին հիմնավորված, որը երաշխավորելու է Հայաստանի արդյունաբերական հսկայի` ԶՊՄԿ-ի հետագա շարունակական աշխատանքը:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ թեեւ վերոհիշյալ խնդրի վերաբերյալ տարբեր հասարակական կազմակերպությունների եւ անձանց կողմից բարձրացվող հարցերը եւ արվող եզրահանգումները ոչ միշտ են կրում կառուցողական բնույթ եւ հաճախ նույնիսկ աղերսներ չունեն իրերի իրական դրության հետ, այնուամենայնիվ, մենք ողջունում ենք կառուցողական քննադատությունը եւ քննարկումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ` խնդիրների հնարավոր հանգուցալուծումներն ապահովելու համար գիտակցելով, որ քաղաքացիական հասարակության նման ակտիվությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում էական նշանակություն ունեցող ձեռնարկության գործունեության մտահոգությամբ:

Եզրափակելով` նշենք, որ «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ընկերությունը վերահաստատում է իր դիրքորոշումը` խնդիրները լուծել քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության սկզբունքով: ԶՊՄԿ-ի տնօրինությունը բաժնետերերի կողմից լիազորված է, հաշվի առնելով կողմերի օրինական շահերն ու իրավունքները, փնտրել փոխզիջումային լուծումներ:

ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ԲԸ-ի ներկայացուցչություն
R